
Տարեց տարի Ախալքալաքում թափառող շների թիվը շատանում է։ Բնակիչները ահազանգում են՝ շները խմբերով շրջում են ամբողջ քաղաքում և հարձակվում երեխաների ու մեծերի վրա։ Մարդիկ վախի մեջ են, չեն կարողանում տնից միայնակ դուրս գալ, երեկոյան ժամերին վտանգն ավելի է մեծանում քանի որ շներն ակտիվանում են երեկոյան ժամերին։
Մարինան վախենում է շներից, նա երբեք միայնակ տնից դուրս չի գալիս։
«Ցանկացած պահի կարող են հարձակվել։ Իմ դուստրը բանկում է աշխատում, գործը վերջացնում է երեկոյան ժամերին, շատ վտանգավոր է միայնակ տուն գալը, ստիպված գնում ենք նրա հետևից։ Վախի մթնոլորտում ենք ապրում»,- ասաց քաղաքի բնակիչ Մարինա Սարգսյանը։
Մեկ այլ բնակիչ Լյովա Ղազարյանն ասում է, որ քաղաքում շները շատացել են քանի որ գյուղերից ձագերը կորցնելու նպատակով բերում են քաղաք և բաց թողնում։
«Փոքրիկ թոռնիկ ունեմ, ամեն օր դպրոց է հաճախում, շատ վտանգավոր է միայնակ տեղաշարժը՝ ինչպես երեխաների, այնպես ել մեծահասակների համար։ Ձմռանը շները հիմնականում չեն կարողանում կեր գտնել, ինչի պատճառով էլ դառնում են ագրեսիվ և վտանգավոր հասարակության համար»,- ավելացրեց նա։
Իզոլդան աշխատանքի է գնում ցերեկային ժամերին և վերադառնում գիշերվա ժամերին, ստիպված հետը էլեկտրաշոկ է ման տալիս, որպեսզի շների հարձակման դեպքում կարողանա ինքն իրեն պաշտպանել։
«Ես ամեն օր ցերեկը ժամը 13։00 գնում եմ գործի և վերադառնում գիշերվա 1-ին։ Այստեղ ահավոր է, այստեղով ացնելն ուղղակի անհնարին է։ Իմ անվտանգության համար ես ինձ հետ ունեմ էլեկտրաշոկ, եթե հարձակումներ լինեն կարողանամ ինքս ինձ պաշպանեմ։ Վախի մթնոլորտում են ապրում, ոչ ոք չի մտածում ժողովրդի մասին»,- ասում է Ախալքալաքի բնակիչ Իզոլդա Հարությունյանը։
Ախալքալաքի քաղաքապետարանի Բնապահպանական ծառայության բաժնի պետ Ռամազ Խուցիշվիլիի խոսքով, այս տարի դեռ մրցույթ չի հայտարարվել։
«Անցած տարվա գործը ցրտի պատճառով կիսատ մնաց, կշարունակենք այս տարի: Ախալքալաքում 64 գյուղ կա ովքեր չեն ուզում շանը պահել, բերում են ու Ախալքալաքում կորցնում, ինչը խնդիր է ռաջանցում տեղի բնակիչների համար։ Եթե շունն ականջի հատվածում համարակալված է, ապա նրանից պետք չէ վախենալ։
Ես կարծում եմ, որ մեր արած գործը իր դրական արդյունքը տալիս է, հույս ունեմ, որ տարիների ընթացքում այս խնդիրը կլուծվի», – ասաց Ռամազ Խուցիշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանի օրենսդրությունն արգելում է դաժան վերաբերմունքը կենդանիների նկատմամբ: