նորություններ 6 Դեկտեմբերի, 2024 • Բնակչության մարդահամար 2024. Ինչո՞ւ է կարևոր մարդահամարը կատարողին տալ ճշմարիտ տեղեկություն

Արդեն ութերորդ օրն է, ինչ Վրաստանի վիճակագրական ծառայության կողմից վերապատրաստված մարդահամար անցկացնողները 2024 թվականի մարդահամարի շրջանակներում հարցազրույցներ են վարում Վրաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչների շրջանում: Ախալքալաքում գործընթացը բարդանում է նրանով, որ մարդիկ անվստահությամբ են վերաբերվում մարդահամարը կատարողներին: Սակայն ճիշտ տեղեկատվություն տրամադրելը կարևոր է, քանի որ բոլոր ծրագրերն ու ռազմավարությունները հիմնված են մարդահամարի տվյալների վրա, և եթե դրանք սխալ են, ապա այս կամ այն ոլորտի զարգացմանն ուղղված գործողությունները չեն կարող տալ ցանկալի արդյունք:

Սուլդա գյուղի բնակիչ Գևորգ Ջանոյանն այս տարի նույնպես սեփական և հարակից գյուղերում մարդահամար է վարում։ Նրա խոսքով՝ հայրենի գյուղում դժվարություններ չի ունեցել, գուցե այն պատճառով, որ այնտեղ բոլորն են իրեն ճանաչում:

«Մեր գյուղում ամեն ինչ լավ է ընթանում, մարդիկ ինձ լավ են ընդունում: Կոմունա և Բոզալի գյուղերում կան որոշակի դժվարություններ, քանի որ մեր ժողովուրդը մի փոքր այլ կերպ է մտածում, և ինձ այնտեղ չեն ճանաչում»,- ասաց նա:

Մարդահամար կատարողին կարող եք ճանաչել նրա կրծքանշանով, որտեղ գրված է նրա անունը և այն, որ նա զբաղվում է բնակչության մարդահամարով։

«Մեզ տվել են կրծքանշան, որի վրա գրված է իմ անունը, և որ ես մարդահամար եմ վարում: Կեպիներ էլ ունենք, բայց ցրտի պատճառով չենք կրում դրանք, ինչպես նաև պայուսակ ու պլանշետ»,- պատմում է Գևորգը։

Ախալքալաքում և գյուղերում մարդիկ երբեմն ընդհանրապես թույլ չեն տալիս մարդահամար վարողներին իրենց տուն մտնել, երբեմն էլ կեղծ տեղեկություններ են տալիս։ Այս խնդրով Jnews-ին է դիմել մարդահամար իրականացնողներից մեկը՝ նշելով, որ մարդահամարի գործընթացը շատ վատ է ընթանում։

«Մենք պետք է բացատրենք, թե ինչու է անհրաժեշտ մարդահամարը և գյուղատնտեսական շրջանները, օրինակ, այսօր վախից և կասկածից ինձ ստեցին, որ ոչ ոք չի աշխատում, բայց տանը բոլոր հարմարավետ պայմանները եղել են»,- ասում է նա։

Ախալքալաքի մունիցիպալիտետում մարդահամարի պատասխանատու Անիկո Կավրելիշվիլին Jnews-ին պատմել է շրջանում առաջացող խնդիրների մասին և կոչ է արել բնակչությանը աջակցել և կեղծ տեղեկություններ չտալ մարդահամար իրականացնողներին։

Նրա խոսքով, գյուղերում մարդիկ ամենից հաճախ կեղծ տեղեկություններ են տալիս անասունների թվաքանակի կամ հողատարածքի մասին: Երբեմն նրանք լռում են, թե որտեղ են աշխատում բացի հողագործությունից։ Քաղաքում խնդիրը մի փոքր այլ է, մարդիկ հաճախ ընդհանրապես չեն բացում դուռը կամ հրաժարվում են զրուցել մարդահամար կատարողի հետ:

«Փորձել եմ որպես մարդահամար անցկացնող ընդունել այն մարդկանց, ովքեր այդ գյուղերից են, որ վստահություն լինի նրանց նկատմամբ, բայց այն գյուղերում, որտեղ կադրեր չէինք գտնում, ստիպված էինք նշանակել այլ վայրերից մարդկանց: Թեև նշեմ, որ եղել են դեպքեր, երբ գյուղացին անգամ սուտ տեղեկություններ է տվել իր համագյուղացուն։ Հիմնականում մեզ համար ամենադժվարը քաղաքում է։ Գյուղերում քաղաքապետի միջնորդությամբ մեզ օգնում են մասնագետները, ովքեր զգուշացնում և տեղեկացնում են բնակչությանը»,- պատմում է նա։

Նախորդ մարդահամարի ժամանակ, 10 տարի առաջ, ըստ Անիկոյի, բնակչության կողմից անվստահության խնդիր չկար: Նա ընդգծում է, որ մարդահամարը բնական գործընթաց է, որն ուղղված է տվյալների հավաքագրմանը և իրականացվում է 10 տարին մեկ, իսկ կեղծ տեղեկատվության տրամադրումը կնպաստի, որ պետությունը ստանա աղավաղված վիճակագրական տվյալներ և չի կարողանա արդյունավետ որոշումներ կայացնել երկրի զարգացման համար։

«Եթե հետագայում որևէ տվյալ պետք լինի, ապա այն սխալ տվյալները, որ հիմա նրանք ասեն, խնդիրներ կառաջացնի: Օրինակ, եթե մունիցիպալիտետը ինչ-որ մի բանից 10 միավոր ունի, և մենք արձանագրել ենք 3-4, սա խնդիր կլինի: Ապագայում կեղծ տեղեկությունների պատճառով մենք չենք կարողանա ճիշտ որոշում կայացնել: Մենք շատ կուզենայինք, որ մեր խոսքը հասնի բնակչությանը, և նրանք, որպես կանոն, ընդունեին մարդահամարներն անցկացնողներին և տրամադրեին ճշմարիտ, ճշգրիտ տեղեկատվություն: Բնակչությունը վախենալու բան չունի, անընդունելի բան չկա, սա նորմալ գործընթաց է, որը լինում է 10 տարին մեկ։ Որքան ճշգրիտ տեղեկատվություն լինի, այնքան լավ: Պետությունը պետք է իմանա, թե որ հողերն են մասնավոր, որոնք՝ պետական, դրանում վատ բան չկա։ Իսկ մարդահամար վարողները պարտավոր են գրել միայն այն, ինչ ասում է քաղաքացին, նույնիսկ եթե գիտեն, որ նա ստում է»,- ասում է Անիկոն։

Նա հավելում է, որ լեզվական խնդիր գրեթե չկա, քանի որ մարդահամարի համար աշխատանքի են ընդունվել և՛ հայերեն, և՛ վրացերեն խոսող մարդիկ։

Հիշեցնենք, որ Վրաստանում 2024 թվականի մարդահամարը սկսվել է նոյեմբերի 14-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 19-ը։ Մարդահամարին զուգահեռ կանցկացվի նաև գյուղատնտեսական հաշվառում։ Սոցիալ-ժողովրդագրական տվյալներից բացի, հատուկ հարցաթերթիկը տեղեկատվություն կհավաքի ընտանիքների գյուղատնտեսական գործունեության, տնային տնտեսությունների կողմից օգտագործվող հողերի կառուցվածքի, անասնագլխաքանակի և թռչնաքանակի, ինչպես նաև այլ կարևոր տվյալներ մունիցիպալիտետների, տարածքային միավորների և գյուղերի մակարդակով: Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև Վրաստանի տարածքում ապրող օտարերկրացիները (նախատեսում են երկրում մնալ ավելի քան 12 ամիս) և քաղաքացիություն չունեցող անձինք (նախատեսում են երկրում մնալ ավելի քան 12 ամիս) պարտավոր են անցնեն մարդահամար:

Վրաստանի «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածների համաձայն՝ անհատական տվյալները գաղտնի են և ենթակա չեն հրապարակման: Հարցվողների անհատական տվյալները պահպանվում են Վրաստանի օրենսդրությանը համապատասխան:

Մարդահամարի արդյունքում արդի տեղեկատվություն կստացվի բնակչության թվաքանակի, սեռատարիքային կազմի, զբաղվածության, կրթական մակարդակի, առողջական վիճակի, ապրուստի աղբյուրների և կենսապայմանների մասին:

Մարդահամարի գյուղատնտեսական մասի շրջանակներում կհավաքագրվեն տնային տնտեսությունների գյուղատնտեսական գործունեության վերաբերյալ տվյալներ։ Մարդահամարի նախնական արդյունքները կհրապարակվեն 2025 թվականի հունիսին, իսկ վերջնական արդյունքները՝ 2026 թվականի հունիսին»,- ասվում է Վրաստանի պետական վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝