նորություններ 21 Հունվարի, 2025 • Նինոծմինդայից դեպի եվրոպական շուկա «ճանապարհների» փնտրտուքներում

Հմայակ Գրիգորյանի չրերի արտադրության ընտանեկան բիզնեսը, չնայած դժվարություններին ու խոչընդոտներին՝ զարգանում է, սակայն բիզնեսն իրացման շուկայում ընդլայման կարիք ունի։ Հմայակն ուզում է, որ եվրոպական շուկա դուրս գա և գտնում է՝ նմանատիպ փոքրիկ բիզնեսներին պետք է աջակցել, այնպես-ինչպես խոշոր շուկաներ մուտք գործելու համար անհրաժեշտ է ֆինանսական ներդրումներ, որը փոքր բիզնեսները չունեն, ինչպես նաև համապատասխան գիտելիքներ։

Նինոծմինդա քաղաքում Հմայակ Գրիգորյանի ընտանեկան բիզնեսը օրինակ է դարձել, թե ինչպես կարելի է բացի կարտոֆիլից, անասնաբուծությունից և արտասահմանում վաստակելուց, ընտանիք պահելու համար գումար վաստակել այլ ճանապարհներով ևս։ Ավելի քան յոթ տարի է նա և իր ընտանիքը մրգերից չիր են պատրաստում՝ ստեղծելով բնական արտադրանք, որը պահանջարկ ունի ոչ միայն Վրաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Չնայած այս գործընթացը աշխատատար է, Գրիգորյանների ընտանիքը շարունակում է զարգացնել իր բիզնեսը՝ ձգտելով ընդլայնել իրացման շուկաները։

Չիր արտադրելը, ինչպես բացատրում է Հմայակը, պահանջում է ոչ միայն սեր սեփական գործի նկատմամբ, այլև մեծ համբերություն։ Ուշադրություն յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ, մրգերի ճիշտ ընտրություն, ջերմաստիճանի և խոնավության հսկողություն՝ այս ամենը կարևոր դեր է խաղում: Գործընթացում սխալները կարող են հանգեցնել որակի կորստի, ուստի յուրաքանչյուր փուլ մանրակրկիտ մշակված է:

Հմայակը նշում է, որ իրենք օգտագործում են չորացման տարբեր մեթոդներ՝ փորձարկելով տեխնոլոգիաները՝ յուրահատուկ համերի և նյութակազմվածքի հասնելու համար: Խուրմայից բացի չորացնում են նաև խնձոր, տանձ և այլ մրգեր, որոնք սիրված են գնորդների կողմից։ Նրանց տեսականին ներառում է ավելի քան հարյուր տեսակի չրեր։

Ներկայումս Հմայակ Գրիգորյանի արտադրանքը վաճառվում է Նինոծմինդայում, Ախալքալաքում, Թբիլիսիում և Բաթումիում։ Փոքր խմբաքանակներ են ուղարկվում նաև Եվրոպա, Ամերիկա և Ռուսաստան, բայց միայն ծանոթների շնորհիվ, քանի որ ընտանիքը հնարավորություն չունի արտահանումն ինքնուրույն կազմակերպելու։

«Մենք ցանկանում ենք ընդլայնել շուկան, բայց դա լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում։ Մեզ պակասում է նաև անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկություն և տեխնիկական աջակցություն»,- ասում է Հմայակը։

Ընտանիքը դեռևս չի ստացել որևէ եվրոպական դրամաշնորհ, սակայն ակտիվորեն ուսումնասիրում է զարգացման հնարավոր ուղիները։ Նրանք աջակցություն են փնտրում թե՛ ֆինանսական, թե՛ խորհրդատվության առումով՝ հասկանալու համար, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ միջազգային շուկա դուրս գալու համար։

Չնայած դժվարություններին, Գրիգորյանների ընտանիքը չի հանձնվում: Նրանք հավատում են իրենց արտադրանքի որակին և վստահ են, որ ֆինանսական աջակցությամբ կկարողանան զգալիորեն ընդլայնել արտադրությունը։ Սարքավորումների ձեռքբերումը և չորացման խցիկներով հագեցումը կօգնի նրանց ավելացնել ծավալներն ու արտադրության կայունությունը:

Բորիս Ղարսլյան
Անահիտ Զալալյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝