Ախալքալաքի մունիցիպալիտետը գյուղատնտեսական շրջան է, Վրաստանում կարտոֆիլի ամենախոշոր արտադրողը։ Հիմա գյուղատնտեսական ամենակարեւոր մթերքի՝ կարտոֆիլի բերքահավաքի շրջանն է։ Բերքը շրջանում այս տարի շատ առատ է, գյուղացիները գոհ են, սակայն այս տարի կարտոֆիլի գինը ցածր է և աշխատուժի խնդիր կա։
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Jnews-ը բնակչության շրջանում, Ջավախքի ընտրողներին անհանգստացնող խնդիրները բացահայտելու նպատակով, հարցում է անցկացրել։ Այսօր, երբ Ջավախքում կարտոֆիլի բերքահավաքը եռում է, շատ բնակիչներ նշել են կարտոֆիլագործության խնդիրը։
Շատ ֆերմերներ կարծում են, որ գյուղատնտեսությունը, հատկապես կարտոֆիլագործությունը, դարձել է ոչ եկամտաբեր զբաղմունք։ Սակայն շահավետ այլընտրանքային ուղղություն էլ դեռ չեն գտել։ Շատերը օգնության հույսեր են կապում կառավարության ծրագրերի հետ, սակայն ընտրություններից առաջ ոչ մի կուսակցություն դեռ չի հետաքրքրվել Ջավախքում կարտոֆիլագործության խնդրով և չի խոսել այս խնդրի իր լուծումների մասին։
Ախալքալաքի մունիցիպալիտետում ողջ բնակչությունն այժմ դաշտերում է, բոլորն աշխատում ու շտապում են բերքը մինչև ցրտերը հավաքել։ Այս տարի աշխատուժը շատ թանկ է, մեկ աշխատողի օրավարձը հասնում է 100 լարիի, բացի այդ, գյուղացիները չեն կարողանում աշխատող գտնել։ Եվ ամեն անձրեւից ու եղանակի վատթարացումից հետո աշխատողները թանկացնում են իրենց վարձավճարը։
Ենոք Բաբաջանյանը Մուրջախեթ գյուղից է, զբաղվում է կարտոֆիլի մշակմամբ, նա համարվում է միջին կարգի ֆերմեր։ Ենոքը կարծում է, որ կարտոֆիլի արտադրությունը Ջավախքում դարձել է ոչ եկամտաբեր, և միայն պետությունը կարող է օգնել հասնել հակառակին։
«Կարտոֆիլի բիզնեսը, կարծում եմ, եկամտաբեր չէ։ Ամեն տարի ցանում ենք ու մտածում, որ այս տարի բիզնեսը շահութաբեր կլինի, բայց սխալվում ենք։ Աշխատողներ արդեն գտել եմ, բայց օր օրի թանկացնում են գինը, 95 լարի եմ տվել, բայց հիմա անձրեւներից հետո երեւի կթանկացնեն, միգուցե 110 լարի լինի, չգիտեմ։ Կարծում եմ, այս համակարգը պետք է կարգավորի պետությունը, մոռացության են տվել գյուղատնտեսությունը, հատկապես կարտոֆիլագործությունը դարձել է անշահավետ, սրանից միայն բանկերն են շահում»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։
Նրան չի գոհացնում նաեւ վաճառքի տեմպերն ու շուկայում առկա գինը։ Ենոքը դեռ չի հաշվարկել կարտոֆիլի արժեքը, քանի որ դեռ չի հավաքել ամբողջ բերքը։
«Կարտոֆիլի գինը 50 թեթրիից իջել է 45 թեթրի, խոշոր ֆերմերները «բռնում» են մեքենաները, իսկ մանր ֆերմերները դեռ սպասում են»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։
Հարցը մնում է հռետորական, այն է, թե ինչու այն տարածաշրջանում, որտեղ ամենաշատը կարտոֆիլ են աճեցնում, գյուղատնտեսությունը դարձել է ոչ եկամտաբեր։ Կարտոֆիլի մշակման շղթայի որ մասում են ֆերմերները իրենց հաշվարկներում սխալվել, և որտեղ է անհրաժեշտ կառավարության միջամտությունն իրավիճակը կարգավորելու համար: Այս հարցերը արդիական են մնում 5-6 տարի անընդմեջ։
Կոկիո գյուղի բնակիչների կարտոֆիլի բերքի 60 տոկոսը չի հավաքվել: Գյուղում աշխատուժի պակաս կա, ինչպես նաև իրացման խնդիր։
Կոկիո գյուղի բնակչի խոսքով, կարտոֆիլի ներկայիս գինը չի փակում նրա ինքնարժեքը:
Ալաստան գյուղից Սիմոն Մանանյանն ասում է, որ իրենց գյուղ քիչ գնորդներ են գալիս:
«Միայն մեկ մեքենա է եկել մեր մոտ։ Վաճառել ենք 60 թեթրիով, բանվորներ չկան, աշխատուժի վարձավճարի չափն էլ է ավելացել, հիմա եղանակը վատացել է ու վախենում ենք չհասցնել բերքահավաքը, որն այս տարի հաջող է, այն աննախադեպ է, մենք երբեք նման բերք չենք ունեցել»,- ասում է Սիմոն Մանանյանը։
Դիլիսկա գյուղից Վարազդատ Սալվարյանը բանվորներ գտել է և արդեն բերքահավաք է անում: Նրա մոտ դեռ 20 հեկտար մնացել է հավաքելու։ Վարազդատը իրացման խնդիր չունի, կարծում է, որ ուրիշներն էլ չունեն, քանի որ կարտոֆիլը, ըստ նրա, արտահանվում է Ռուսաստան և Ադրբեջան։
«Կարտոֆիլը բեռնատարներով արտահանվում է Ռուսաստան և Ադրբեջան, կարծում եմ, իրացման հետ կապված խնդիրներ չեն լինի, բայց գինն ինձ ձեռնտու չէ, 50 թեթրին քիչ է։ Ես ինքս գնորդի պակասի հետ կապված խնդիրներ չունեմ, ամեն տարի ինձ մոտ իմ ծանոթ գնորդներն են գալիս»,- ասում է Վարազդատ Սալվարյանը։
Թե որ կուսակցությունների նախընտրական ծրագրերում կան կետեր Ջավախքում կարտոֆիլագործության խնդիրը լուծելու համար, Jnews-ը կփորձի ճշտել այդ կուսակցությունների ներկայացուցիչներից։