նորություններ 21 Հունվարի, 2025 • Երկրում այսօր շրջանառվում են ավելի քան 10 տարբեր տեսակի վիրուսներ

Այսօրվա դրությամբ, հանրապետությունում 10-ից ավելի տարբեր տեսակի վիրուսներ են շրջանառվում, որոնցից ամենաշատ ուշադրությունը պահանջում է գրիպի վիրուսը։ Շրջանառվող վիրուսներից ամենածանրը գրիպն է: Այս մասին InterPressNews-ին տված հարցազրույցում ասել է Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն, ԹՊԲՀ-ի պրոֆեսոր Իվանե Չխաիձեն։

Ինչպես նշել է Չխաիձեն, այսօր երկրում գրիպանման յուրաքանչյուր երկրորդ հիվանդությունը կապված է գրիպի վիրուսի հետ։

«Այսօր հանրապետությունում 10-ից ավելի տարբեր տեսակի վիրուսներ են շրջանառվում, որոնցից ամենաշատ ուշադրությունը գրիպն է պահանջում։ Գրիպը շրջանառվող վիրուսներից ամենածանրն է։

Գրիպն առավել բնութագրվում է բարդություններով լի հիվանդության ընթացքով, հոսպիտալացման և մահացության բարձր ցուցանիշներով: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ պարզ երևում է, որ ամեն շաբաթ գրիպի դեպքերն ավելանում են։ Գրիպանման գրեթե յուրաքանչյուր երկրորդ հիվանդության ետևում կանգնած է գրիպի վիրուսը:

Գրիպի վիրուսներից ամենահաճախը գրանցվել է H1N1, այսպես կոչված, խոզի գրիպը: Բարձր է նաև B գրիպի վիրուսի տարածվածությունը։ Համեմատաբար քիչ են H3 տիպի վիրուսները: Յուրաքանչյուր ոք, ով ստացել է քառակազմ պատվաստանյութ, այս պատվաստանյութը պարունակել է A տիպի երկու վիրուս՝ H1 և H3, և В տիպի երկու վիրուս: Պատվաստանյութերի բաղադրությունը ճիշտ համընկնում է երկրում շրջանառվող վիրուսների հետ։ Սա նշանակում է, որ պատվաստված հիվանդների մոտ պատվաստանյութը կլինի բարձրարդյունավետ, պաշտպանվածության մակարդակը և բարդությունների կանխարգելման աստիճանը կլինի շատ բարձր։

Ինչ վերաբերում է կլինիկական հատվածին, երբ խոսում ենք գրիպի դեպքերի աճի մասին, մենք նկատի ունենք այն դեպքերը, որոնք այլ տեսակների համեմատ ավելի ծանր ընթաքով են։ Հասկանալի է, որ ստացիոնար դիմելիությունների թիվն աճել է։ Եթե նայեք մանկական հիվանդանոցներին, ապա կտրուկ ավելացել է բարձր ջերմությամբ, հազով և կոկորդի ցավով բուժվող երեխաների թիվը: Աճել է նաև թոքաբորբի բուժման համար դիմող երեխաների թիվը։ Այսպիսով, Իաշվիլիի անվան կլինիկայում սուր շնչառական հիվանդությունների նախանշաններով մեր ընդունած բուժառուների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Այդ բուժառուների թվում 40 տոկոսը ունի թոքաբորբ, ինչը նշանակում է, որ այս դեպքերի հետևում կանգնած է գրիպի վիրուսը»,- ասել է Չխաիձեն։

Ինչպես նշել է Իվանե Չխաիձեն, ցանկալի է, որ բարձր ռիսկային խմբերը գրիպի դեմ պատվաստվեն և գտնվեն բժիշկների հսկողության տակ։ Այլ դեպքերում նպատակահարմար է սիմպտոմատիկ բուժումը:

Վերատպման կանոն