
Թբիլիսիում հակակառավարական և եվրոպամետ զանգվածային ցույցերը շարունակվում են, որոնք կրկին թափ առան այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը: Բողոքի ցույցերն ընթանում են ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով: Այսօր խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին երթով միացել են նաև դասախոսներ և ուսանողներ:
Բողոքի երթը սկիզբ է առել Իլիայի պետական համալսարանից, որին միացել են ԹՊՀ-ի ուսանողները և դասախոսները, նրանք երթով շարժվել են դեպի խորհրդարան: Բողոքի երթի մասնակիցները իրենց հետ ունեին ցուցանակներ տարբեր գրություններով՝ «Ոչ ֆաշիզմին», «Ազատություն անօրինական բանտարկյալներին»,«Ակադեմիական ազատությունը վտանգված է», «Մենք կհաղթենք այս պատերազմը»:
Ուսանողները «Վրաստան» վանկարկելով փակել են փողոցներ, կոչ անելով բոլորին միանալ իրենց և պայքարին:
Նրանց կոչ են անում նաև բոլոր դասախոսներին և ուսուցիչներին միանալ իրենց, քանի որ նրանց համոզմամբ այս պահին կասկածի տակ է դրված կրթական համակարգը և դասերին մասնակցելը իմաստ չունի, երբ երկիրը գտնվում է այս իրավիճակում: Ուսանողները հայտարարել են նաև դասադուլի մասին, որը կշարունակեն այնքան, մինչև իրենց ձայնը լսելի դառնա և պահանջները բավարարվի:
Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) ուսանողները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Նրանք պահանջում են նոր ընտրություններ, ինչպես նաև ԹՊՀ-ում ուսումնական գործընթացի կասեցում։
Հայտարարությանը ծանոթացեք ստորև.
«Նոյեմբերի 28-ին, ոչ լեգիտիմ խորհրդարանի կողմից ընտրված կառավարության ղեկավարը կրկին դուրս եկավ Սահմանադրության շրջանակներից և հրաժարվեց երկրի եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու գործընթացից։
Այս որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս դե ֆակտո իշխանության անգործությունը և անհամատեղելիությունը ժողովրդի կամքի հետ։
Վերջին օրերին մենք տեսանք երիտասարդների և հասարակության լայն շրջանակների օրինական բողոքի ակցիաները․ նրանք պայքարում են ժողովրդավարական արժեքները պաշտպանության համար։
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ԹՊՀ-ի ուսանողները և դասախոսների մի մասը, հայտարարում ենք դասադուլ, որը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև երկիրը վերադառնա սահմանադրական դաշտ։ Մեր հիմնական պահանջներն են.
1. Նոր ընտրությունների նշանակում չեզոք ընտրական հանձնաժողովի և անկախ պետական ինստիտուտների կազմակերպմամբ։
2. ԹՊՀ-ի վարչության կողմից կրթական գործընթացը կասեցնելու մասին հայտարարություն՝ մինչև վերը նշված պահանջի կատարումը։
3. Շուրջօրյա մուտք դեպի ԹՊՀ կենտրոնական մուտք ցուցարարների և վիրավորների համար:
Միաժամանակ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում խաղաղ ցուցարարներին, ովքեր ապօրինաբար բերման են ենթարկվել կամ վիրավորվել փաստացի իշխանությունների կողմից անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով։ Միասին պաշտպանենք սահմանադրական կարգն ու եվրատլանտյան ապագան: Մեր քվեն անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանը դառնա ազատ, ժողովրդավարական և եվրոպական երկիր»,- ասված է հայտարարության մեջ։