նորություններ 7 Դեկտեմբերի, 2024 • Վրաստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին քննարկումներ են ընթանում վիզային ռեժիմի կասեցման մասին

Հաշվի առնելով Վրաստանում տեղի ունեցող զարգացումները՝ քննարկումներ են ընթանում առանձին կատեգորիայի անձանց համար վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմի հնարավոր ներդրման շուրջ, ասված է «Վիզայի կասեցման մեխանիզմի» մասին Եվրահանձնաժողովի 7-րդ զեկույցում։

Նշվում է՝ վիզայի ազատականացման բոլոր չափանիշներին համապատասխանելու և կասեցման մեխանիզմի հնարավոր ներդրումից խուսափելու համար Վրաստանը պետք է հետագա հրատապ միջոցներ ձեռնարկի Եվրահանձնաժողովի առաջարկությունները կատարելու համար:

Եվրահանձնաժողովը առաջարկությունների տեսքով առանձնացնում է կոնկրետ հարցեր.

Ապահովել և պաշտպանել Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները, ներառյալ միավորումների, հավաքների և արտահայտվելու ազատությունը, գաղտնիության իրավունքը, հանրային գործերին մասնակցելու իրավունքը և խտրականության արգելքը:
Չեղյալ համարել և հանել օրենքի ցանկացած դրույթ, որը կարող է սահմանափակել հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք հակասում են խտրականության սկզբունքին և համապատասխան եվրոպական և միջազգային չափանիշներին: Մասնավորապես, չեղյալ համարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը («Գործակալների օրենք»-հեղ.) և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» («ՀակաԼԳԲՏ օրենք») օրենսդրական փաթեթը, ինչպես նաև փոփոխել Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը՝ ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների լիարժեք հարգումն ապահովելու համար։
Համապատասխանեցնել Վրաստանի վիզային քաղաքականությունը ԵՄ-ի երրորդ երկրների ցանկին, որոնք վիզա են պահանջում, հատկապես այն երկրների համար, որոնք ԵՄ-ի համար անօրինական միգրացիա կամ անվտանգության վտանգ են ներկայացնում:
Ուժեղացնել ջանքերը՝ ուղղված ապաստանի անհիմն պահանջների և անդամ պետություններում անկանոն ներկայության խնդրին. օրինակ՝ միգրանտների համապատասխան կատեգորիայի համար առանց վիզայի ճանապարհորդության վերաբերյալ տեղեկատվական արշավներ իրականացնելով և սահմանային ստուգումները խստացնելով։
Ստեղծել ակտիվների վերականգնման գրասենյակ և ակտիվների կառավարման գրասենյակ և շարունակել աշխատել ակտիվների հետագծման, սառեցման, կառավարման, բռնագրավման և լուծարման ուղղությամբ:
Ընդունել նոր հակակոռուպցիոն ռազմավարություն և գործողությունների ծրագիր, հատկացնել բավարար ռեսուրսներ դրա իրականացման համար և հատուկ ուշադրություն դարձնել բարձր մակարդակի կոռուպցիոն գործերի քննությանը, քրեական հետապնդմանը և դատավճիռներին։
Փոփոխել «Հակակոռուպցիոն բյուրոյի մասին» օրենքը՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի հիմնական առաջարկությունները, հատկապես նրանք, որոնք վերաբերում են Հակակոռուպցիոն բյուրոյի անկախությանը, քաղաքական չեզոքությանը և գործառույթներին:
Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին:
Բրյուսելի «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների համաձայն՝ Եվրամիության կողմից Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման կասեցումը դեռևս դիտարկվում է որպես «Վրացական երազանք»-ի կառավարության «հակաժողովրդավարական և հակաարևմտյան քայլերի» պատասխան։ Նշվում է, որ դեկտեմբերի 16-17-ը նախատեսված են Եվրամիության արտաքին գործերի և ընդհանուր գործերի խորհուրդների նիստերը, որի ընթացքում էլ քննարկվելու է վերոնշյալ հարցը:

Աղբյուրը՝ Aliq.ge

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝