
Օլավերդ գյուղի բնակիչները դժգոհում են կաթի ցածր գնից։ Ասում են՝ եթե այսպես շարունակվի, գյուղացիները ստիպված կնվազեցնեն խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործություն է:
«0,5 լիտր բնական ջուրը խանութում արժե 2 լարի, իսկ մեր կաթի մեկ լիտրն արժե 1 լարի, սա ուղղակի անթույլատրելի է։ Ներկա պահին չեմ նվազեցրել անասունների գլխաքանակը, բայց եթե այսպես մնա կաթի գինը երևի վաճառեմ անասուններս։ Կաթն այս գնով ձեռնտու չէ վաճառել»,- ասում է Օլավերդ գյուղի բնակիչ Գևորգ Մարտիրոսյանը։
Վերջինս խոսքով, մոտավոր Օլավերդում 30%-ով կրճատել են անասունների գլխաքանակը։ Եթե 3 տարի առաջ գյուղում կար 1500 գլխաքանակ խոշոր եղջերավոր անասուն, ապա հիմա մնացել է ընդամենը 900-1000։
«Անասնապահությունը դարձել է ոչ եկամտաբեր»,- ընդգծում է Գևորգ Մարտիրոսյանը։
Գյուղացիները նշում են կաթի վաճառքից ստացված գումարը հազիվ է բավարարում անասնակերին։
«Մենք չենք որոշում մեր կաթի գինը, գնորդն է որոշում: Գնորդը տալիս է այնքան, որքան ուզում է: Վաճառում ենք վերամշակող գործարաններին։ Ես կոնկրետ հանձնում եմ Նինոծմիդայում կաթի վերամշակողներին, բայց շատերը, կարող եմ ասել բնակչության մեծամասնությունը տանն է վերամշակում կաթը»,- ասում է Սամվել Դավթյանը։
Սամվելը հավելում է, իրենց գյուղում բարդ է նաև անանսունների վաճառքը։ Գնորդները հիմնականում գալիս են Մառնեուլից, որոնք ցածր գին են առաջարկում, իսկ գյուղացին այլ տարբերակ չունենալով համաձայնվում է։
«Տեղական շուկան փոքր է, որ կարողանաք տեղում վաճառել, ստիպված համաձայնվում ենք իրենց առաջարկած գնին։ Մի կովը տարեկան 100 տուկ խոտ է սպառում, 150 լարի տալիս ենք հովիվին, իսկ 1 կիլոգրամ պանիրն արժե 9 լարի։ Գյուղացու օգուտը միայն իր տանջանքն է, ուրիշ ոչինչ»,- եզրափակում է Օլավերդ գյուղի բնակիչ Սամվել Դավթյանը։