Բավական է մի թեթև քամի և Ախալքալաքի Խանդո գյուղը մնում է առանց էլեկտրականության։ Գյուղի բնակիչները Jnews-ի հետ զրույցում բողոքեցին, որ հաճախակի անջատումները դառնում են կենցաղային տարբեր տեխնիկաների խափանման պատճառ։ Energo Pro Georgia ընկերությունից հայտնում են, որ հոսանքազրկումները եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով են։

«Մի թեթև քամի է լինում, մեր գյուղը հոսանքազրկվում է, ինչը խնդիրներ է առաջացնում։ 10 րոպեում կարող են 3-4 անգամ լույսն անջատել ու միացնել, ինչ տեխնիկա պետք է լինի, որ դիմանա։ Մեր գյուղում 60-70 տոկոսը ջեռուցման համակարգ ունի, ամեն անգամ լսում ենք, որ ինչ-որ մեկի ջեռուցման համակարգը փչացել է կամ լվացքի մեքենան լույսն անջատվելու հետո չի միացել։ Գյուղացու մասին մտածող չկա։ Չբողոքելով հասանք այս օրվան»,- ասաց Խանդո գյուղի բնակիչ Ռուբեն Հակոբյանը։

Վերջինս հավելում է, միայնակ ապրող թոշակառուների համար խնդիր է նաև ամեն հոսանքազրկումից հետո ջեռուցման համակարգը միացնելը։

«Իմ ծնողները միայնակ են ապրում, իրենք տարեց մարդիկ են, անջատումից հետո չեն կարողանում միացնել ջեռուցման համակարգը։ Մի 4-5 տարի առաջ եկան մեր ամբողջ գյուղում մալուխները փոխեցին, բայց դրանից հետո դեպի լավը բան չփոխվեց։ Հիմա մի թեթև քամուց լույս անջատվում է»,- ասաց նա։

Չնայած Խանդոյում նշում են, որ մեկ-մեկ Energo Pro Georgia ընկերությունից հաղորդագրություն են ստանում, որ առաջիկա ժամերին սպասվում է հոսանքազրկում, սակայն դա նրանց չի ապահովագրում։ Միևնույն է տեխնիկան փչանում է։

Ախալքալաքի քաղաքապետարանում Խանդո գույղի ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը ևս հաստատում է, որ վերջին մեկ ամսում օրվա մեջ մի քանի անգամ լույսն անջատել են։

«Ճիշտ է, վերջերս շատ են անջատում լույսը։ Պատճառը երևի մալուխներն են կամ ենթակայանը, որ տեղադրված է Ղադո գյուղից մի քիչ վերև։ Միայն մեր գյուղը չէ, ինչքանով տեղյակ եմ, մոտ 8 գյուղ հոսանք է ստանում այդ ենթակայանից, ու բոլորն էլ նույն խնդիրն ունեն»,- ասաց նա։

Jnews-ը փորձեց հենց Energo Pro Georgia ընկերությունից պարզել, թե ինչու է այդքան հաճախ հոսանքազրկվում Խանդո գյուղը։ Ընկերության հասարակական կապերի բաժնից հայտնեցին, որ էլեկտրականության հաճախակի անջատումների պատճառը անբարենպաստ պայմաններն են։

«Ամենից շատ քամիների պատճառով է լինում անջատումները։ Մենք փորձում ենք ժամանակին լուծել խնդիրները», – պատասխանեցին Energo Pro Georgia ընկերությունից։

Jnews-ի հետ զրույցում Energo Pro Georgia ընկերության հասարակական կապերի բաժնից հայտնեցին՝ եթե էլեկտրականության խափանումների պատճառով է բնակչի տեխնիկան փչանում, ապա ընկերութունը պատրաստ է փոխհատուցել։ Քաղաքացին պետք է դիմում գրի Energo Pro Georgia ընկերությանը, որից հետո հաձնաժողովը կպարզի, եթե ընկերությունն է մեղավոր, ապա տվյալ բաժանորդը փոխհատուցում կստանա։