
Ախալքալաքի մունիցիպալիտետի ճանապարհները տարվա գրեթե յուրաքանչյուր սեզոնի անմխիթար վիճակում են։ Ամեն տարի կատարվում են փոսային աշխատանքներ, սակայն խնդիրը միշտ մնում է արդիական։ Փոսային աշխատանքներ իրականացնելու համար հայտարարվեց էլեկտրոնային մրցույթ: Սակայն մրցույթը միայն երրորդ փորձից կայացավ, այն հաղթեց «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը՝ 350 հազար լարիով, աշխատանքներն սկսեց, բայց կիսատ թողեց։ Շատ վատ վիճակում է գտնվում Ախալքալաք-Բակուրիան ճանապարհը (քաղաքից դեպի գյուղ Արագվա տանող ճանապարհը), ամեն օր երկու-երեք մեքենա անվադող է փչացնում ճանապարհի փոսերի մեջ ընկնելով։ Այդ ճանապարհը պատկանում է Վրաստանի ճանապարհային վարչությանը։
Գրեթե ամեն օր կարելի է տեսնել վարորդների, ովքեր ճանապարհի մեջտեղում մեքենայի անվադող են փոխում։ Ովքեր միշտ շրջանում են մնում, փոսերի տեղերը մեկ առ մեկ գիտեն, իսկ ովքեր հյուր են գալիս, կամ տուն են վերադարձել այլ երկրներ արտագնա աշխատանքից հետո չնկատելով փոսերը և դրանց խորությունը հայտնվում են փոսերի մեջ։ Նույն վիճակն է նաև քաղաքի փողոցների տարբեր հատվածներում։ Այդ փոսերը դժվար տեսանելի են դառնում անձրևների ժամանակ, իսկ խորությունն ընդհանրապես հնարավոր չի գնահատել, քանի որ անձրևաջրով են լցված։
Արդեն մի քանի ամիս է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունից կամ չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին, կամ ընդհանրապես անջատում են։ Այդ իսկ պատճառով, թե երբ են որոշել վերականգնել աշխատանքները և ո՞ր ուղղություններով, նրանց տեսակետը չենք կարող ներկայացնել։
Ախալքալաքի քաղաքապետարանից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ տեղեկություն ունեն կապված փոսային աշխատանքների վերաբերյալ։ Մեզ ասացին, որ հստակ պատասխան չեն կարող տալ, սակայն մի քանի օրից պետք է, որ սկսեն աշխատանքները, ինչ վերաբերվում է ճանապարհային գծանշումներին, ապա ենթակառուցվածքների բաժնից տեղեկացրին, որ փոսային աշխատանքներն իրականացնելուց հետո, եթե ուշ լինի, ապա գծանշումները կանեն գարնանը։
Հիշեցնենք, որ Ախալքալաքի և գյուղերի ճանապարհների բարեկարգման մրցույթը, որը ներառում է փոսային վերանորոգման աշխատանքները, կայացել է երրորդ փորձից։ Այն հայտարարվել է 2024 թվականի մայիսի 29-ին։ Առաջին անգամ Ախալքալաք քաղաքի և գյուղերի ճանապարհների վերանորոգման համար մրցույթը հայտարարվել էր ապրիլի 4-ին՝ 350 հազար լարիի չափով, հայտերն ընդունվել են ապրիլի 20-ից 29-ը։ Այն հայտարարված էր գնացուցակով, որտեղ նշված էին կատարված աշխատանքների միավորի դիմաց գները։ Երկրորդ անգամ մրցույթը հայտարարվել էր մայիսի 13-ին։ Առաջարկներն ընդունվել են մայիսի 21-ից 24-ը, բայց այն դադարեցվել է նախահաշվային փաստաթղթերում եղած անճշտությունների պատճառով, ինչպես գրված է մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։