Հունվարի 25-ին Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-գիտամշակութային կենտրոնում կայացավ հայ մեծն կոմպոզիտոր, դաշնակահար և մանկավարժ Առնո Բաբաջանյանի 104-ամյակին նվիրված միջոցառում, այս մասին հայտնում է aliq.ge-ն:

Միջոցառմանը հնչեցին Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները, այդ թվում՝ «Էլեգիա», «Հարսնացուն հյուսիսից», «Երևան» և այլն:

Երեկոյին ներկա է եղել Առնո Բաբաջանյանի որդին՝ Արա Բաբաջանյանը, ով նաև Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի ղեկավարն է.

«Մենք 1991 թվականից սկսած ամեն տարի կազմակերպում ենք երեկո՝ նվիրված հայրիկիս ծննդյան օրվան: Երբեմն այդ երեկոները ավելի մեծամասշտաբ են լինում: Ես իմ պարտքն եմ համարում միշտ հնչեցնել հորս ստեղծագործութունները, քանի որ ինչպես ասում են՝ մարդն ապրում է այնքան, քանի դեռ նրան հիշում են»,- ասել է Արա Բաբաջանյանը, ինչպես փոխանցում է aliq.ge-ն:

Առնո Բաբաջանյանի վրաստանյան հանրային հիմնադրամի տնօրեն Թամազ Կղիփիանին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշել է՝ շատ կարևոր է նմանատիպ արվեստի երեկոներին երիտասարդների ներկայությունը.

«Առնո Բաբաջանյանի հիշատակի վրաստանյան հիմնադրամը ծառայում է Վրաստանի և Հայաստանի երաժիշտների և արվեստագետերի համար ավելի ամուր և մտերիմ կապերի ստեղծմանը: Անչափ կարևոր է երիտասարդների ներգրավվածությունը: Մենք ստեղծել ենք հիմնադրամի «Ընկերների ակումբ» և շատ երկրներից, որտեղ ապրում է հայ բնակչություն՝ զանգահարում են և ցանկություն հայտնում դառնալ այդ ակումբի անդամ: Սա միանշանակ ավելի ամուր է դարձնում երկրների միջև կապը՝ իհարկե՝ արվեստի միջոցով», — ասաց Կղիփիանին:

Հովհաննես Թումանյանի տուն-գիտամշակութային կենտրոնի էքսկուրսավար Գոհար Մխիթարյանը (Մազմանյան), ով նաև վարում էր Բաբաջանյանին նվիրված երեկոն, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում իր ուրախությունը հայտնեց, որ Բաբաջանյանին նվիրված երեկոն հենց Թումանյանի տանն է կայացել.

«Անչափ հաճելի է, որ այս երեկոն կայացավ հենց Հովհաննես Թումանյանի գիտամշակութային տան հարկի տակ, քանի որ Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ ինչպես Թումանյանինը, մինչև օրս շոյում են յուրաքանչյուր հայի ականջ: Ցանկացած հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի՝ ոգևորվում է Բաբաջանյանի երաժշտությունը լսելիս: Հուսամ, որ հենց երիտասարդներով կշարունակվի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների աշխարհը», — ասաց Մխիթարյանը:

Կարդալ նյութը լրիվությամբ aliq.ge-ն կայքում