Վրաստանի մայրաքաղաքում տիրող իրավիճակի մասին Jnews-ի հարցերին է պատասխանում քաղաքագետ Գելա Վասաձեն։
Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում, ի՞նչ արդյունքներ կունենան երկրի համար ցույցերը։
– Բողոքի ցույցերը պարզապես ակտիվ հասարակության մի մասի կամ հասարակության ակտիվ մասի դիրքորոշման արտացոլումն է եվրաինտեգրման փաստացի մերժման և, ըստ էության, Վրաստանին ռուսական աշխարհի մաս դառնալու հրավերի նկատմամբ։ Բողոքի ցույցերն ընդամենը հետևանք են: Այն, որ մենք կլինենք ռուսական աշխարհի մի մասը։ Հասարակությունը սրան է դիմակայում։ Ինչ վերաբերում է արտաքին ազդեցության մասին օրենքին, այլ օրենքներին, ընտրությունների վրա միջազգային ազդեցությանը, Կոբախիձեի հայտարարություններին, սրանք բոլորը մեկ շղթայի օղակներ են, այս ամենը պետք է դիտարկել որպես ամբողջություն։
Նախագահը ոչ լեգիտիմ է հայտարարում իշխանությանը, սա ի՞նչ է նշանակում:
– Նա (խմբ.՝ նախագահը) նկատի ունի, որ ինքն իշխանության միակ ինստիտուտն է հանդիսանում։ Նա ասում է, որ պետք է վերադարձնել հին խորհրդարանը և կայացնել նոր ընտրություններ անցկացնելու մասին որոշում։
«Վրացական երազանքը» կարո՞ղ է զիջել այս հարցում։
– Իրավական առումով դա հնարավոր է, գործնականում կարծում եմ՝ ոչ, նրանք չեն համաձայնվի սրան։ Որովհետև նրանք իրենց շատ հարմարավետ են զգում իշխանությունում և չեն ցանկանում թողնել այն։ Ամեն ինչ անում են իշխանությունում մնալու համար:
Ինչպիսի՞ն կարող է լինել այս իրավիճակի լուծումը։
– Կա երեք տարբերակ. Առաջին տարբերակը, որի մասին խոսել է նախագահը (վերադարձնել հին խորհրդարանը, նշանակել նոր ընտրություններ), որը քիչ հավանական է։ Երկրորդ, այսպես կոչված, հակահեղափոխական տարբերակը, երբ ամեն ինչ կմաքրեն, քաղաքացիական ազատությունները կսահմանափակվեն, և պարզապես ավտորիտար ռեժիմ կլինի։ Եվ երրորդ տարբերակն այն է, երբ նախագահը կձևավորի քաղաքական կենտրոն, որի ներքո կգնա ամբողջ պետական ապարատը, և ըստ այդմ՝ նրանք կմնան առանց ոչ մի բանի։ Ժամանակավոր կառավարություն կլինի, և ընտրություններ կանցկացնեն:
Ինչ-որ բան փոխու՞մ է այն փաստը, որ որոշ պետական ծառայությունների աշխատակիցներ հայտնել են իրենց դիրքորոշումն այս հարցի շուրջ։
– Սկզբունքորեն փոխվում է, դա փաստացի պայմաններ է ստեղծում երրորդ տարբերակի համար։
Կարևո՞ր է, որ ուժայինները (ոստիկանությունը և բանակը) աջակցեն ցուցարարներին։
– Ոչ, բավական է, որ ամբողջ պետական ապարատն անցնի, բայց ինչ վերաբերում է ոստիկանությանն ու բանակին, նրանք կանցնեն, բացառությամբ նրանց, ովքեր հիմա կանգնած են հրապարակում։ Բայց, ի դեպ, կա վարկած, ես բարձրաձայնում եմ բողոքի ակցիայի մասնակիցների վարկածը, որ սրանք ամենևին էլ ոստիկանություն չեն, որ սրանք այն տիտուշկաներն (ուկրաինական հավաքական տերմին, սադրիչներ և վարձկաններ, որոնք կազմակերպում են ուժային սադրանքներ, ծեծկռտուքներ և իշխանությունների կողմից կիրառված ֆիզիկական ուժի կիրառմամբ այլ գործողություններ) են, որոնց ոստիկանություն են ընդունել հենց հիմա՝ վերջերս։
Իսկ ինչ վերաբերում է փողոց դուրս եկած երիտասարդների շարժմանը, այն վերահսկվո՞ւմ է ինչ-որ մեկի կողմից, ուղղորդվո՞ւմ է, թե՞ պարզապես ինքնաբուխ բողոքի շարժում է։
– Նպատակը Վրաստանի եվրոպական ապագան պաշտպանելն է, բայց վերահսկողություն ու ուղղորդում չկա, քանի որ իրենք են ինչ-որ մեկին վերահսկում ու ուղղորդում։
Ցուցարարների կողմից կոնկրետ պահանջներ հնչո՞ւմ են, օրինակ, որ «Վրացական երազանքը» պետք է հեռանա։
– Նրանք վանկարկում են, որ նրանք (խմբ. Վրացական երազանքը) պետք է հեռանան։ Գոռում են, պարզապես այլ բան է, որ դա չի բարձրաձայնվում քաղաքական գործիչների կողմից, քանի որ երիտասարդները չեն հավատում քաղաքական գործիչներին։
Համագործակցության դադարեցման մասին ԱՄՆ հայտարարությունները, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի պատժամիջոցները և այլն ինչ-որ կերպ ազդում են իրավիճակի վրա։
– Սա սկզբունքային ազդեցություն ունի, եթե այս հայտարարությունները չլինեին, դիմադրելը իմաստ չէր ունենա։ Հետո ամենահավանականը կլիներ այն տարբերակը, որ «Վրացական երազանք»-ը կճնշի բոլորին։
Բողոքի ակցիաներին շատ են բռնությունները լրատվամիջոցների, երիտասարդների նկատմամբ, ինչո՞ւ է ոստիկանությունը բռնություն գործադրում։
– Իշխանությունները որոշել են ահաբեկել երիտասարդներին ու լրատվամիջոցներին։ Եթե մոտակայքում լրատվամիջոց չկա, ուրեմն շատ դաժան են ծեծի ենթարկում։ Նրանք որոշել են վախեցնել բոլորին, որպեսզի դուրս չգան։ Արդյո՞ք սա որևէ ազդեցություն ունի թե, ընդհակառակը, մեծացնում է դիմակայությունը։ Սա, իհարկե, մեծացում է, երիտասարդները շատ զայրացած են դրա պատճառով:
Ինչ վերաբերում է ավագ սերնդին, ինչպե՞ս է այն վերաբերվում բողոքի ակցիաներին։
– Իրենք էլ են դուրս գալիս, բայց իրենք իրենց բողոքն ունեն, նրանք հո չեն կրակելու կամ վազվզեն ջրցան մեքենաների տակով։ Ինչ անում են 18-17 տարեկան տղաները, նույնը հո՞ չեն անի 40 կամ 50 տարեկանները: