
Արդեն 7 օր անընդմեջ Թբիլիիսիում բողոքի ցույցեր են ընթանում՝ ընդդեմ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնելու «Վրացական երազանքի» որոշման։ Բողոքի ակցիաները հավաքվում են երեկոյան և տեւում են մինչև առավոտ։ Դեկտեմբերի 5-ին ակցիան ավարտվել էր առավոտվա ժամը 4-ին։ Գիշերվա ընթացքում ցուցարարները երգում էին, բողոքում, սնունդ էին պատրաստում… իսկ անվտանգության ուժերը զբաղված էին ցուցարարներին բերման ենթարկելով և գազային պարկուճների միջոցով բողոքի ակցիան ցրելով։
Գիշերը ցուցարարները կոչ են արել ուժայիններին անցնել իրենց կողմը, նրանք ուժայիններին բացատրել են իրավիճակը և ցույց տվել, որ պայքարում են մերկ ձեռքերով, իսկ իրավապահները կիրառում են գազի պարկուճներ, ջրցան մեքենաներ և մահակներ։
Գիշերը ցուցարարների ուղղությամբ գազային պարկուճներ են արձակվել, սակայն նրանք չեն ցրվել։
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Վրաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Ախալցիխեում։