Թբիլիսիում 20 օր անընդմեջ բողոքի ակցիաներ ու երթեր են ընթանում։ Այժմ դրանք ընթանում են համեմատաբար խաղաղ մթնոլորտում, առանց ցրումների, բռնությունների ու զանգվածային ձերբակալությունների, բայց չնայած ցրտին, շատերը գիշերում են փողոցում՝ պահանջելով Վրաստանի համար եվրոպական ապագա։

Դեկտեմբերի 16-ի գիշերը ցուցարարները կրկին Ռուսթավելի պողոտայում մնացին մինչև ուշ գիշեր։ Այսօր նախատեսվում են նաև մի քանի երթեր, որոնք կմիավորվեն խորհրդարանի մոտ բողոքի ցույցին։

Այս ընթացքում, մինչ Վրաստանի քաղաքացիները բողոքի ցույցեր են անցկացնում Թբիլիսիում, պատժամիջոցների և սահմանափակումների մասին նոր ազդանշաններ են հնչում Եվրոպայից և ԱՄՆ-ից։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վրաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստվում, ևս մեկ անգամ մտահոգություն է հայտնել վրացական ժողովրդավարության վիճակի վերաբերյալ:

Եվրախորհրդարանը հրավիրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Եվրախորհրդարանի անունից նա նույնպես համերաշխություն է հայտնել վրաց ժողովրդին և հայտարարել, որ եվրոպացի պատգամավորները կտրականապես դատապարտում են վրացական ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները և խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ԵՄ-ն համաձայնեցրել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու անհրաժեշտության մասին։

Այդ ընթացքում Թբիլիսիում պատրաստվում են դիմավորել Ամանորը։ Դեկտեմբերի 16-ի երեկոյան վառվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը և լուսավորությունը՝ առանց տոնական միջոցառման։