
Ախալքալաք քաղաքի կենտրոնական փողոցներում մեծ ու խորը փոսեր են առաջացել, որոնք դժվարացնում են երթևեկությունը։ Ձյունը հալվելուն պես ճանապարհներին ի հայտ են գալիս նոր փոսեր, ինչը բարդացնում է վարորդների անվտանգ տեղաշարժը։
Վարորդները դժգոհում են՝ թե գյուղեր տանող ճանապարհները, թե քաղաքի փողոցները կիսաքանդ, անմխիթար վիճակում են։
«Ամեն տարի նույն իրավիճակն է, շատ դժվար է երթևեկությունը, որ փողոցով ուզում ես վարիր մեքենան միևնույն է կհանդիպես փոսերի։ Իմ մեքենան ցածր է, եթե զգուշությամբ չանցնեմ, ապա կարող եմ վնասել։ Լավ կլիներ, որ ճանապարհը գոնե մի փոքր բարեկարգվեր», — ասում է Յուրա Զոպունյանը։
Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների պատասխանատու Արա Մովսիսյանի խոսքով, անցած տարվանից չավարտած գործեր չունեն։
«Այս տարի պետք է մրցույթ հայտարարենք, որպեսզի հարթեցման աշխատաքներ իրականացնենք։ Մենք արդեն պատրաստել ենք բոլոր փաստաթղթերը, որ ժամանակ չկորցնենք։ Ապրիլ ամսից սկսենք փոսային աշխատաքները։ Անցած տարի մեկ տարով էինք պայմանագիր կնքել, իսկ այս տարի պատրաստվում ենք երեք տարով պայմանագիր կնքել», — ասաց նա։
Արա Մովսիսյանը նշում է՝ եղանակային պայմաներից ելնելով շինարարական աշխատաքները Ախալքալաքում հիմնականում սկսվում է ապրիլ ամսից։
Ընդգծենք, որ անցած տարի քաղաքում և գյուղեր տանող ճանապարհների փոսային նորոգման աշխատանքների իրականացման մրցույթը շահել էր «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ Մրցույթը կայացել էր միայն երրորդ փորձից՝ 350 հազար լարիով։
2024 թվականի հոկտեմբերի 22-ին Jnews-ն անդրադարձել էր Ախալքալաքում և գյուղերում իրականացվող փոսային նորոգման աշխատանքներին։ Այդ ժամանակ քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնից հայտնել էին, որ փոսային նորոգման աշխատանքներն իրականացնելուց հետո, եթե ուշ լինի, ապա գծանշումները կանեն 2025 թվականի գարնանը։