Այս մասին հայտարարությունը Նիդեռլանդների ներկայացուցիչը կատարել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում։
Հայտարարությունը ստորագրել են Նիդեռլանդները, Բելգիան, Կանադան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։
«Մեր երկրները ավելի քան երեք տասնամյակ հավատարիմ են եղել Վրաստանի և վրաց ժողովրդի հետ գործընկերությանը: Մենք աշխատել ենք Վրաստանի հաջորդական կառավարությունների հետ՝ աջակցելու Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտներին, զարգացնելու Վրաստանի տնտեսությունը և բարելավելու Վրաստանի երեխաների կրթությունը: Թեև Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր շարունակական հավատարմությունը մնում է անսասան, մենք խստորեն դատապարտում ենք «Վրացական երազանքի» դաժան և անհիմն բռնությունը Վրաստանի քաղաքացիների նկատմամբ, ովքեր իրականացնում են խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքները:
Մենք անհանգստացած ենք, որ «Վրացական երազանքը» շարունակում է կիրառել ռեպրեսիվ մարտավարություն, ներառյալ կամայական կալանավորումը և ֆիզիկական բռնությունը՝ լռեցնելու իր քննադատներին։ Քաղաքացիական հասարակությունն ամրապնդելու և խաղաղ հավաքների և կամայական ձերբակալություններից ազատվելու իրավունքները հարգելու ԵԱՀԿ-ի մեր ընդհանուր պարտավորություններին համահունչ՝ մենք կոչ ենք անում Վրաստանին վերջ տալ իրավապահ մարմինների ռեպրեսիվ, չափազանց բռնի մարտավարությունների կիրառմանը: Մենք նաև կոչ ենք անում Վրաստանին անհապաղ ազատ արձակել ցուցարարներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ընդդիմադիր գործիչներին և մյուսներին, ովքեր ձերբակալվել են իրենց իրավունքների խաղաղ իրականացման և Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին աջակցելու համար։ Ուժի ապօրինի կիրառման համար պատասխանատուները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Ինչպես ԵԱՀԿ մյուս անդամ պետությունները, մենք ապագայում կուսումնասիրենք ԵԱՀԿ համատեքստում բոլոր մեխանիզմները: Մենք Վրաստանին կոչ ենք անում վերադառնալ ԵՄ ինտեգրման ուղի, ինչին ձգտում է վրացիների ճնշող մեծամասնությունը։
Մեր երկրները համերաշխ են վրաց ժողովրդի և նրա ժողովրդավարական և եվրաատլանտյան ձգտումների հետ։ Մենք շարունակում ենք մեր անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է հայտարարության մեջ։