
Հարյուր հազարավոր լարիներ են ծախսվել, բայց Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակ գյուղում կառուցված ամբուլատորիան լիարժեք դեռ չի ծառայում բնակչությանը։
«Այսօրվա իրականությունն այն է, որ ունենք ժամանակակից կահավորված և սարքավորմամբ ամբուլատորիա։ Երբ այն գործում է, մենք՝ բնակիչներս այցելում ենք։ Մեր գանգատները բժշկուհուն ասում ենք, իսկ որ օրը որ չի գործում ստիպված գնում ենք Ախալքալաք», – ասաց Զակ գյուղի բնակիչ Մարգարիտ Սպերցյանը։
Վերջինս հավելում է, որ հենց բնակիչները չեն հետաքրքրվում, թե ինչու ամենօրյա ռեժիմով չի գործում ամբուլատորիան, որտեղ տեղադրված է հեռաբժշկության սարքավորումներ։
Զակում նշում են՝ Թբիլիսից նույնպես եկել են բժիշկներ, հավաքագրել են տեղի բնակիչներին ու ստուգումներ իրականացրել։
Մարգարիտ Սպերցյանը հարց է տալիս․ «Ինչու՞ առաջին բուժօգնություն ստանալու համար պետք է սպասենք շտապօգնությանը, եթե հնարավոր է տեղում ստանալ բուժօգնություն»։
Ի տարբերություն Մարգարիտի, Գյուլիզարը գոհ է ամբուլատորիայի մատուցած ծառայություններից։
«Անձամբ ես գոհ եմ, եթե ամեն օր գործի շատ ավելի լավ կլինի, բնակիչները կհաճախեն, իրենց բուժումներն անվճար կստանան։ Գյուղացիները գալիս են իրենց գանգատներն ասում են բժշկուհուն, նա բոլորին ընդունում ու ճանապարհում է։ Նախօրոք բնակիչներիս տեղյակ են պահում, թե որ օրը պետք է գան բժիշկները», – ասաց Գյուլիզար Գասպարյանը։
Ըստ օրենքի, ամբուլատորիան շաբաթը երեք օր պետք է բաց լինի և ընդունի հիվանդներին։ Սակայն գյուղում որևէ մեկը հստակ չկարողացավ նշել, թե օրինակ՝ շաբաթվա ո՞ր օրերին կամ քանի՞ օր է իրականում բաց լինում ամբուլատորիան։ Jnews-ը երկու ամսում երկու անգամ եղավ Զակում, պարզելու արդյո՞ք ձմռանը գործում է Զակի ամբուլատորիան, սակայն երկու անգամն էլ կանգնեց փակ դռների առջև։ Այնուհետև Jnews-ը կապ հաստատեց «Վրաստանի բժշկական հոլդինգ»-ի հետ, որտեղից ուղղորդեցին Առողջապահության նախարարություն, իսկ այնտեղից պատասխանեցին, որ տեղյակ չեն և ճշտելուց հետո կտեղեկացնեն։ Արդեն երկու շաբաթ է սպասում ենք նախարարության պատասխանին։ Չնայած մենք պաշտոնական պատասխան չունենք, թե ինչու լիարժեք չի գործում ամբուլատորիան, սակայն Jnews-ը անցած տարի ևս մի քանի անգամ անդրադարձել էր այս խնդրին և պարզել, որ ջեռուցման համակարգի պատճառով ձմռանը չէր գործում, իսկ այս տարի ինչ պատճառով է, մեզ չհաջողվեց պարզել։
Ընդգծենք, որ 2019 թվականին Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ Զակ գյուղում կառուցվեց ամբուլատորիա: Այն կառուցվել է շատ սերմ ժամկետներում 2019-2020 թվականներին, որը շահագործման է հանձնվել 2021 թվականին։ Ամբուլատորիայի կառուցման համար ծախսվել է 86 718 լարի։ Արդեն չորրորդ տարին է ամբուլատորիան լիարժեք չի գործում։