Երկաթուղային աշխատանքն դա այն ուղղությունն է, որը պետք է հետաքրքրեր Ջավախքի շատ բնակիչների, քանի որ այստեղ է գտնվում Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) միջազգային երկաթուղու գլխավոր կայանը։ Երկաթուղին արդեն յոթ տարի է, ինչ շահագործվում է, սակայն մասնագիտական կրթության այս ուղղությունը միայն վերջին տարիներին է սկսել տարածում գտնել։

Բաքու-Թբիլիսի-Կարս միջազգային նախագծի պատմությունը սկսվեց 2007 թվականին, երբ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համաձայնագիր ստորագրեցին դրա իրականացման վերաբերյալ։ Այդ ժամանակից շեշտը դրվեց այն բանի վրա, որ գլխավոր երկաթուղային կայարանը լինելու է Ախալքալաքում, քանի որ այստեղ է տեղի ունենում հին (լայն) ռելսերի փոխարինումը նոր եվրոպական (նեղ) ռելսերի, և հույս կար, որ այստեղ կսկսվեր զգալի տնտեսական զարգացում և տեղի բնակիչների զանգվածային աշխատանքի տեղավորում: 2008 թվականին, երբ պաշտոնատար անձինք նախագիծը ներկայացրին բնակչությանը, ասացին, որ շինարարության վրա աշխատելու են տեղացիները: Նրանք հանդիպեցին նաև բարձր դասարանների աշակերտների հետ, վերջիններիս ուղղություն տալով շարունակել ուսումը երկաթուղային տրանսպորտի ոլորտում, որպեսզի հետագայում նրանք կարողանան աշխատել ԲԹԿ-ում։

Այդ ժամանակ Ախալքալաքի քաղաքապետարանն ընդունում էր երկաթուղու վրա աշխատել ցանկացող տեղաբնակների դիմումները։ Մոտ 2000 դիմում է ընդունվել տարբեր մասնագիտությունների տեր բնակիչների կողմից, սակայն այդ ցուցակներից ոչ մեկն աշխատանքի չի ընդունվել։

Այն ժամանակ անգամ տեղացիների շրջանում որոշակի հիասթափություն տեղի ունեցավ: Տեղում չկար որակավորում ստանալու, այն հաստատելու կամ պատրաստվելու և վերապատրաստվելու հատուկ հնարավորություն: Համապատասխան ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ուսում ստանալ, Ջավախքում դեռ չկան։ Եվ միայն 2019 թվականին այստեղ հայտնի դարձավ Թբիլիսիում երկաթուղային քոլեջի գոյության մասին, որը, ինչպես տեղեկացնում են Երկաթուղային տրանսպորտի քոլեջից, հիմնվել է 2015 թ.-ին։

«Երկաթուղային տրանսպորտի քոլեջը հիմնադրվել է 2015 թվականին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության, «Վրացական երկաթուղի» ԲԸ-ի և Վրաստանի տեխնիկական համալսարանի համագործակցությամբ»,- ասվում է Jnews-ի ստացած այս հոդվածի պատասխան նամակում դեկտեմբերի 24-ին՝ հրապարակումից հետո։

Քոլեջն այս պահին իրականացնում է 13 երկարաժամկետ որակավորման մասնագիտական ​​կրթական ծրագիր, 5 մասնագիտական ​​կրթական ծրագիր, որը ներառում է հանրակրթական միջնակարգ մակարդակի ուսման արդյունքները, 15 կարճաժամկետ մասնագիտական ​​վերապատրաստման ծրագիր։

Սովորելուց հետո դիպլոմ ստանալու համար անհրաժեշտ է 6-ից 8 ամիս պրակտիկա անցնել։ Ոչ բոլոր ուսանողներն են ավարտում պրակտիկան, շատերը կիսատ են թողնում իրենց ուսումը, ինչպես ինքներն են ասում, բնակարանի և այլ ծախսերի պատճառով:

Ի պատասխան սույն հոդվածի և մասնավորապես ուսանողների պրակտիկայի ծախսերի, Երկաթուղային տրանսպորտի քոլեջից ստացված նամակում ասվում է. «Քոլեջում մասնագիտական ուսանողների վերապատրաստումն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետբյուջեից՝ վաուչերի միջոցով, և որպես լրացուցիչ խրախուսանք՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցում (այլ ոչ թե պրակտիկա) անցնող յուրաքանչյուր մասնագիտական ​​ուսուցում ստանում է սահմանված նվազագույն աշխատավարձ Վրացական երկաթուղու կողմից ամսական 250 լարի»:

collage

Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի քոլեջի ադմինիստրացիան Jnews-ին հայտնել է, որ քոլեջի Ջավախքցի ուսանողների թիվն աճել է։

«Ջավախքից ուսանողների թիվն ավելացել է հատկապես Թեթրիծղարոյի հիբրիդային կենտրոնի բացումից հետո»,- պատասխանեցին քոլեջից։

Jnews-ի տեղեկատվության հարցումին Քոլեջի պատասխանում ասվում է, որ.

  • Նինոծմինդայի մունիցիպալիտետից երկաթուղային քոլեջն ունի 3 մասնագետ ներկայիս ուսանողի կարգավիճակով և 2 շրջանավարտ
  • Ախալքալաքի մունիցիպալիտետից՝ ուսանողի ներկայիս կարգավիճակով 4 մասնագետ և կարճաժամկետ մասնագիտական պատրաստման/վերապատրաստման ծրագրերի 30 շրջանավարտ:

Քոլեջը հուշագիր ունի «Մարաբդա-Կարծախի երկաթուղի» ընկերության հետ, ըստ որի ընկերությունը պարտավորվում է պրակտիկա/ստաժավորում անցնելուց հետո աշխատանքի ընդունել քոլեջի ուսանողներին:

Երկաթուղային տրանսպորտի քոլեջի տվյալներով, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղում աշխատանքի են տեղավորվել մասնագիտական կրթական ծրագրերի 6 ուսանող և կարճաժամկետ մասնագիտական պատրաստման կամ վերապատրաստման 30 շրջանավարտ։

Վաղարշակ Անտոնյանը նրանցից է, ով երկաթուղային քոլեջում սովորելուց հետո աշխատում է ԲԹԿ-ում։

Այնուամենայնիվ, այս կամ այն պատճառով ոչ բոլորն են պրակտիկա անցնում: Արտաշես Մովսեսյանը սովորել է քոլեջում, սակայն պրակտիկա չի անցել ու դեռ դիպլոմ չի ստացել։

«Պրակտիկան մեր հաշվին է եղել, ես ժամանակին չեմ անցել պրակտիկան, գյուղատնտեսությամբ եմ զբաղվում, բայց, միևնույն է, ուզում եմ պրակտիկա անցնել, գոնե կարճ ժամանակով: Ես սովորել եմ, ու չէի ցանկանա, որ այդ ջանքերն ապարդյուն լինեին»,- ասում է Արտաշես Մովսեսյանը։

Որոշ ուսանողներ ավարտել են քոլեջը, այնուհետև աշխատանքի են անցել ԲԹԿ-ում, իսկ ոմանք էլ աշխատել են, ապա ընդունվել քոլեջ, իրենց մասնագիտությանը լիովին տիրապետելու և վկայական ստանալու համար:

«Աշխատում էի և սպասում էի, որ Ախալքալաքում քոլեջ բացվի, բայց հետո, տեսնելով, որ այստեղ չեն բացում, գնացի Թբիլիսի սովորելու, որպեսզի ավելի լավ տիրապետեմ մասնագիտությանս, ավելի գրագետ ու փորձառու դառնամ»,- ասաց ուսանողներից մեկը։

Քոլեջի շրջանային ուսումնական կենտրոնները կամ հիբրիդային կենտրոնները գործում են Թեթրիծղարոյում և Սամտրեդիայում: Ախալքալաքում նման կենտրոն բացելու հնարավորության մասին հարցին քոլեջից պատասխանեցին, որ պատրաստ են շրջանային մասնաճյուղ բացել Ախալքալաքի մունիցիպալիտետում, եթե բնակչության կողմից պահանջարկ լինի։

Նյութում օգտագործված լուսանկարները վերցված են Երկաթուղային տրանսպորտի քոլեջի կայքից


ეს მასალა შექმნილია ევროკავშირის (EU) ფინანსური მხარდაჭერით. მის შინაარსზე პასუხისმგებელია ააიპ “ღია საზღვრები” და შესაძლოა, რომ იგი არ გამოხატავდეს ევროკავშირის შეხედულებებს.

Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է շահույթ չհետապնդող «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
მასალა შექმნილია პროექტის „სამოქალაქო საზოგადოების გაძლიერება სოციალურ, ეკონომიკურ და პოლიტიკურ ცხოვრებაში თანაბარი და სრულყოფილი მონაწილეობისთვის“ ფარგლებში, განმახორციელებელი HEKS\EPER Georgia-ს მიერ რეგიონალურ პარტნიორ ორგანიზაციებთან, სამოქალაქო ინტეგრაციის ფონდი (CIF) – ქვემო ქართლი, სამოქალაქო საზოგადოების ფორმირების ხელშემწყობი ცენტრი (SCCSF) – სამცხე-ჯავახეთი, თანამშრომლობით.
Նյութը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS-EPER Georgia-ի կողմից, տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Քվեմո Քարթլիում «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի (CIF) և Սամցխե-Ջավախքում «Քաղաքացիական հասարակության ձևավորման կենտրոն»-ի(SCCCF)։