Ամանորի նախաշեմին Ախալքալաքի մունիցիպալիտետի սոցիալական ծառայությունը միանվագ դրամական օգնություն կտրամադրի կարիքավոր բնակիչներին ու ընտանիքներին։ Ներկայումս Սոցիալական ծառայության առկա տվյալների հիման վրա կազմվում է այս ծրագրի շահառուների ցանկը, իսկ շահառուների թիվը և աջակցության չափը դեռ վերջնականապես որոշված չեն։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սոցիալական ծառայությունը որոշակի սոցիալական կարգավիճակ ունեցող որոշ բնակիչների կտրամադրի միանվագ դրամական օգնություն։
«Ամանորյա նվեր» կստանան հետևյալ սոցիալական կարգավիճակ ունեցող անձինք.
- Մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները
- Մինչև 18 տարեկան երկկողմանի որբերը
- Միակողմանի որբերը
- Փախստականները
- 100 տարեկանից բարձր տարեցները
- Մունիցիպալիտետի բազմազավակ ընտանիքները
«Այս նվերը մենք տրամադրում ենք առանց իրենց դիմումի, նրանք մեր ցուցակներում են, մենք մարդկանց ցուցակները հավաքում ենք, վերլուծում և հատկացնում ենք: Դեռևս քննարկվում է, թե ում և որքան հատկացնենք»,- ասաց քաղաքապետարանի աշխատակազմին կից Առողջապահության և սոցիալական աջակցության բաժնի պետ Անահիտ Յորդանյանը։
Նախորդ տարի քաղաքապետարանի կողմից ամանորյա նվեր է ստացել 350 շահառու։