Վրաստանի դատախազությունը տուժողի կարգավիճակ է տվել լրագրող և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» հասարակական կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Զվիադ Քորիձեին։ Գործը վերաբերում է հունվարի 14-ի գիշերը Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում Քորիձեի նկատմամբ բռնությանը:

Այդ ժամանակ Քորիձեն լրատվամիջոցներին հայտնել էր, որ հյուրանոցի նախասրահում իրեն ֆիզիկապես և բարոյապես բռնության են ենթարկել «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներ Դիմիտրի Սամխարաձեն, Գիորգի Մանվելիձեն և այլ անձինք։

Քորիձեն Բաթումիում էր «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի ձերբակալության պատճառով։

Նույն օրը «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները ֆիզիկական բռնության են ենթարկել նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար»-ի հիմնադիր Գիորգի Գախարիային։ Բժշկի խոսքով՝ նա ստացել էր քթի ոսկորի կոտրվածք, ուղեղի ցնցում։

Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ ներքին գործերի նախարարությունը Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը, հետաքննություն է սկսել, իսկ ավելի ուշ գործը փոխանցել է դատախազություն։