նորություններ 23 Դեկտեմբերի, 2024 • Ուղեղների արտահոսք՝ ի վնաս ջավախքցիների առողջությանը

Ի տարբերություն մեծ քաղաքներում գործող հիվանդանոցների՝ Ախալքալաքի կլինիկայում առանձնապես մեծ «աշխուժություն» չի նկատվում։ Պատճառները տարբեր են՝ առաջարկվող բժշկական ծառայություններից մինչև համապատասխան ոլորտի մասնագիտացված մասնագետների բացակայություն։ Ինչի պատճառով էլ ախալքալաքցիները ստիպված «նախընտրում» են հասնել Թբիլիսի կամ Երևան, որտեղ էլ բախվում են այլ խնդիների՝ լեզվի չիմացություն, անհարմարություն, ժամանակ ու ֆինանսներ։

Երևի մեր մունիցիպալիտետում չկա մարդ, որ եթե ոչ իր համար, ապա գոնե իր հարազատի համար չի հասել Թբիլիսի կամ Երևան ու ժամերով սոված-ծարավ հիվանդանոցի միջանցքներում սպասել բժիշկների եզրակացությանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետից մայրաքաղաք Թբիլիսիի  և Երևանի տարբեր հիվանդանոցներ հիվանդների թիվն անհամեմատ մեծ է, քանի որ Ախալքալաքում և մոտակա մունիցիպալիտետներում չկան բոլոր բժշկական ծառայությունները, որոնց պահանջը կա հասարակության մեջ։

Նարինեն (անունը փոխված է) 2012 թվականից սկսած վահանաձև գեղձի խնդիր ունի և բուժվելու նպատակով գնացել է Թբիլիսի։ Մի անգամ հետազոտվելուց հետո այլևս չի գնացել, քանի որ նշում է՝ Թբիլիսի հասնելու համար պետք է ազատ ժամանակ գտնի, այն դեպքում, երբ անձն ունի հագեցած գրաֆիկ, ինչպես նաև կարևոր հարցերից է տրանսպորտի հարցը, որն Ախալքալաքում ստաբիլ չի աշխատում, ինչ խոսք պակաս կարևոր չէ նաև ֆինանսական խնդիրները։

«2015 թվականին Թբիլիսիում բիոփսիա եմ արել և դրանից հետո այլևս չեմ գնացել ստուգման։ Երբեք չի լինում այնպես, որ ինքս ինձ համար ազատ ժամանակ ունենամ, դրա համար եթե տեղում լինի տվյալ ծառայությունը, բարձր որակավորում ունեցող բժիշկներ լինեն, անցկացնեն լաբորատոր հետազոտություններ, էխոսկոպիա, խորհրդատվություն և այսպես շարունակ, ապա հենց տեղում կգնամ բուժվելու։ Նշեմ նաև, որ կադրերի պակասը միայն իմ նշած ուղղությանը չի վերաբերվում», — ասում է նա։

Վերջինս նաև հավելում է՝ տեղի բժիշկների հանդեպ մեծ վստահություն չկա մարդկանց շրջանում։

«Այստեղ բժիշկների հանդեպ վստահությունը, հավատը ցածր է, չեմ կարող ասել ինչ պատճառներով։ Օրինակ. ես այստեղ երբեք չեմ գնացել էնդոկրինոլոգի մոտ, չգիտեմ ինչու, ամեն անգամ մտածել եմ, որ գնամ, բայց չեմ գնացել։ Միգուցե, եթե գնայի նույն հիվանդությունն ախտորոշեին, կամ ընդհանրապես այլ բան ասեին, բայց չեմ գնացել երբեք», — ասում է Նարինեն։

Չնայած Նարինեի համար ամեն անգամ շատ դժվար է Ախալքալաքից հասնել Թբիլիսի և առերեսվել մի շարք խնդիրների։

«Խնդիր է տրանսպորտի հարցը, այնտեղ մնալ չմնալու հարցը, ոչ մի բան չես հասցնում, ամեն ինչ կիսատ է մնում, ֆինանսապես ապահովված լինելը, քաղաքը չիմանալը, մասնագետներին չճանաչելը։ Հանրային տրանսպորտով ենք գնում  և  չգիտենք կհասցնենք այդ օրը հետ վերադառնալ,  քանի որ հանրային տրանսպորտը ևս ստաբիլ չի աշխատում։ Դրան զուգահեռ խնդիր է նաև լեզվի չիմացությունը։ Եթե բժիշկը միայն վրացերենով է բացատրում մեր ժողովուրդը չի հասկանում, ստիպված մեկ ուրիշի օգնությանն են դիմում, որ իրենց հիվանդանոց ուղեկցի», — ասում է Նարինեն։

Բոլորովին վերջերս Նարինեն տեղեկացել է, որ ամեն ամիս բժիշկ-էնդոկրինոլոգ է այցելելու Ախալքալաքի կլինիկա, որոշել է այստեղ էլ հետազոտվել։ Նա ուրախությամբ է ընդունում Թբիլիսիից բարձր որակավորմամբ մասնագետների պարբերական այցելություններն Ախալքալաքի հիվանդանոց։

Այսուհետ Ախալքալաքի կլինիկա ամեն ամիս՝ երկու կամ երեք անգամ կհյուրընկալի Վրաստանի վիրաբույժների ասոցիացիայի անդամ, էնդոկրինոլոգ վիրաբույժ Վլադիմեր Խարիբաձեին։ Կլինիկայում հնարավոր կլինի վիրաբույժի խորհրդատվություն ստանալ, վահանաձև գեղձի բիոփսիա,  վահանաձև գեղձի և հարակից ավշային հանգույցների վիրահատություն անել։ Այդ խմբին է միացել նաև ընդհանուր վիրաբույժ Ալեքսանդրե Ղիպշիձեն, ով բժշկության դոկտոր է և միշտ կլինի տեղում։ Ախալքալաքի հիվանդանոցը փորձում է լրացնել մասնագետների պակասը։

Չնայած այն հանգամանքին, որ արդեն մշակույթ է դառնում մայրաքաղաքից բարձր որակավորում ունեցող բժիշկներին հրավիրելը Ախալքալաքի հոսպիտալ, միևնույնն է, դա չի կարող վերջնական լուծել կադրային պակասը։ Հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը նշում է, որ կլինիկայում կա կադրային պակաս, սակայն իրենք փորձում են լրացնել այդ պակասը, ամեն անգամ բժիշկներ հրավիրելով, ինչպես նաև բժշկական համալսարան ավարտած ուսանողներին ավելի բարձր աշխատավարձ և պայմաններ առաջարկելով։ Հենց այդ խնդրի լուծման համար էլ նրանք Ախալքալաքի կլինիկա է հրավիրվել Սուլխան Սամխարաձեն, ով 2024 թվականի օգոստոսից աշխատում է Ախալքալաքի կլինիկայում կլինիկական տնօրենի պաշտոնին, մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ է։ Եկել է Թբիլիսիից իր հետ բերելով նաև այլ մասնագետների խումբ։

Sulxan

Վերջին տասնամյակում հազարավոր հայեր են ընդունվել են թբիլիսյան ԲՈՒՀ-եր, այդ թվում՝  բժշկական համալսարան ու բժշկական այլ ուսումնական հաստատություններ։

Ներկա դրությամբ՝ ըստ Ախալքալաքի կլինիկայի մենեջեր Ալեքսան Թորոյանի 15-20 ուսանող Ախալքալաքից և Նինոծմինդայից սովորում է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում։ Սակայն նրանցից անգամ կեսը հետ չի վերադառնում։

Ալվարդ Մարտիրոսյանն Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղից է։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և այնուհետև «1+4» նախագծով ընդունվել Թբիլիսիի պետական բժշկական համալսարան։

2

Հիմա սովորում է 5-րդ կուրսում և դրան զուգահեռ աշխատում է Կովկասի բժշկության կենտրոնում։ Ներկա դրությամբ դեռ չի մտածում հետ վերադառնալու մասին, քանի որ այստեղ հետագայում մասնագիտական զարգացման հեռանկարներ չի տեսնում։

Ոչ միայն Ալվարդը, այլև այլ ուսանողներ նույնպես ցանկություն ունեն հետ վերադառնալու, սակայն կարծում են, որ ընթացքում չեն կարող զարգանալ, չեն կարող ավելի խորանալ իրենց մասնագիտության մեջ։

Բելլա Զոփունյանը նշում է, որ փոքր քաղաքների հնարավորությունները սահմանափակ են։

Belaa

«Մեծ քաղաքում մեր հնարավորություններն ավելի շատ են, որ աշխատանքի կընդունվես բարձր աշխատավարձով, գնահատվում է մարդու գիտելիքները և մասնագետ լինելը։ Աշխատավարձի բարձր լինելը նույնպես շատ կարևոր է։ Աշխատանքը գնահատելու ձևերից մեկն էլ բարձր վարձատրությունն է», — ասում է Բելլան։

Շատերը հենց լավ կրթություն ստանալու համար են գնում այլ երկրներ, որպեսզի մասնագիտորեն զարգանան։ Բելլա Զոփունյանը կարևորում է ավագ սերնդի աջակցությունը, որպեսզի երիտասարդ սերունդը կարողանա մասնագիտորեն կայանալ։

Բելլան ծրագրում է համալասարանն ավարտելուց հետո այլ երկրում կրթությունը շարունակելու մասին։ Միևնույն ժամանակ վստահեցնում է, որ կվերադառնա Ախալքալաք այն ժամանակ երբ իր ընտրած մասնագիտության մեջ կայացած ու առաջատար մասնագետ դառնա։

«Մեզանից շատ բան է կախված, մենք պետք է փոխենք մեր քաղաքը դեպի լավը, մենք կարող ենք դա անել։ Ես ուզում եմ վերադառնալ Ախալքալաք, բայց լավ մասնագետ դարձած, ես ուզում եմ գալ, սակայն չգիտեմ որքանով կկարողանամ համադրել Թբիլիսիում աշխատանքս Ախալքալաքի աշխատանքի հետ։ Ես շատ եմ ցանկանում օգտակար լինել իմ քաղաքին, բայց Ախալքալաքում լավ մասնագետ դառնալ չենք կարող, չկա այդ հնարավորությունը», — հավելում է Բելլան։

Մեր հերոսուհին հասցրել է կրթությանը զուգահեռ աշխատել Թբիլիսիի հիվանդանոցներում, և ականատեսը եղել,  թե ինչպիսի դժվարությունների առաջ են կանգնում Ախալքալաքից գնացած հիվանդները Թբիլիսիի կլինիկաներում։

«Շատ դժվար է իրենց համար, չգիտեն պետական լեզուն, չեն կարող խոսել կամ հասկանալ։ Մենք պետք է ունենանք լավ բժիշկներ, իհարկե՝ հիմա էլ ունենք, բայց ավելի լավին պետք է ձգտենք, ասեմ որ միայն բժշկով չի սահմանափակվում, պետք է ունենալ նաև լավ սարքավորումներ, որպեսզի կարողանանք մարդկանց նորմալ բուժօգնություն ցուցաբերել։ Մենք պետք է այնպես անենք, որ մեզանից հետո եկող սերունդն այլևս չմտածի հետ վերադառնա, թե ոչ, այլ միանգամից հետ վերադառնա», — եզրափակում է  բժշկանան համալսարանի ուսանողուհի Բելլա Զոփունյանը։

Վերատպման կանոն