
«Մենք» քաղաքական կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է անցկացրել Ախալքալաքում և Նինոծմինդայում։ Կուսակցության ներկայացուցիչները նշում են, որ առանձնահատուկ կարևորություն են տալիս էթնիկ փոքրամասնությունների հետ երկխոսության խորացմանը, նրանց շահերի պաշտպանությանը և ապագայում ծրագրում են ակտիվ գործունեություն ծավալել տարածաշրջանում:
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 26-ին, որին ընդառաջ քաղաքական կուսակցությունները հանդիպում են ընտրողների հետ, ներկայացնում իրենց առաջիկա պլաններն և միաժամանակ ընտրողին ծանոթացնում իրենց գործունեության հետ։ Այս թվին է պատկանում նաև «Մենք» քաղաքական կուսակցությունը, որը շարունակում է ակտիվ նախընտրական քարոզարշավը Սամցխե-Ջավախեթիի շրջանում։ Կուսակցության առաջնորդներից Տարիել Նակաիձեն արդեն հասցրել է հանդիպումներ անցկացնել Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրողների հետ։
Հանդիպումների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային զարգացման և գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություններին, ինչպես նաև կրթական և առողջապահական ծառայությունների բարելավմանը։
Jnews-ը զրուցել է Տարիել Նակաիձեի հետ, ով պատմելով կուսակցության մասին՝ նշեց, որ այն համեմատաբար նորաստեղծ է, գործում է գրեթե 4 տարի, և նրանց հիմնական նպատակներից մեկն է նոր դեմքեր բերել վրացական քաղաքականություն, փոքրամասնությունների ձայնը լսելի դարձնել և բարձրաձայնել նրանց հուզող խնդիրները։
«Մեր խնդիրներից մեկն այն է, որ կառավարությունում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները պակասում են և հիմնականում անվանականորեն են նշանակվում։ Ես ինքս լինելով խորհրդարանի անդամ, չեմ զգում նրանց ակտիվությունը և մենք անհրաժեշտ ենք համարում, որ հենց խմբի ներկայացուցիչները խոսեն այդ մասին։ Իհարկե, սա չի նշանակում, որ կուսակցությունը միայն փոքրամասնությունների համար է, իրականում այն վրաց ժողովրդի և իրական փոփոխություններ բերելու համար է»,- իր խոսքում նշեց Նակաիձեն:
Անդրադառնալով Ջավախք կատարած այցին, նա նշեց, որ առաջին հերթին ցանկանում էին ծանոթանալ մարդկանց հետ և ներկայացնել իրենց նպատակները։ Հանդիպումներն ընթացել են տարբեր ձևաչափերով և այդկերպ կուսակցության անդամները փորձել են բացահայտել համայնքին հուզող խնդիրները։ Աառանձնացրել են գյուղատնտեսական մթերքի իրացման, կրթական ինչպես նաև քաղաքացիության հետ կապված խնդիրները։ Նա ցավով է նշում է, որ ընդդիմադիր կուսակցություններում հայերն ընդգրկված չեն և այս այցերի միջոցով փորձում են նաև գտնել մարդկանց, ովքեր հետագայում կկարողանան ներկայացնել իրենց համայնքն ու խնդիրները:
«Այս պահին շրջանում մենք դեռևս գրասենյակ չունենք, սակայն ապագայում պլանավորում ենք լուծել այդ ադմինիստրատիվ հարցերը, որպեսզի հաճախակի շփում ունենանք տեղացիների հետ։ Ես մշտապես հանդիպումներ եմ ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ և ապագայում ևս ակտիվ պլանավորում ենք հաճախ այցելել Սամցխե-Ջավախեթի»,-հավելում է կուսակցության առաջնորդը:
«Մենք» քաղաքական կուսակցության առաջնորդներից Տարիել Նակաիձեն շեշտադրում է կատարում Վրաստանի եվրոպական ուղղու վրա՝ նշելով, որ մեր հարևան երկրների՝ հատկապես Հայաստանի համար, որը ևս միացել է եվրաինտեգրացիայի գործընթացին, շատ կարևոր են առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Միաժամանակ հավելելով, որ պետք է այնպես անել, որպեսզի Վրաստանին ոչ մի բան չխանգարի ընտրած ուղղով մինչև վերջ գնալու համար: