
Տաբածղուրի գյուղի խնդիրները շատ են, սակայն գյուղացիները հրատապների շարքում թվարկում են՝ մանկապարտեզ չունենալու, ամբուլատորիայի, ինչպես նաև դժվարանցանելի ճանապարհները։
Տաբածղուրին Բորժոմիի մունիցիպալիտետի էթնիկ հայերով բնակեցված գյուղերից է։ Այստեղ ապրում է 150 ընտանիք։
Գյուղացիները նշում են՝ ամբուլատորիա ունեն, ժամանակ առ ժամանակ գյուղի բժիշկը Բորժոմիից գալիս է, բայց դա բավարար չէ գյուղացիների համար։
«Ես ուզում եմ, որ մեր գյուղում գործի ամբուլատորիան, տարեց մարդ եմ։ Եթե ինչ-որ մի դեպք լինի գյուղում ստիպված չենք սպասի մինչև Ախալքալաքից կամ Բորժոմիից գան բժիշկներ, արդեն մեր գյուղում կցուցաբերենք առաջին բուժօգնությունը։ Տարածքային բժիշկ ունենք, Բորժոմիից է գալիս, տարվա մեջ մի քանի անգամ, երևի խնդիրը ճանապարհի հետ է կապված, որ չի գործում բուժհաստատությունը», – ասաց գյուղի բնակիչ Սերոժ Սանդաձեն։
Գյուղում բուժքույր ունեն։ Նա բնակիչներին ընդունում է սեփական տանը, լսում է մարդկանց գանգատները, նշանակումներ անում ու ճանապարհում։
«Շատ ավելի լավ կլինի, որ ամբուլատորիան աշխատի և բնակիչները գնան և տեղում ստուգվեն, բայց, ցավոք ունենք այն, ինչ ունենք», – նշեց Տաբածղուրի գյուղի բնակիչ Համբարձում Հովակիմյանը։
Տաբածղուրի գյուղի մասնագետի խոսքով, գյուղը նորմալ ամբուլատորիա ունի, որը վերջերս են նորոգել ու կահավորել, սակայն բժիշկ չունենալու պատճառով այն նորմալ չի աշխատում։
«Ամբուլատորիան չի գործում քանի որ բժիշկ չգտանք, շատ ենք հետաքրքվել, բայց նորմալ բժիշկ չգտանք, մեր մունիցիպալիտետը նորմալ աշխատավարձ է։ Նշանակված բժիշկ ունենք, որը շաբաթը մեկ, ամիսը մեկ գալիս է, բացում է ամբուլատորիան ու նստում։ Մեր բնակչունթյունը ձմռան ամիսներին Ախալքալաքի հիվանդանոց է գալիս, իսկ ամռանը՝ Բորժոմիի», – ասաց Բորժոմի քաղաքապետարանում Տաբածղուրի գյուղի ներկայացուցիչ Ռաշիդ Խաչատրյանը։
Այս գյուղի կարևոր խնդիրներից առանձնացնում են նաև մանկապարտեզի բացակայությունը։ Տաբածղուրեցիները նշում են, որ իրենց երեխաների առօրյան միապաղաղ է։ Երեխաները զրկված են նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից։
«Իմ երկու երեխաները չեն հաճախել մանկապարտեզ։ Ես իսկապես ուզում եմ, որպեսզի գյուղում լինի մանկապարտեզ: Գոնե փոքր երեխաս գնա մանկապարտեզ, երեխաներին դա շատ է օգնում զարգացման հարցում», – ասաց բնակիչներից մեկը, ով խուսափեց նշել անուն ազգանունը։
Տաբածղուրի գյուղում նշում են, որ նախակրթարան կառուցելու մասին խոսակցություն լսել են, բայց տեղյակ չեն, թե ինչու այն չի կառուցվել։
Գյուղի մասնագետի խոսքով, 2023 թվականից մանկապարտեզի կառուցման նախագիծը պատրաստ է, նույնիսկ երկու անգամ էլեկտրոնային մրցույթ է հայտարարվել, սակայն մասնակիցների բացակայության պատճառով դրանք չեն կայացել։
«Երկու անգամ էլ ոչ մի մասնակից չեղավ , այսինքն՝ չկայացավ, հիմա նորից պատրաստվում է Բորժոմիի մունիցիպալիտետը մրցույթ հայտարարել։ Մենք շատ ենք հետաքրքրված, որպեսզի գյուղում վերջապես մանկապարտեզ ունենանք։ Մենք մանապարտեզը 4 գյուղի համար ենք կառուցում։ Մոտավոր 70-80 երեխայի համար», – ասաց գյուղի մասնագետը։
Գյուղացիները նշում են, որ ճանապարհի հետ նույնպես որոշակի խնդիրներ ունեն, ճիշտ է այն ասֆալտապատ է, բայց ձմռան ամիսներին տեղ-տեղ դժվարանցանելի է:
«Մեր գյուղ գալու ճանապարհին ինքներդ տեսաք ճանապարհի վիճակը։ Այս ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է շատ ուշադիր ու դանդաղ վարի, քանի որ անգամ շրջադարձի վրա կարող է մեքենա հայտնվել։ Պետք է ժամանակին ձնեմաքրման աշխատանքներ իրականացնեն, որպեսզի մարդիկ խուսափեն ավտովթարներից», – ասաց գյուղի բնակիչներից մեկը։
Գյուղի մասնագետը Jnews-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ասֆալտապատումից հետո, իրենց գյուղի ճանապարհը չի փակվել, եթե փակվել է, ապա ընդամենը մեկ-երկու ժամով, մինչև ձյուն մաքրող մեքենան գյուղ հասնի։
Տաբածղուրիում մարդկանց եկամտի հիմնական աղբյուրը ձկնորսությունն է, անասնապահությունը ու խոպանը։ Գյուղի մասնագետը վստահեցնում է, իրենց գյուղից խոպան գնում են, բայց արտագաղթ չկա։ Իրենք փակ դուռ չունեն։