
Ախալքալաքցի պատանի դաշնակահար Արսեն Կարապետյանը շարունակում է զարգացնել իր մասնագիտական հմտությունները։ Ներկայումս նա սովորում է Թբիլիսիում, ինչպես նաև մասնակցում է տարբեր մրցույթների ու փառատոների՝ նվաճելով էլ ավելի մեծ բարձունքներ։
Դաշնակահարի վերջին ձեռքբերումներից է մասնակցությունը «Փառատոնից փառատոն» դասական երաժշտության փառատոնին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 20-24-ը՝ Բաթումիում։ Փառատոնին Արսենը ելույթ է ունեցել սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով Յ. Ս. Բախի (ռե մինոր, №1) բարդագույն համերգներից մեկը։
Այս տարվա մարտին նա մասնակցել է «Ապագայի աստղեր» մրցույթին, որտեղ 2-րդ անվանակարգում գրավել է մրցանակային առաջին տեղը, ինչի արդյունքում հրավիրվել է Բաթումի՝ վերոնշյալ փառատոնին։
Արսենի հարազատները շնորհակալություն են հայտնում Ախալքալաքի քաղաքապետարանին, որը հոգացել է փառատոնին մասնակցելու ծախսերի մի մասը։
Այժմ Արսենը սովորում է Թբիլիսիի Է. Միքելաձեի անվան կենտրոնական երաժշտական դպրոցում՝ կոնսերվատորիայի պրոֆեսոր Նինո Քաթամաձեի դասարանում։ Տարվա ընթացքում Արսենը տարբեր երկրներում մասնակցել է տարբեր մրցույթների ու փառատոների, և ամեն տեղ նա ներկայացրել է իր հայրենի քաղաքը՝ Ախալքալաքը։
Նշենք, որ արդեն երկու սան, Ախալքալաքի երաժշտական դպրոցում ուսուցչուհի Սվետլանա Կարոյանի մոտ սովորելուց հետո, ուսումը շարունակում են Թբիլիսիում՝ Է.Միքելաձե անվան կենտրոնական երաժշտական դպրոցում՝ Արսեն Կարապետյանն ու Անահիտ Ստելմաշովը, և արժանացել են միջազգային ճանաչման: