Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այսօր Երեւանում հույս է հայտնել, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կամփոփվի այնպիսի դրույթներով, որոնք երկուստեք ընդունելի կլինեն»:

«Միայն դա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության համար։ Պատրաստ ենք համագործակցել մեր հարևանների հետ:

Երբ խոսում ենք խաղաղության, անվտանգության մարտահրավերների մասին այս տարածաշրջանում, պետք է նշենք նաև այն մարտահրավերները, որոնք գալիս են Ռուսաստանից, որը բռնակցել է Վրաստանի որոշ շրջաններ»,- Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում ասել է Մակա Բոճորիշվիլին:

Նա նշել է, որ Վրաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

«Վրաստանը ողջունում է Հայաստանի գործընկերությունը ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ։ Կարծում եմ՝ սա շատ օգտակար կլինի ընդհանուր տարածաշրջանի համար»,- ասել է Մակա Բոճորիշվիլին:

Իր հերթին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ «Հայաստանը ցանկանում է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև՝ հայ-վրացական սահմանի սահմանազատում»:

«Մենք հավատարիմ ենք թե խաղաղության պայմանագրին, թե «Խաղաղության խաչմերուկին», թե տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե սահմանազատման գործընթացին»,- ասել է Արարատ Միրզոյանը: