Դեկտեմբերի 2-ին սկսված բողոքի ակցիան ավարտվել է դեկտեմբերի 3-ի առավոտյան։ Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարները շարժվել են դեպի Ճավճավաձե՝ միանալով Թբիլիսիի պետական համալսարանի մոտ բողոքի ցույց անող ուսանողներին։ ԹՊՀ առաջին շենքի մոտ ցուցարարները լքել են տարածքը ոստիկանական ուժերի հայտնվելուց հետո։

Մինչ այս ցուցարարներից ոմանք փակել են ԹՊՀ առաջին շենքի մոտ ճանապարհը, բարիկադներ կազմակերպել ու կրակ վառել։

Տարածքն ամբողջությամբ գրավել են հատուկ ջոկատայիններն ու իրավապահները։ Նրանք ազատում են Ճավճավաձեի պողոտան ցուցարարների կողմից կանգնեցված բարիկադներից։

Գիշերը Ռուսթավելի պողոտայում պարբերաբար իրավիճակը ցուցարարների և իրավապահների միջև լարվում էր։ Ցուցարարները ևս բարիկադներ էին կառուցում ու հրկիզում դրանք՝ բաց թողնելով հրատեխնիկա և այլ միջոցներ։ Իսկ ուժայինները պարբերաբար արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ էին կիրառում՝ ցույցը ցրելու նպատակով։

Լուսանկարն արվել է նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը