
Վրաստանում բողոքի ցույցերը շարունակվում են, որոնց ակտիվ մասնակցում են ուսանողները։ Այսօր ԹՊՀ-ի բակում հավաքվել էին ուսանողները, ովքեր երթով միացան խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին:
Ուսանողները տարբեր գրություններով, ցուցանակները պարզած երթով միացել են ցուցարարների խմբին:
Նրանք պահանջում են, որ բոլոր ուսանողներն ու դասախոսները միանան դասադուլին և պայքարեն երկրի եվրոպական ապագայի համար:
Այսօր ուսանողները հայտարարություն եմ տարածել, որում մասնավորապես նշված է.
«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի հստակ ու պարզ արտահայտենք մեր կարծիքը, անհնար է տարանջատել ակադեմիական ուսումնառությունն ու քաղաքական գործընթացները։ Քանի որ երկրում ընթացող գործընթացներն առանց խտրականության ազդում են բոլորի վրա։ Մենք կտրականապես դատապարտում ենք հակաեվրոպական արտաքին քաղաքականություն վարելու ոչ լեգիտիմ, կրկնում ենք, ոչ լեգիտիմ իշխանության որոշումը։ Իհարկե, մեզ համար անընդունելի է հանրահավաքի մասնակիցների, ցուցարարների և լրագրողների դեմ ուղղված բռնությունը, անընդունելի է խաղաղ հանրահավաքը ցրել նման դաժան ձևով։
Բարոյական տեսանկյունից անընդունելի ենք համարում նաև այն փաստը, որ բուհի տարածքը ապաստան է դարձել նույն բուհի ուսանողների վրա դաժանորեն հարձակվելու եկած հատուկջոկատայինների համար»։
Նրանց խոսքերով, չեն դադարեցնելու դասադուլը և կոչ են անում բոլորին միանալ իրենց: