
Վրաստանում քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, մայրաքաղաքի փողոցներում կրկին չեն դադարում բողոքի ցույցերը: Երկրում առկա քաղաքական իրողություններն ու Եվրամիության հետ հետագա հարաբերությունները մեծ ազդեցություն կթողնեն ոչ միայն երկրի զարգացման ուղղության վրա, այլև տարածաշրջանային կայունության և գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհի վրա։
Վրաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի, ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարների և դրանց՝ Հայաստանի քաղաքական միջավայրի վրա ազդեցության մասին JNEWS-ը զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։ Հոդվածում ներկայացված են զրույցի կարևոր շեշտադրումները և տարածաշրջանային քաղաքականության ապագայի հնարավոր սցենարները։
Վրացագետը ստեղծված իրավիճակում տեսնում է հավանական երկու սցենար:
«Մենք տեսնում ենք հետևյալը, որ կա ընտրություն, ընտրությունների արդյունք, որը իշխանությունները ճանաչում են որպես կայացած և ըստ այդմ՝ կա նոր կառավարություն ու վարչապետ, նույնիսկ արդեն նոր համակարգով ընտրված նախագահ, իսկ մյուս կողմից կա ընդդիմություն, քաղաքական ուժեր, որոնք անցնելով խորհրդարան հրաժարվում են մուտքից, ուստի կա այս իրավիճակը և կա ապավինումը արևմուտքի, որ այն ճնշումները՝ ներառյալ պատժամիջոցները կստիպեն այս իշխանություններին արտահերթ ընտրություններ անելու, ինչը այսօր չէի ասի, որ հավանական է:
Կա երկու սցենար, առաջին սցենարով այդ ճնշումները բերում են ի վերջո արտահերթ ընտրությունների և նոր ընտրությունների արդյունքում ընդդիմության կողմից ձևավորվում է կոալիցիոն կառավարություն և մյուս սցենարը, որն այսօրվա տրամաբանության մեջ ավելի հավանական է, այս իշխանությունը շարունակում է մնալ որպես կառավարող ուժ և հետևաբար փորձում է ինչ-որ չափով կարգավորել իրավիճակը», – նշում է Ջոնի Մելիքյանը:
Ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո, պարզ դարձավ, որ Ջավախքում ընտրողների մեծամասնությունը քվեարկել է ի օգուտ իշխող «Վրացական երազանք» կուսակցության, ինչը վրաց հասարակության տարբեր խմբերի մոտ դժգոհության առիթ հանդիսացավ։ Հնչեցին նույնիսկ մեղադրական հայտարարություններ էթնիկ հայերի (և ոչ միայն) հասցեին:
Մեր այն հարցին, կարո՞ղ է արդյոք այդ ամենն իրենից վտանգ ներկայացնել և բերել Վրաստանում ապրող հայերի հանդեպ վերաբերմունքի փոփոխության, վրացագետը պատասխանեց հետևյալը․
«Հստակ է, որ հայկական էլեմենտը, խնդիրները և հայատյատությունը հերթական անգամ օգտագործվեցին նաև այս ընտրություններից հետո։ Ինչն իմ կարծիքով, ընդունելի չէ, բայց շատ կարևոր է նաև այն, որ անկախ նրանից թե ով է եղել իշխանության ղեկին մշտապես փորձվել է չեզոքացնել այդպիսի դրսևորումները կամ առնվազն իրավիճակը հսկողության տակ առնել: Մենք տեսնում ենք, որ կա այդպիսի խնդիր, որի հետ կապված աշխատանքը, միգուցե ոչ բավարար, բայց եղել է և շարունակվում է, ինչի համար կարևոր է հայկական և վրացական կապերը շարունակվեն և ընդլայնվեն մասնագիտական, երիտասարդական կամ ուսանողական տարբեր շրջանակներում, ինչը նաև իր հերթին կարող է բերել նրան, որ մենք այդ վտանգը և մարտահրավերը չեզոքացնենք»:
Փորձագետի խոսքով, բացի Երևանի և Թբիլիսիի համատեղ ջանքերից, մարտահրավերի չեզոքացման մեջ իր մեծ դերն ունի նաև Վրաստանի հայկական համայնքը, այդպիսի դրսևորումերին ավելի ակտիվ և հետևողական արձագանքելով: