Ախալքալաքի երաժշտական դպրոցի հին շենքը հիմնանորոգման կարիք ունի, որը տարիներ շարունակ հետաձգվել է տարբեր պատճառներով։ Այս դպրոցի աշակերտների հաջողությունները մեծ մոտիվացիա են մատաղ սերնդի համար, սակայն շենքի վիճակը հակառակն է փաստում։

Երաժշտական դպրոցը գտնվում է Ախալքալաքի հենց կենտրոնում՝ քաղաքի ամենահին շենքերից մեկում, որը ժամանակին եղել է Օհանջանյանների ընտանիքի տունը, որի հետնորդներն այժմ ապրում են Կանադայում։ Սկզբում շենքում տեղակայված էր փոստային ծառայությունը, իսկ ավելի ուշ այստեղ հիմնվեց երաժշտական դպրոց։

Jnews-ը երկար տարիների ընթացքում բազմիցս գրել է Ախալքալաք քաղաքի երաժշտական դպրոցի վիճակի մասին, որտեղ սովորում է 161 աշակերտ։ Այս խնդրի լուծման անհրաժեշտության մասին խոսում են նաև տեղական իշխանությունները, սակայն իրավիճակն այդպես էլ չի փոխվում։

Դեռ 2023 թվականին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասել էր, որ նախագիծն արդեն պատրաստ է, նախագծողները եկել են, բոլոր հարցերը քննարկվել են դպրոցի ղեկավարության հետ։ Որոշվել է շենքի ճակատային մասը թողնել անփոփոխ, իսկ հետնամասը, որտեղ քարուքանդ է՝ վերանորոգել։ Աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2023 թվականին, սակայն քննարկումներից հետո որոշվեց ոչ թե մասնակի վերանորոգում անել, այլ հիմնանորոգել։ Այս հարցը, սակայն, չլուծվեց և 2024 թվականին:

2025 թվականի մունիցիպալիտետի բյուջեում երաժշտական դպրոցի մասով կետեր չկան, կա երաժշտական դպրոցի գործունեության համար ընդհանուր բյուջե, որն անցյալ տարի կազմել է 217 860 լարի, իսկ այս տարի բյուջեն ավելացել է աշխատողների աշխատավարձերի 10-ով բարձրացման հաշվին և կազմել է 233 000:

Երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը հույս ունի, որ այս տարի դպրոցը կվերանորոգվի։

«Ինձ ասացին, որ ով պետք է նախագծի, պետք է գան, նայեն, կողմնորոշվեն, թե ինչ պետք է անեն՝ նորոգելու են հիմնովին, թե՞ մասնակի, դեռ չեն որոշել: Բայց ես կուզենայի, որ հիմնանորոգեին։ Մենք ուրախացել ենք, սպասում ենք: Նախորդ անգամ նախագիծը ճիշտ չէր կազմվել, ուստի այն չէին ընդունել։ Եվ այսպես, այդ ամենը մնաց օդում: Հիմա նորից պետք է գան ու պլանավորեն»,- ասում է Սվետլանա Կարոյանը։

Քաղաքապետարանից վստահեցրել են, որ երաժշտական դպրոցի հետ կապված մտադրություններ կան, բայց փաստացի դեռ ո՛չ գումար կա, ո՛չ նախագիծ։

«Նախագիծ չկա և դեռ ոչինչ չի պլանավորվել, բայց մենք մտադրություն ունենք դա անելու: Նախորդ անգամ մենք չավարտեցինք, քանի որ չէր ստացվում: Մենք գնացել ենք երաժշտական դպրոց, ուսումնասիրել ենք և հասկացել, որ դա անհնար էր, ըստ այն նախագծի: Դժվար թե դա լինի վերանորոգում, մենք, ամենայն հավանականությամբ, կհիմնանորոգենք: Տեսնենք, երբ լրացուցիչ միջոցներ կունենանք, այդ ժամանակ էլ կանենք։ Մենք կտեսնենք նաև, թե ինչ գումարներ կարող ենք խնայել մրցույթներից և կփորձենք դրանք օգտագործել այդ նպատակի համար»,- ասաց քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։

Դպրոցի վերականգնման վերաբերյալ վերջնական որոշումը մնում է անորոշության մեջ, և միայն լրացուցիչ ֆինանսական միջոցների առկայության և զգալի խնայողություններով մրցույթների առկայության դեպքում կարելի է ակնկալել, որ աշխատանքները կսկսվեն: Կարևոր է, որ հետագայում այս հարցը չմնա խոստումների մակարդակում, այլ իրական օժանդակություն ցուցաբերվի քաղաքի պատմական ժառանգությունը պահպանելու և տեղի երեխաների կրթական պայմանները բարելավելու համար։

Կարդացեք նաև՝

    • Ախալքալաքի երաժշտական դպրոցի վերանորոգումը հետաձգվել է
    • Երաժշտական ​​դպրոց՝ վերածնունդ առանց համապատասխան պայմանների