
Ամեն տարի պետությունը 40 մլն լարի է հատկացնում «Օգնություն գյուղին» ծրագրին (ՕԳԾ), որը գործում է արդեն 15 տարի և գյուղերին միջոցներ է հատկացնում զարգացման համար։ Սակայն, չնայած ամեն տարվա ֆինանսավորմանը, Ախալքալաքի գյուղերում կտրուկ փոփոխություններ չեն նկատվել, որոնք ազդեին տեղի բնակիչների կյանքի որակի վրա: Ինչպես են օգտագործվում ՕԳԾ միջոցներն այս գյուղերում, որոնք են ծրագրի նպատակները և ինչպես են դրանք իրականացվում:
ՕԳԾ-ն գյուղի զարգացմանն ուղղված ծրագիր է։ Այս ծրագրով յուրաքանչյուր գյուղին հատկացվում է ֆինանսավորում, որից հետո բնակիչները որոշում են այդ միջոցներն օգտագործելու առաջնահերթ ուղղությունները: Այնուհետեւ սկսվում է դրանց իրականացումը։ Ծրագրի գաղափարը հետաքրքիր և ժողովրդավար է քաղաքացիական մասնակցության տեսանկյունից, սակայն արդյունքները մնում են համեստ պայմանավորված սահմանափակումներով և մի շարք մանրամասներով։ Դիտարկենք դրանցից մի քանիսն ավելի մանրամասն:
Սահմանափակ միջոցներ – սահմանափակ արդյունքներ
Ախալքալաքի մունիցիպալիտետում, ինչպես նաև ողջ Վրաստանում ՕԳԾ-ի պետական ծրագիրը գործում է արդեն 15 տարի՝ սկսած 2009թ.-ից: Այն կասեցվել է 2017 և 2018 թվականներին, սակայն 2019 թվականից գործում է ամեն տարի։
Ծրագրի սկզբում յուրաքանչյուր գյուղի համար ՕԳԾ-ով գումարները տարբերվում էին և վերահաշվարկվում էին ամեն տարի: Նախնական գումարը որոշվում էր ելնելով գյուղերի բնակչության թվից, բոլոր գյուղերին հատկացված նվազագույն գումարին ավելացվում էր գումար՝ կախված բնակիչների թվից: Փոքր գյուղերը ստանում էին ավելի փոքր գումարներ, իսկ խոշոր գյուղերը՝ զգալիորեն ավելի շատ: Ախալքալաքի մունիցիպալիտետի համար գումարները տատանվում էին 6000-8000-ից մինչև 52000-53000 լարիի սահմաններում: 2019 թվականին ծրագրի վերսկսումից հետո ծախսերի հաշվարկը փոխվել է․ Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ի նվազագույն գումարն այժմ 10000 լարի է, իսկ առավելագույնը՝ 20000 լարի։ Բնակչության թվից կախված գյուղերը կարող են ստանալ 12000 լարի կամ 16000 լարի։
ՕԳԾ-ի բյուջեն 2019 թվականից մնացել է անփոփոխ և կազմում է 40 մլն լարի, որից 3 մլն 366 հազար լարի է հատկացվել Սամցխե-Ջավախքի շրջանին։ Ախալքալաքի մունիցիպալիտետը ստանում է 922 000 լարի
Մինչև վերահաշվարկը Ախալքալաքն ըստ ՕԳԾ-ի ստանում էր ավելի շատ գումար, օրինակ՝ 2015 թվականին այդ գումարը կազմել է 1 067 601 լարի, իսկ 2016 թվականին՝ 1 111 730 լարի։
Ծրագրի շրջանակներում, սկզբում, գյուղերում խոշոր ծրագրեր չեն իրականացվել, քանի որ ոչ բոլոր տեսակի աշխատանքներն էին թույլատրվում: Տեղի բնակիչներին տրամադրվում էր սահմանափակ ցանկ: 2017 թվականին ծրագրի անսպասելի դադարեցումից հետո Ախալքալաքի շատ գյուղեր մնացին անավարտ ծրագրերով և զգուշանում էին նորերը սկսել, կասկածելով ծրագրի ապագայի վրա։ ՕԳԾ-ով 2017 թվականի անավարտ աշխատանքների ավարտումը ֆինանսավորվել է տեղական բյուջեից, և այդ նպատակով Ախալքալաքի մունիցիպալիտետը հատկացրել է 800 000 – 900 000 լարի։
Ծրագրի վերսկսվելուց և ամեն տարի շարունակվելուց հետո որոշ գյուղեր «համարձակվեցին» մեծ ծրագրեր սկսել և մի քանի տարվա ընթացքում կատարել դրանք։ Նման նախագծերից էր Խանդո գյուղի մարզադահլիճը։ Գյուղը ՕԳԾ-ի միջոցները 2021 թվականից հատկացրեց երիտասարդներին մարզադահլիճի կառուցման համար, սակայն չգիտեն, թե քանի տարի կպահանջվի շինարարությունն ավարտին հասցնելու համար։ Խանդոն մունիցիպալիտետի համեմատաբար մեծ գյուղերից է և տարեկան ստանում է մունիցիպալիտետում առավելագույն գումարը՝ 20 000 լարի։ 2021 թվականին կառուցվել են հիմքը և հենասյուները։
Լուսանկարը JNEWS-ի արխիվից: Խանդո գյուղի մարզադահլիճ, 2021 թվականի ամառ
Գյուղացիները ուրախ են մարզադահլիճի կառուցման համար, հույս ունենալով, որ այն կպահի երիտասարդներին, սակայն ձգձգվող շինարարությունն անհանգստացնում է նրանց, ծրագիրը նախաձեռնող սերունդը գուցե այլեւս չկարողանա օգտվել այս մարզասրահից։
«4 տարի է չեն կարողանում կառուցել, ու չգիտես 4 տարում էլ կվերջացնեն, թե ոչ: Ամեն տարի ինչ-որ գործ են անում: Լավ է, որ կառուցում են, բայց ձգձգում են: Պետք էր արագ կառուցել, պետությունը ցանկության դեպքում կարող էր կառուցել չորս տարվա ընթացքում: Դեռ շատ գործ կա անելու, ավելին, քան արվել է՝ հատակները, սվաղը, ջեռուցումը, պատուհաններըլ։ Գյուղից 4 երիտասարդ, այդ թվում եղբորս տղան, տաքսիով գնում են Կորխ գյուղ սպորտով զբաղվելու։ Ամեն ընտանիք չի կարող դա իրեն թույլ տալ»,- ասում է Խանդո գյուղի բնակիչ Վլադիմիր Շիրինյանը։
Խանդո գյուղի մարզադահլիճը: 2023 թվականի գարուն: Լուսանկարը JNEWS արխիվից
Այսօրվա դրությամբ կառուցվել են միայն շենքի պատերն ու տանիքը, այն էլ ոչ միայն ՕԳԾ-ի միջոցներով։
Պետական աուդիտի ծառայությունը ստուգել է Ախալքալաքի մունիցիպալիտետի 2020-2021թթ. գործունեությունը: Աուդիտի հաշվետվությունում նշվում է, որ որոշ միջոցները ծախսվել են անարդյունավետ, և «Օգնություն գյուղին» ծրագրում բազմաթիվ ծրագրեր մնացել են անավարտ: Դրանից հետո տեղական բյուջեն սկսեց միջոցներ հատկացնել ՕԳԾ-ով սկսված աշխատանքներն ավարտելու համար։
2024 թվականին մոտ 30 գյուղ ստացել է հավելյալ միջոցներ։ Խոշոր աշխատանքներն ամբողջությամբ կամ առանձին բաղադրիչներ ավարտելու համար, տեղական բյուջեն ավելացրել է ՕԳԾ-ի գումարի մինչև 200%-ը: Գումարը յուրաքանչյուր գյուղի համար սահմանվել է անհատական։
2024 թվականին Խանդո գյուղը տեղական բյուջեից ստացել է ավելի քան 30,000 լարի, որը կազմում է ՕԳԾ-ի գումարի 150%-ը։ Շենքի տանիքի կառուցման մրցույթը հայտարարվել էր 2024 թվականի վերջին՝ 50 061 լարիի չափով։
Խանդո գյուղի մարզադահլիճը 2025 թվականի հունվարին
Սահմանափակ առաջնահերթություններն ու կարճաժամկետ արդյունքները
ՕԳԾ-ի առաջին տարիներին գյուղերը հիմնականում միջոցները ծախսում էին ծիսակատարությունների տների վերանորոգման, գույքի ձեռքբերման, գերեզմանոցների ցանկապատման, ճանապարհների վերականգնման և որոշ այլ աշխատանքների վրա: Ծրագրի 4-5-րդ տարում գյուղերը սկսեցին ներդրումներ կատարել երկարաժամկետ ծրագրերում, ինչպիսիք են ջրատարների վերականգնումը և ջրամբարների կառուցումը: Վերջին տարիներին փողոցների գիշերային լուսավորությունը դարձել է գյուղերի հանրաճանաչ առաջնահերթությունը։ Սակայն, ոչ բոլոր աշխատանքները կարող են ֆինանսավորվել ՕԳԾ միջոցներից։ Արգելված աշխատանքներից են դպրոցների վերանորոգումը, գազաֆիկացումը և էլեկտրաֆիկացումը, բացի փողոցների լուսավորությունից և որոշ այլ աշխատանքներից:
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում, որտեղ բնական գազ չկա, գյուղի խնդիրների մասին բոլոր խոսակցությունները տանում են գազի բացակայության խնդրին, իսկ ցանկալի փոփոխությունն անվանում են գազի անցկացումը։ Սուլդա գյուղն այն գյուղերից է, որը գազաֆիկացված չէ, ամեն անգամ գյուղացիներն առաջարկում են ՕԳԾ-ի գումարն օգտագործել գյուղի գազիֆիկացման համար, սակայն դա չի թույլատրվում։
Լուսանկարը JNEWS-ի արխիվից, Սուլդա գյուղում առաջնահերթ աշխատանք ընտրելու ժողով, 2023 թ.:
Սուլդա գյուղի ՕԳԾ-ի գումարը կազմում է 16 000 լարի։ 2024 թվականին Սուլդա գյուղի ՕԳԾ գումարը ծախսվել է գյուղի ներքին ջրամատակարարման գծի վերականգնման և անասունների համար ջրամբարի վերանորոգման վրա։
ՕԳԾ-ի շրջանակներում թույլատրվում է իրականացնել հետևյալ առաջնահերթությունները՝ խմելու ջրի մատակարարման համակարգ (ներառյալ ջրհորեր և ջրատարներ), շենքերի հիմքեր, մաքրման համակարգեր, հորեր, ոռոգման համակարգեր, դրենաժներ, կամուրջներ, վանդակաճաղեր, անցումներ, լուսավորություն, դպրոցների և նախադպրոցական հաստատությունների շրջակայքի բարեկարգում, ամբուլատորիաների սարքավորումներ և սպորտային ենթակառուցվածքներ, խաղահրապարակներ և զբոսայգիներ գույքով, խոնավ սենյակներ և լոգասենյակներ, ջրաղաց, գերեզմանատների ցանկապատում և բարեկարգում, հիդրոէլեկտրակայաններ և դրանց վերականգնում, օբյեկտների հասցեների և աշխարհագրական նշանների տեղադրում, տուրիստական նշանների տեղադրում: 2025 թվականի ծրագրի առաջնահերթություններում ներառված է նաև տրանսպորտի գնումներ:
Առաջնահերթությունները հաճախակի փոխվում էին: 2020 թվականին ՕԳԾ-ի գումարը հնարավոր չէր օգտագործել ծիսակատարությունների տների, գերեզմանոցների բարեկարգման և մշակութային տների վերանորոգման համար, թեև դա նախկինում թույլատրված էր։ 2021-ին թույլատրեցին ծախսել ծիսակատարությունների տների վրա, բայց ոչ մշակութային տների։ Երբեմն ժողովների ժամանակ մարդիկ դժգոհում են, որ այն ինչի վրա իրենց թույլատրում են ծախսել ՕԳԾ-ի գումարը, իրենց պետք չէ, իսկ այն ինչ իրենց անհրաժեշտ այդ աշխատանքը չի կարելի ֆինանսավորել։
2021 թվականի փետրվար, ՕԳԾ-ի ժողով Խորենիա գյուղում։ Բնակիչները դժգոհ են, որ իրենց թույլ չեն տալիս ավարտել Օգնություն գյուղին ծրագրով մեկնարկած Մշակույթի տան վերանորոգումը, որը ծառայում է նաև որպես ծիսակատարությունների տուն։
ՕԳԾ-ի միջոցներից շատերը ծախսվել են կարճաժամկետ արդյունքներով աշխատանքի վրա։ Գյուղերն իրենց ՕԳԾ-ի միջոցներն կամ դրանց կեսը ուղղորդել են գյուղի ներքին ճանապարհները հարթեցնելու և խճաքարով լցնելու համար: Այս աշխատանքի արդյունքները «լվացվում» են առաջին հորդառատ անձրեւների հետ։
Քաղաքացիական մասնակցություն
Գյուղի բնակիչներն ընդհանուր ժողովում իրենք են որոշում, թե ինչի վրա ծախսեն ՕԳԾ գումարը։ Ժողովին մասնակցում են նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ներկայացուցիչները, նրանք ընտրական գործընթացին միջամտելու իրավունք չունեն, այլ միայն ղեկավարում են ժողովի գործընթացը:
Թվում է թե այս ծրագիրն ապահովում է քաղաքացիական մասնակցությունը, որը պետք է ապահովեն տեղական իշխանությունները, «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» համաձայն։ Սակայն, այն ֆորմալ է ապահովվում։
Գյուղերում առաջնահերթ աշխատանք ընտրելու ժողովներին սովորաբար քիչ մարդիկ են հավաքվում, բնակչության ներգրավվածությունը պատշաճ մակարդակի վրա չէ: Ընտրության համար պետք է ներկա լինի գյուղի բնակչության 20%-ը, հակառակ դեպքում ժողովը համարվում է չկայացած, բայց դա հաճախ չի պահպանվում։ Կանայք ժողովներին մասնակցում են եզակի դեպքերում։ Նրանք չեն համարում, որ դա կանացի գործ է:
Ալաթուման գյուղի բնակչուհի Սուսան Տոնոյանն ասում է, որ գիտի ժողովների մասին, բայց չի մասնակցում. «Դա տղամարդու գործ է, կանանց հետաքրքիր չէ»։
Հաճախ ժողովների ժամանակ բնակիչները չեն կարողանում առաջնահերթություն ընտրել, հավաքվածների կարծիքները տարբերվում են: Եթե գյուղացիները չեն կարողանում ինքնուրույն ընտրել առաջնահերթությունը, ապա մունիցիպալիտետի ղեկավարությունը կարող է դա անել ուսումնասիրելով ժողովի մասնակիցների առաջ քաշած առաջնահերթությունները:
Լուսանկարը JNEWS արխիվից: Մերենիա գյուղում 2019 թվականին, երկար ու բուռն վիճաբանություններից հետո, բնակիչների ժողովն ավարտվեց առանց առաջնահերթ աշխատանք ընտրելու
Հաճախ ժողովները ցանկալի արդյունք չեն տալիս։ Բնակիչները ժողովից հետո սկսում են խոսել կարևոր հարցերի մասին, և արդյունքում առաջնահերթությունները փոխվում են տարվա ընթացքում։ Այսպես, Դադեշ գյուղում 2020 թվականին երեք անգամ փոխել են աշխատանքը, ի վերջո կանգ առել գյուղի կամրջի վերականգնման վրա, ինչի արդյունքում աշխատանքները միայն դեկտեմբերի վերջին են ավարտվել։
Վերջին 15 տարիների ընթացքում Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերը զարգացել են, բնակիչները ձգտում են ավելի լավ կյանքի և ավելի մեծ պահանջներ ունեն։ Ոմանք, ովքեր չեն կարողանում հաշտվել առկա խնդիրների հետ, լքում են գյուղը և ավելի լավ կյանքի փնտրտումով տեղափոխվում այլ վայրեր։ Ախալքալաքի որոշ փոքր գյուղեր դատարկվում են: Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերն այսօր կարիք ունեն արագ, մեծ աշխատանքներ իրականացնելու, ինչը վկայում է ՕԳԾ ֆինանսավորման կամ առաջնահերթությունների վերանայման անհրաժեշտության մասին: Սակայն մինչ օրս փոփոխություններ չեն եղել՝ չեն փոխվել ոչ հատկացված միջոցների չափը, ոչ առաջարկվող աշխատանքների ցանկը։