
Հոկամ գյուղում երիտասարդական կենտրոնի բացակայությունը մեծ ազդեցություն ունի երիտասարդ սերնդի կյանքի որակի վրա: Այս գյուղում երիտասարդները զրկված են իրենց ժամանակն արդյունավետ և հետաքրքիր կերպով անցկացնելու հնարավորությունից:
Տարբեր մարզական, կրթական կամ մշակութային միջոցառումների բացակայությունը սահմանափակում է երիտասարդների ինքնազարգացման հնարավորությունները և նրանց ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին:
Դիանա Սահարյանն ուսանող է։ Նշում է՝ գյուղի ամենամեծ չլուծված խնդիրների շարքին է պատկանում երիտասարդական կենտրոն չունենալը, ինչ մեծ խոչընդոտ է հանդիսանում երիտասարդների զարգացմանը։
Բանն այն է, որ Հոկամում երիտասարդներն իրենց ազատ ժամանակն արդյունավետ ու կառուցողական օգտագործելու հնարավորություն չունեն։
Դիանայի նշմամբ՝ երիտասարդները համայնքի ապագայի հիմքն են, իսկ նրանց ներգրավվածությունն ու զարգացումը կարևոր նախապայման են համայնքի առաջընթացի համար։ Այս խնդիրը կարելի է հաղթահարել ջանքեր գործադրելով երիտասարդական կենտրոնի ստեղծման ուղղությամբ:
Հոկամ գյուղի բնակիչ, 10-րդ դասարանի աշակերտուհի Սյուզի Մալխասյանը լսելով նախագծի մասին, մասնակցում է և դրամաշնորհ ստանում։
«Նախագիծը հնարավորություն էր մեր ազատ ժամանակն ավելի օգտակար ու հետաքրքիր դարձնելու։ Նախագծի շրջանակներում ձեռք բերեցինք տարբեր միջոցներ՝ պատանիների ստեղծագործական ունակությունները զարգացնելու համար․ կավ, ներկեր, կտավներ, խաղեր և այլ նյութեր։ Սակայն մեր գլխավոր խնդիրն այն է, որ երիտասարդական կենտրոն չունենք։ Գյուղում չկա մի վայր, որտեղ կարող էինք հավաքվել և իրականացնել մեր ակտիվությունները»։
Վերջինիս խոսքով, դպրոցում դա անհնար է իրականացնել, իսկ գյուղում որևէ այլ տարածք չկա։
«Ամռանը հավաքվում էինք գյուղի հարակից անտառում և այնտեղ իրականացնում մեր հանդիպումները։ Բայց խնդիր էր օրինակ անձրևոտ օրերին․ չկար մի տեղ, որտեղ կարող էինք պատսպարվել, պահել մեր նյութերը, և այդ ամենը խանգարում էր մեր աշխատանքի շարունակականությանը»։
Դիանայի միակ հույսը, դա գյուղում կառուցվող նոր դպրոցն է։ Երբ նորակառույց դպրոցը շահագործման հանձնվի իրենք հնարավորություն կունենան հին դպրոցում հավաքվել։
«Գյուղում չունենք հստակ հաստատություն, որը կկարողանանք որպես երիտասարդական կենտրոն օգտագործել: Մեր միակ հույսը գյուղում ներկայիս հայ-վրացական դպրոցն է, որն, իմ կարծիքով, ունի բոլոր նախապայմանները երիտասարդական կենտրոն դառնալու համար: Սակայն մեզ մնում է սպասել, մինչև գյուղում չավարտվի հայ-վրացական նոր դպրոցների վերանորոգումը»:
Երիտասարդական կենտրոնի բացակայությունը հանգեցնում է զբաղվածության պակասի, սահմանափակվում են կրթական, մշակութային և անձնական զարգացման հնարավորությունները, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց ինքնակրթության վրա։ Այս խնդիրը հանգեցնում է սոցիալական մեկուսացման, քանի որ երիտասարդները չունեն շփման և համախմբման վայր։ Բացի այդ, զբաղվածության պակասը կարող է նպաստել վնասակար սովորությունների տարածմանը։
Հնազիկը ակտիվ երիտասարդ է, ով Կենտրոնի բացակայության խնդիրը դիտարկում է ինչպես երիտասարդների տեսանկյունից, այնպես ել մեծահասակների։
Jnews-ի հարցին, թե դիմել են ինչ-որ մեկին պարզելու համար թե նոր դպրոցների բացումից հետո արդյոք կհատկացնեն թե ոչ գյուղի այժամյա գործող դպրոցից գոնե մեկ սենյակ գյուղում երիդասարդական կենտրոն բացելուն, Հնազիկ Ավետիսյանը պատասխանեց՝ ոչ։
Մենք հույսներս դնում ենք պետության վրա։ Քանի դեռ դպրոցը գործում է, մեր կարծիքով պետք չի շտապել, երբ կավարվտի նոր դպրոցի շինարարական աշխատանքները, մենք արդեն կդիմենք համապատասխան մարմիններին խնդրանքով, որպիսզի հին շենքից մի սենյակ տրամադրեն կենտրոնին , – նշում է Հնազիկ Ավետիսյանը։
Կենտրոնի ստեղծումը կարող է ներառել տարբեր ծրագրեր՝ տեխիկական ուսուցում, լեզուների դասընթացներ, արվեստի և արհեստների դասեր: Սա ոչ միայն կխթանի երիտասարդների ինքնազարգացումը, այլև կհամախմբի համայնքը ընդհանուր նպատակի շուրջ:
Նարինե Զաքարյան