Ախալքալաքի շրջանի գյուղերում բացակայում են դեղատները։ Դեղատների բացակայության խնդիրն ավելի է սրվում ձմռանը, երբ տարածվում են սեզոնային վարակները, իսկ դեպի քաղաք տանող ճանապարհը դառնում է դժվարանցանելի, հաճախ նաև անանցանելի։ Գյուղերում դեղատների բացակայության խնդրին զուգահեռ առկա է նաև տրանսպորտի բացակայության խնդիրը, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ Ախալքալաքի գյուղերից ձմռանը քաղաք հասնելը բավականին դժվար է, հատկապես մեծահասակների համար։
Գյուղերում չկան դեղատներ, ցանկացած դեղ գնելու համար, բնակիչը պետք է հասնի Ախալքալաք, ինչը բավականին մեծ դժվարություն է հանդիսանում գյուղացիների համար։ Ախալքալաքը գյուղերի հետ կապող հասարակական տրանսպորտի բացակայությունն այդ դժվարության հիմնական պատճառն է։
Նշված խնդիրը էլ ավելի արդիական է միայնակ ապրող և տարեց մարդկանց համար, ովքեր չունեն խնամակալ։ Մարդը, ով ունի առողջական խնդիր, չի կարող ինքնուրույն հասնել Ախալքալաք և գնել իրեն հարկավոր դեղը։ Հետևաբար, ստիպված է լինում խնդրել ուրիշին, որ բերի դեղ, կամ դեղատուն այցելելու դեպքում գնում է միանգամից տարբեր դեղեր, սեզոնային տարբեր վարակների դիմաց պայքարելու համար, և նաև առաջին բուժօգնության դեղեր ու պարագաներ։
Նարինեն նշում է, որ գյուղում առկա կարևոր խնդիրներից մեկը դա դեղատների բացակայությունն է։
«Գյուղում չկա դեղատուն, ինչը շատ մեծ խնդիր է։ Ինչպես գիտեք, Հոկամ գյուղում առկա է նաև տրանսպորտի խնդիրը։ Ինչ-որ մի դեղ, ենթադրենք ցավազրկող կամ ջերմիջեցնող գնելու համար մարդիկ պետք է ծախսեն 20-25 լարի և գնան քաղաք, գնեն դեղը ու նորից նույնքան գումար տան տուն վերադառնալու համար», – ասում է Նարինե Զաքարյանը Հոկամ գյուղից։
Նա ակտիվ երիտասարդ է, ով մշտապես հետաքրքրված է երիտասարդներին հուզող հարցերով, ինչպիսիք է օրինակ կրթությունը, աշխատանքը, ասում է․
«Մտածում եմ, որ եթե գյուղում լինի դեղատուն , դա կնպաստի նրան, որ շատ երիտասարդներ, օրինակ՝ մեր գյուղից, ովքեր սովորում են բժշկական համալսարանում, կամ ունեն դեղագործի կրթություն, հնարավորություն կունենան մնալ և աշխատել գյուղում», – ասում է Նարինեն։
Նա մեզ հետ հարցազրույցում պատմեց, որ մի անգամ, ինչպիսի դժվարությամբ են գտել դեղ 89- ամյա տատիկի համար, ով ունեցել է ճնշման խնդիր։ Գյուղից ոչ-ոք չի եղել քաղաքում, որ խնդրեին դեղը բերել։
«Ցավոք սրտի, ստացվեց այնպես, որ այդ ժամանակ գյուղից ոչ-ոք չկար քաղաքում, գյուղից էլ չգտանք դեղը, արդեն բոլորս հարցնում էինք մեր ծանոթ-բարեկամներին, որ գտնեինք մարդ ով քաղաքում է։ Ի վերջո հարևան գյուղից մեկին գտանք և նա բերեց դեղը։ Տատիկը շատ վատ վիճակում էր, դեղահաբն ընդունելուց հետո նրա ճնշումը կարգավորվեց», – պատմում է Նարինեն։
Նրա խոսքով, դեղատների բացակայության խնդրի հետ ապրելու ընթացքում, բնակիչները գտել են խնդրի լուծման իրենց տարբերակները։ Նարինեն պատմում է, որ գյուղի երիտասարդները, քաղաք գնալուց առաջ, հարևաններին, թոշակառուններին հարցնում են, ունեն արդյոք ինչ-որ բանի խնդիր, որ բերեն քաղաքից։
«Որ գնում ենք քաղաք, հարցնեում ենք հարևաններին, արդյոք պետք է ինչ-որ դեղ, կամ սուրճ, առաջնայինը դրանք են», — կատակում է Նարինեն։
Իսկ մնացած ընտանիքների մասին խոսելուց, նա նշում է, որ նրանք էլ են արդեն սովոր, որ գյուղում կա խնդիրը ու կապ չունի, տանը հիվանդ կա թե չէ, առաջին անհրաժեշտության դեղերը, ցավազրկողներ և ջերմիջեցնողներ ապահովության համար միշտ գնում են։
Նարինեն նաև հավելում է, որ որոշ ժամանակ անց, դեղերը չօգտագործելու դեպքում ստիպված են լինում դրանք նետել, որովհետև ժամանակին գնել են, մտածելով, որ կարող է պետք գա, իսկ հետո չեն օգտագործել ու դեղի պիտանելիության ժամկետը լրացել է։
Ընդգծենք, որ Ախալքալաք քաղաքում գործում է Aversi դեղատների ցանցի 3 դեղատուն, Pharmadepot և PSP դեղատների ցանցի մեկական դեղատուն, ինչպես նաև այլ դեղատներ, բացված անհատ ձեռնարկատերերի կողմից։
Հարցով, պլանավորվո՞ւմ է Ախալքալաքի շրջանի գյուղերում Aversi դեղատների բացում, Jnews-ը դիմեց Վրաստանում գործող Aversi դեղատների ցանցին։ Ըստ ստացած տեղեկությունների, Ախալքալաքի շրջանում դեռ չի ծրագրվում դեղատների բացում։ Նրանք նշեցին, որ այս շրջանում չունեն համապատասխան մարդկային ռեսուրս, դեղատան գործունեությունն ապահովելու համար։