
2024 թվականի վերջին Ախալքալաքի սպասարկման կենտրոնը կրկին ստացել է 129 նոր աղբաման և դրանք բաժանել գյուղերի միջև։ Ախալքալաքի մունիցիպալիտետում ավելացել է գյուղերի թիվը, որտեղ բնակիչները վճարում են աղբահանության դիմաց, ինչը նպաստել է Սպասարկման կենտրոնի եկամուտների աճին։
Անցյալ տարվա սկզբին Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում աղբամանների պակաս կար։ Բնակիչներից շատերը գյուղերում արհեստականորեն ստեղծված աղբանոցների պատճառը համարում էին աղբամանների պակասը։ Վերջին մեկ տարվա ընթացքում մունիցիպալիտետում ավելացել են աղբամանները, իսկ գյուղերում՝ նվազել արհեստական աղբանոցների թիվը։
Անցած տարի մունիցիպալիտետը ստացել և բաշխել է ընդհանուր առմամբ 246 աղբաման։ Դրանք տեղադրվել են այն գյուղերում, որտեղ ընդհանրապես չկային, իսկ ավելացվել են այն վայրերում, որտեղ քիչ էին։
Ներկայացնում ենք այն գյուղերի ցանկը, որտեղ 2024 թվականի վերջին տեղադրվել և ավելացվել են աղբամաններ.
Կարտիկամ՝ 25, Ալաստան՝ 7, Կոկիո՝ 6, Վարևան՝ 8, Վաչիան՝ 15, Մաջադիա՝ 7, Խորենիա՝ 6, Օրջա՝ 4, Դիլիսկա՝ 7, Ղադոլար՝ 6, Տուրցխ՝ 5, Լոմատուրցխ՝ 2, Դադեշ՝ 5, Կումուրդո՝ 10 և Ախալքալաք՝ 12։
Սպասարկման կենտրոնը որպես պահուստ թողել է 4 աղբաման՝ այս տարի վնասված և կոտրված աղբամանները փոխարինելու համար։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնը աղբահանության դիմաց վճարներ է հավաքում հետևյալ գյուղերից.
Խանդո, Գոման, Դադեշ, Բալխո, Խուլգումո, Խոսպիո, Մարտունի, Կուլիկամ, Մուրջախեթ, Տուրցխ, Դիլիսկա, Չամդուրա, Բարալեթ, Լոմատուրցխ, Բավրա, Կորխ, Թոթխամ, Մաջադիա։ Անցյալ տարի այս գյուղերին ավելացել են Բուխաշեն, Ղադոլար, Օրջա գյուղերը։ Այս տարի՝ 2025 թվականի հունվարից, Կարտիկամ գյուղի բնակչությունը ևս կսկսի վճարել աղբահանության համար, ինչպես նաև նախատեսվում է, որ այս տարի Կումուրդո և Կիրովական գյուղերն էլ կսկսեն վճարել աղբահանության համար։
Ախալքալաքի մունիցիպալիտետի մեկ անձի համար աղբահանության սակագինը սահմանված է 50 թեթրի, եթե ընտանիքում չորս հոգուց ավելի է, ապա վճարը 2 լարի է, իսկ իրավաբանական անձինք 1 խոր/մ աղբի համար վճարում են 25 լարի։ Հսկիչները, ովքեր բնակիչներից վճար են հավաքում, ստանում են հավաքված գումարի 30%-ի չափով աշխատավարձ։ Սպասարկման կենտրոնը պայմանագիր է կնքում, ըստ որի՝ հավաքում է վճարները։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնից հայտնում են, որ իրենք պայմանագրեր են կնքել 103 իրավաբանական անձանց հետ։
Աղբահանության համար վճարող գյուղերի թվի ավելացումից հետո Սպասարկման կենտրոնի եկամուտները նույնպես ավելացել են։ 2024 թվականին ֆիզիկական անձանցից գանձվել է 71700 լարի, սպասարկման կենտրոնի տարեկան եկամուտը մինչ այդ կազմում էր 40 000 լարի: Իրավաբանական անձանցից եկամուտները կազմում են 90 643 լարի։
Անցյալ տարի Սպասարկման կենտրոնն իրավունք է ստացել վարձակալել իր հատուկ տեխնիկան, ինչը նույնպես նպաստել է կազմակերպության եկամուտների ավելացմանը։ Սպասարկման կենտրոնը մի քանի ամսում 7800 լարի է վաստակել իր տեխնիկան վարձակալելու շնորհիվ։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնում ներկայումս կա 6 միավոր աղբահան տեխնիկա: