Խանդո գյուղի բնակիչների կողմից պայմանականորեն ստեղծված փողոցների անվանումները, ինչպիսիք են օրինակ՝ «Խաչքարի մյլը», «Անկեսուր մյլը», «Ժամի մյլը» և այլն, հասկանալի են գյուղի բոլոր բնակիչների համար։ Ինչպես Խանդո, այնպես էլ Ախալքալաքի մյուս գյուղերում առկա է փողոցների ու տների հասցեավորման խնդիրը, որը որոշ գյուղերում սկսվել, բայց չի ավարտվել։
21-րդ դարում, ժողովրդի կողմից ստեղծված փողոցների անվանումները հնարավորություն չեն տալիս ապրել և քայլել դարին համահունչ։
Jnews-ը այս թեմայով զրույց է ունեցել Խանդո գյուղի բնակիչների հետ։
70-ամյա Լուսիկը, ով թոշակառու է, նշում է, որ հասցեավորման խնդիրը միշտ էլ եղել է գյուղում և անհանգստացրել է բնակիչներին։ Նրա կարծիքով, այն գյուղի կարևորագույն խնդիրներից մեկն է։
Լուսիկ Բասենցյանը հասցե չունենալու պատճառով հաճախ է բախվում խնդիրների։
«Ես արդեն բավականին մեծ տարիք ունեմ, 70 տարեկան եմ, ունեմ առողջական խնդիրներ․ հաճախ է հարկ լինում կանչել շտապ օգնություն, եթե կանչեմ շտապ օգնություն, չկա հասցե, ինչպե՞ս է գտնելու տունս, ապրում եմ մենակ, ո՞վ է դիմավորելու։ Ստիպված եմ լինում կանչել աղջկաս, ով չնայած որ գյուղում է ապրում, բավականին հեռու է բնակվում, կամ էլ կանչելու եմ հարևաններիս, որպեսզի դիմավորեն և ցույց տան տանս տեղը», – ասում է Լուսիկը։
Իսկ այն հարցին, թե գոնե դիմել է ինչ-որ մեկին խնդրին լուծում տալու համար, Լուսիկը պատասխանեց՝ ոչ։ Նա հույսը դրել է պետության վրա։
«Չնայած, որ բավականին մեծ խնդիր է, ոչ ոքի դեռ չեմ դիմել, հուսամ, պետությունը կամ տեղական ինքնակառավարման մարմիններն առաջ կքաշեն այս մեծ խնդիրը, և կփորձեն հնարավոր լուծում տալ», – ասում է Լուսիկը։
Հասցեավորման հետ կապված խնդրի մասին փոքրիկ զրույց ունեցանք նաև Խանդո գյուղի բնակիչ, ակտիվ երիտասարդ, 26-աամյա Սերգո Շիրինյանի հետ։
Սերգոն խնդիրը դիտարկում է ինչպես երիտասարդների տեսանկյունից, այնպես էլ մեծահասակների։
«Հասցե չունենալը մի շարք խնդիրների առաջ է կանգնեցնում մարդկանց: Օրինակ, երբ գալիս է շտապ օգնությունը, կամ երբ պետք է կանչել տաքսի։ Ժամանակակից աշխարհում երիտասարդների շրջանում մեծ տարածում ունի առցանց առևտուրը, բայց հասցեների բացակայության պատճառով, պատվերները պատվիրատուի մոտ միանգամից չի կարող հասնել», – ասում է Սերգոն։
Սերգոն գյուղի ակտիվ երիտասարդներից է, ում մշտապես հետաքրքրում է գյուղի հիմնախնդիրները, և միշտ փորձում է հետաքրքրվել, իմանալ, թե լուծման ի՞նչ փուլում է այս կամ այն խնդիրը։ Նա նշեց, որ տեղյակ է հասցեավորման գործընթացից։
«Ինչպես նշեցի, այն կարևորագույն խնդիրներից մեկն էր, բայց այն արդեն կարելի է որոշ չափով համարել լուծված: Ես Խանդո գյուղի բնակիչ եմ, և մեր փողոցը և տունն արդեն ունի հասցե», – ասում է Սերգոն։
Մագա Հակոբյանը, որվ ծնունդով Խանդո գյուղից է, սակայն հիմա բնակվում է Ախալքալաքում, նախկինում բախվելով հասցե չունենալու խնդրին, փորձել է ինքնուրույն լուծում գտնել։
«Թվայնացված այս դարում, անհասցե լինելն անհավատալի կարող է լինել շատերի համար ու խնդիրներ առաջացնել հանրության շրջանում: Ես բախվել եմ այս խնդրին 2018 թ․-ին, երբ մասնակցում էի միջազգային ծրագրի»։
Մագան նշում է, որ ժամանակին չի կարողացել միջազգային ծրագրի մասնակցել հենց այս խնդրի պատճառով և սկսել է փնտրել ճանապարհներ, խնդրին լուծում տալու համար։
«Այս հարցը բարձրաձայնել և քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի «խնդիրը» իր լուծումը գտնի։ Երկար ժամանակ աշխատել ենք, տները հասցեագրել, փողոցների անուններ ընտրել։ Մենք մեր կողմից աշխատանքները վերջացրել էինք, ու մինչև հիմա սպասում ենք խնդրի լուծմանը: Չնայած հասկանալի էր որ տների գրանցում չունենալու հարցը կարող էր երկարացնել գործընթացը», – ասում է Մագան։
Այս հարցի շուրջ զրույց ունեցանք նաև Ախալքալաքի Սակրեբուլոի պատգամավոր, Խանդո գյուղի բնակիչ Սարգիս Մելիքյանի հետ։
«Գյուղում առկա խնդիրները տարեցտարի պակասում են։ Հասցե չունենալու հարցը, ի ուրախություն մեզ, լուծման փուլում է: Հասցեավորման գործընթացը շատ տների համար հասցվել է ավարտին, բայց բացակայում են ցուցանակները։ Փողոցներն ամբողջությամբ համարակալված են, իսկ տների համարակալման գործն ընթացքի մեջ է», – ասում է Սարգիսը։
Մելիքյանի խոսքով, փողոցների և տների համարակալումների գործընթացը սկսվել է արդեն մի տարուց ավել, և մինչև հիմա էլ ընթացքի մեջ է։
«Գյուղի տների մեծ մասն արդեն համարակալված է, իսկ այն տները, որոնք դեռ չունեն հասցեներ, շուտով կունենան։ Փողոցները և տները հասցեավորված են թվերով, օրինակ՝ 23-րդ փողոց, 24–րդ փողոց և այլն»,- ասում է Սարգիսը։
Հարցին, թե որքանո՞վ է տեղեկացված բնակչությունը, Սարգիս Մելիքյանը պատասխանում է․
«Վերջին շրջանում ակտիվ աշխատում ենք, որպեսզի բնակչությանը տեղեկացնենք, որ խնդիրը մասամբ լուծված է, գյուղում բազմիցս քննարկել ենք այս հարցը և տեղեկացրել ենք բնակչությանը, որ Georgia Maps հավելվածում արդեն համարակալված են տների մեծամասնությունը»։
Հասցեավորման գործընթացը բարդ է և բավականին ժամանակատար։ Հուսանք, այն շուտով կլուծվի՝ և թե՛ մեծահասակները, և թե՛ երիտասարդները հասցեների բացակայության պատճառով այլևս չեն բախվի խնդիրների։