
Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղի բնակիչները դժգոհում են, որ իրենց գյուղում հաճախակի են լույսերն անջատում և գյուղն օրերով մնում է առանց էլեկտրականության։ Energo Pro Georgia ընկերությունից վստահեցնում են, որ այս տարի Օլավերդում նախատեսում են վերանորոգման աշխատանքներ իրականացնել։Ըստ գյուղի բնակիչների՝ հաճախակի հոսանքազրկումների պատճառը էլեկտրական սյուներն են։
«Մի թեթև քամի է լինում, մեր գյուղը օրերով հոսանքազրկվում է, ինչը խնդիրներ է առաջացնում։ Արդեն երկար տարիներ է խնդիրն արդիական է, բայց մինչև օրս լուծում չի ստանում»,- ասաց Օլավերդի բնակիչներից մեկը։
Գյուղացիները նշում են, որ իրենց գյուղում շատերն արդեն ջեռուցման համակարգ ունեն և հոսանքազրկումների պատճառով՝ հաճախ ջեռուցման համակարգը շարքից դուրս է գալիս։
«Մեր գյուղում մեծամասնությունը ջեռուցման համակարգ ունի, ամեն անգամ լսում ենք, որ ինչ-որ մեկի ջեռուցման համակարգը փչացել է։ Նախ և առաջ էլեկտրաէներգիան անհրաժեշտ է ջեռուցման համար, երբ որ անջատում են ջեռուցման հետ խնդիրներ է առաջանում։ Մենք՝ մեծերս մի կերպ դիմանում ենք առանց ջեռուցման, բայց երեխաները չեն դիմանում, ոչ ոք չի մտածում գյուղացու մասին։ Մի քանի անգամ բողոքել ենք, բայց ապարդյուն», – ասաց Օլավերդ գյուղի բնակիչ Գևորգ Մարտիրոսյանը
Վերջինս պատմում է, որ իր թոռնիկը մի քանի օր առաջ դահուկ սահելու է գնացել և տուն վերադարձի ճանապարհին նկատել է, որ էլեկտրական սյուները թեքված են։
«Մեծ վտանգ և հավանականություն կա, որ սյուներն ընկնելու են։ Եթե հիմա քայլեր չձեռնարկեն, ապա մի քանի օրից կրկին կմնանք առանց լույսի։ Մինչև գան վերանորոգեն մի քանի օր կպահաջվի», – հավելեց Գևորգը։
Օլավերդցիներն ասում են՝ չնայած իրենք պարբերաբար Energo Pro Georgia ընկերությունից հաղորդագրություներ են ստանում, որ սպասվում է էլեկտրականության անջատումներ, բայց դա իրենց չի ապահովագրում։
«Վերջերս հաճախակի են անջատում լույսը, 10 րոպեում կարող են 5-6 անգամ անջատել։ Լինում են դեպքեր, որ օրերով մնում ենք առանց լույսի։ Ինչը դժվարացնում է առանց այդ էլ գյուղացու բարդ կյանքը»,- ասաց Օլավերդ գյուղի բնակիչ Փառնիկ Մարաբյանը։
Jnews-ը փորձեց պարզել Energo Pro Georgia ընկերությունից, թե ինչո՞ւ է այդքան հաճախ հոսանքազրկվում Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղը։ Ընկերության հասարակական կապերի բաժնից հայտնեցին, որ պատճառը էլեկտրասյուների հետ է կապված։
«Անտառում մի փոքր հատված կա, էլեկտրական լարերի և սյուների վերանորոգման կարիք է զգացվում։ Այս տարվա մեջ պլանավորել ենք շինարարական աշխատաքներ իրականացնել հենց Օլավերդ գյուղում, որպեսզի խուսափենք վթարներից։ Մենք ուզում ենք, որ մեր բաժանորդները դժգոհ չմնան մեր ծառայություններից և համապատասխան քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ», – պատասխանեցին Energo Pro Georgia ընկերությունից։
Jnews-ի հետ զրույցում Energo Pro Georgia ընկերության հասարակական կապերի բաժնից հայտնեցին՝ եթե էլեկտրականության խափանումների պատճառով է բնակչի տեխնիկան փչանում, ապա ընկերութունը պատրաստ է փոխհատուցել։ Քաղաքացին պետք է դիմում գրի Energo Pro Georgia ընկերությանը, որից հետո հաձնաժողովը կպարզի, եթե ընկերությունն է մեղավոր, ապա տվյալ բաժանորդը փոխհատուցում կստանա։