Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապրհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ առատ ձյան, ձնաբքի, ձնահյուսի վտանգի և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Վրաստանի ողջ տարածքում ճանապարհների տարբեր հատվածներում երթևեկության հատուկ ռեժիմներ են սահմանվել։

Գերատեսչությունից հայտնում են, որ աշխատանքներ են տարվում ճանապարհների մաքրման ուղղությամբ։

Առատ ձյան պատճառով միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 50-158 կմ հատվածում, Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստաֆոնի ներքին ավտոճանապարհին, Խաշուրի-Ախալցիխե-Վալե միջազգային ավտոճանապարհին, Ախալքալաք-Կարծախ միջազգային ավտոճանապարհին, Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ներքին ավտոճանապարհի Նակերալա լեռնանցքում և Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոճանապարհին կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակված է:

Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբի հատվածում ձնահոսքի բարձր վտանգով պայմանավորված, արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։ Բարդ եղանակային պայմանների պատճառով (ձյուն, բուք և սահմանափակ տեսանելիություն) ժամանակավորապես արգելված է երթևեկությունը նաև Վազիանի-Գոմբորի-Թելավի (Վերոնա-Թելավի) ներքին ավտոճանապարհի 36-64 կմ, Ախալցիխե-Նինոծմինդա (Նինոծմինդա-Հայաստանի Հանրապետություն) միջազգային ավտոճանապարհի 90-112 կմ հատվածում, ներպետական նշանակության Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե (գ. Պակսաձեեբի — Գոդերձի հանգստավայր) ավտոճանապարհի 86-106 կմ հատվածում, Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Տոնեթի միջպետական ավտոճանապարհին, ինչպես նաև Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա (Այազմա-Նինոծմինդա) ավտոճանապարհի 94-146 կմ հատվածում։

Գերատեսչությունը վարորդներին հորդորում է, չնայած ճանապարհները մաքրելու և տեխնիկական աղ լցնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, երթևեկել միայն ձմեռային անվադողերով սպասարկվող ավտոմեքենայով և առավելագույն ուշադրություն ցուցաբերել ճանապարհին։