նորություններ 26 Նոյեմբերի, 2024 • Փոսերն Ախալքալաքի կենտրոնում. Երթևեկությունը քաղաքում բարդ և վտանգավոր է

Ախալքալաքում ձյուն է տեղացել, ջրափոսերը լցվել են, որոնք էլ ավելի վտանգավոր են դարձել։ Բազում խորը փոսերով քաղաքի կենտրոնը դարձել է դժվարանցանելի, մեքենաների թիվն ավելացել է, իսկ կիսատ-պռատ փոսային նորոգումն ամբողջությամբ չի լուծել խնդիրը։

Ախալքալաքում առատ ձյուն է տեղացել, փողոցներում մեքենաների թիվն ավելացել է, քանի որ Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները, ովքեր արտագնա աշխատանքի էին մեկնել, աստիճանաբար վերադառնում են և իրենց մեքենաներով երթևեկում քաղաքում։ Ախալքալաքի կենտրոնում փողոցները նեղ են և հաճախ չեն տեղավորում այնքան մեքենաներ, որքան տեղաշարժվում են քաղաքում ձմռանը և հատկապես տոն օրերին:

Այս բոլոր գործոնները ցույց տվեցին, թե որքան բարդացել է քաղաքում երթևեկությունը։ Որոշ կենտրոնական փողոցներում երկու կողմից մեքենաներ են կանգնած, իսկ մեջտեղում՝ հսկայական փոսեր են։ Վարորդները վարելիս պետք է մտածեն, թե ինչպես խուսափել վթարից կամ հսկայական, խորը փոսի մեջ ընկնելուց:

Jnews photo - 1

Խորը փոսերը Ճավճավաձե-Ազատություն խաչմերուկում են, նաև Ճավճավաձե-Նալբանդյան խաչմերուկում և այլն։ Փոսային նորոգումը սովորաբար կատարվում է այնպես, որ լցված ասֆալտի կցվանքների վրա աստիճանաբար նոր փոսեր են գոյանում՝ ժամանակի ընթացքում խորանալով։ Ախալքալաքի և գյուղերի ճանապարհների բարեկարգման, այդ թվում՝ փոսային նորոգման մրցույթը հայտարարվել է մի քանի անգամ։ Վերջապես ապրիլ-մայիսին այն շահել էր «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը 350 հազար լարիի չափով։ Ազատության կենտրոնական փողոցում փոսային նորոգում էր իրականացվել, սակայն հարակից փողոցներում մնացել են փոսեր, որոնք էլ ավելի են խորանալու ձմռան գալու և առատ տեղումների հետ։ Որոշ բնակիչներ իրենք ավազ կամ այլ բան են լցնում փոսերի մեջ, որպեսզի չվնասեն իրենց մեքենաները, իսկ ոմանք նույնիսկ բետոնապատել են փոսերը՝ չսպասելով փոսային նորոգմանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝