Արժույթի միջազգային հիմնադրամը վերջերս հրապարակել է համաշխարհային տնտեսության մասին զեկույցը, ըստ որի Վրաստանը 191 երկրների շարքում 74-րդն է բնակչության մեկ շնչին բաժին ընկնող միջին տարեկան եկամուտով։
Երկրների միջև եկամուտները համեմատելու համար սովորաբար օգտագործվում է ՀՆԱ-ն, որը հաշվարկվում է գնողունակության համարժեքության միջոցով:
Քանի որ ցածր եկամուտ ունեցող երկրներում գները սովորաբար ավելի ցածր են, քան բարձր եկամուտ ունեցող երկրներում, աղքատ երկրներում եկամտի գնողունակությունը միշտ ավելի բարձր է: Այդ երկրներից մեկն էլ հենց Վրաստանն է։
Օրինակ՝ Վրաստանում հազար դոլար ամսական եկամտով շատ ավելի լավ կապրես, քան ԱՄՆ-ում։ ԱՄՀ-ի վերջին հետազոտությունների համաձայն՝ Վրաստանում ծախսվող 1 դոլարը 3 անգամ գերազանցում է ԱՄՆ-ում ծախսվող 1 դոլարի գնողունակությունը։
ԱՄՀ-ի վարկանիշը հիմնված է 2024 թվականի նախնական տվյալների վրա, որոնց համաձայն Վրաստանի մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմում է 27363 դոլար՝ գնողունակության համարժեքությամբ:
Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին Վրաստանը 77-րդ տեղում էր՝ 24 849 դոլարով, իսկ 2022 թվականին՝ 80-րդ հորիզոնականում՝ 22 607 դոլարով։
Բնակչության մեկ շնչի հաշվով եկամտի աճը՝ արտահայտված դոլարով ըստ գնողունակության համարժեքության, կախված է ոչ միայն երկրի տնտեսական աճից, այլև բնակչության թվի փոփոխություններից, Վրաստանում և ԱՄՆ-ում գնաճից, ինչպես նաև լարիի փոխարժեքի փոփոխություններից ԱՄՆ դոլարի նկատմամբ։
Վրաստանի բնակչության թիվը նվազում է, ինչը արագացնում է մեկ շնչի հաշվով եկամուտների աճը։ Բացի այդ, երբ լարին դոլարի նկատմամբ արժեզրկվում է, եթե այն չի ուղեկցվում գնաճի համապատասխան մակարդակով, մեկ շնչին բաժին ընկնող դոլարով եկամուտը նույնպես աճում է գնողունակության համարժեքությամբ։
Այսպիսով, մինչև 2025 թվականը ԱՄՀ-ն Վրաստանում մեկ շնչին ընկնող եկամուտը գնողունակության համարժեքությամբ կանխատեսում է 29 500 ԱՄՆ դոլարի մակարդակի վրա։
2024 թվականին ըստ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող միջին եկամտի թոփ 10 երկրները.
- Լյուքսեմբուրգ՝ 151 146 դոլար,
- Սինգապուր՝ 148 186 դոլար,
- Իռլանդիա՝ 127 750 դոլար,
- Կատար՝ 115 075 դոլար,
- Նորվեգիա՝ 103 446 դոլար,
- Շվեյցարիա՝ 95 837 դոլար,
- Բրունեյ՝ 91 046 դոլար,
- ԱՄՆ՝ 86 601 դոլար,
- Դանիա՝ 83 454 դոլար,
- Նիդերլանդներ՝ 81 495 դոլար: