Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական բաժինը 2025 թվականին ներդնում է նոր՝ «Անձնական օգնականի ծառայություն» ծրագիրը: Ծրագրի համաձայն, 18 տարեկանից բարձր սահմանափակ կարողություն ունեցող յուրաքանչյուր անձ կարող է օգտվել այս ծրագրից՝ ունենալ անձնական օգնական։ Ախալքալաքում այս ծրագրի շահառու կարող է դառնալ մոտ 10 մարդ։
Այս ծրագիրը Վրաստանում գործում է 2022 թվականից և իրականացվում էր Աշխատանքի և սոցիալական աջակցության նախարարության կողմից։ 2025 թվականից այս ծրագիրը կիրականացնեն մունիցիպալիտետների քաղաքապետարաների սոցիալական բաժինները։
«Անձնական օգնականի ծառայությունը» այնպիսի ծառայություն է, որը համապատասխան օգնություն է ցուցաբերում սահմանափակ կարողություն ունեցող անձին՝ բարելավելու ինքնուրույն կյանքի որակը և բարձրացնելու սեփական կյանքի նկատմամբ վերահսկողությունը, այդ թվում՝ կրթության ընթացքում, աշխատանքի ընթացքում, հանրային ծառայություններից օգտվելիս կամ առօրյա գործունեությամբ զբաղվելիս։
Ախալցիխեի, Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ասպինձայի մունիցիպալիտետների համար ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է 1 մլն լարի։ Քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական աջակցության բաժնի ղեկավար Անահիտ Յորդանյանի խոսքով, Ախալքալաքի մունիցիպալիտետում ծրագրի մոտ 10 պոտենցիալ շահառու կա։ Ֆինանսավորումը տեղական բյուջեից չէ, սակայն այդ միջոցների բաշխումը կիրականացնի քաղաքապետարանը և այն ընկերությունը, որը շահառուներին կտրամադրի հավաստագրված օգնականներ և կմատուցի բարձրորակ ծառայություն:
Քաղաքապետարանի աշխատակազմին կից Առողջապահության և սոցիալական աջակցության բաժնի ղեկավար Անահիտ Յորդանյանն այս ծրագիրը պատգամավորներին ներկայացնելիս նշեց, որ օգնականների ծառայությունները երկու տեսակի են՝ կանոնավոր և հատուկ։
1. Կանոնավոր օգնության ծառայությունը դա աջակցության տեսակ է, որը տրամադրվում է ֆիզիկական, զգայական, թեթևից միջին ծանրության մտավոր արատներ և հոգեսոցիալական կարիքներ ունեցող անձանց, որը չի պահանջում հատուկ նախապատրաստում կամ վերապատրաստման դասընթացի անցում: Այս փուլում բավական է ավարտել ընդհանուր/հիմնական վերապատրաստման դասընթացը:
2. Մասնագիտացված աջակցության ծառայություն՝ սա օգնության տեսակ է ծանր և խորը հոգեկան խանգարումներ ունեցող, ֆիզիկական ծանր խանգարումներ ունեցող, ինչպես նաև բազմակի խանգարումներ ունեցող անձանց, որը պահանջում է հատուկ/լրացուցիչ վերապատրաստում՝ վերապատրաստման դասընթացի անցում:
Սահամանափակ կարողություն ունեցող ցանկացած անձ, ով ունի կարգավիճակ և բժշկի տեղեկանք, եթե իրեն անհրաժեշտ է անձնական օգնական, կարող է դիմել մունիցիպալիտետ՝ անհատական օգնականի ծրագրում ընդգրկվելու նպատակով: Քաղաքապետարանը կապ է հաստատում համապատասխան ընկերության հետ, ով կարող է մատուցել այս ծառայությունը։ Ընկերությունը շահառուի հետ պայմանագիր կկնքի, և նա կստանա այդ ծառայությունը։
Ախալքալաքի մունիցիպալիտետում դեռ նման ընկերություն չկա, բայց կա մեկ հավաստագրված օգնական, թեեւ մեկ անձը չի կարող սպասարկել 10 շահառուի։
Կանոնավոր օգնության ծառայությունը չպետք է գերազանցի ամսական 60 ժամը և 1 ժամն արժե 12 լարի, իսկ մասնագիտացված ծառայության համար՝ ամսական ոչ ավելի, քան 120 ժամ և 1 ժամն արժե 13 լարի։
Օգնականն օգնում է սահմանափակ կարողություն ունեցող անձին տնային գործերում, եթե անձը չի կարողանում իր մասին հոգ տանել, օգնում է հաղորդակցության հարցերում, բժշկական և այլ ծառայություններ ստանալու հարցում։
Անձնական օգնական ծառայության ծրագրի մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այս հղմանը: