
Այսօր՝ հունվարի 19-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ տեղի ունեցավ դպրական ձեռնադրություն:
Սուրբգրային ընթերցումների և շարականների երգեցողությամբ՝ կատարվեց սրբազան արարողակարգը, համաձայն որի Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ եկեղեցական ծառայության առաջին աստիճանի կոչվեցին 23 սպասավորներ:
Դպրության աստիճան ստացան Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու 10, Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 3 և Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու 10 սպասավորներ:
Սրբազանը ձեռնադրվողների գլխից մազափունջ կտրեց՝ որպես աշխարհիկ ցանկություններից հրաժարվելու խորհրդանիշ: Այնուհետև նրանց տվեց Ժամագիրք, ավել, բանալի, Աստվածաշունչ, Մաշտոց ծիսամատյան, մոմակալ և բաժակ: Դրանցից յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ծնողներ, հավատացյալներ, հյուրեր: Թեմակալ առաջնորդը ներկայացրեց ձեռնադրության խորհուրդը, այնուհետև մաղթեց, որ դպիրները հետայսու առավել բարձր աստիճանի հասնեն՝ Ամենակալ Աստծո Սուրբ Աջի հովանու ներքո։