Հոկտեմբերի 13-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում մեծ շուքով նշվեց Թարգմանչաց տոնը, որը կապվում է հայոց գրերի գյուտի և Աստվածաշնչի թարգմանության հետ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Նինոծմինդայի ԵԿ-ի և Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն ու սաները:

targmanhac1

Վրաստանի և Հայաստանի Հանրապետության օրհներգերից հետո, Ախալքալաքի ԵԿ-ի երգի խմբակի սաների կատարմամբ միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով։ Այնուհետև Ախալքալաքի ԵԿ-ի տնօրեն տիկին Կարինե Թադևոսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով։ Նա խոսեց Թարգմանչաց տոնի խորհրդի մասին։

targmanchac4

Միջոցառման հաղորդավարները ներկայացրին փոքր պատմական ակնարկ գրերի ստեղծման անհրաժեշտության, մաշտոցյան գրերի ստեղծումից հետո թարգմանչական արվեստի կարևորության մասին։

Օրվա թեմային նվիրված վիկտորինա անցկացվեղ, որին մասնակցում էին Գյումրիի «Ընտանիք» կենտրոնի, Ախալքալաքի ու Նինոծմինդայի ԵԿ-ների, ինչպես նաև մի քանի հանրային դպրոցների աշակերտներ։

Իսկ միջոցառման գեղարվեստական մասում, որին մասնակցում էին երեք կենտրոնների համապատասխան խմբերը , ընդգրկված էր թատերական ներկայացում՝ նվիրված հայոց գրերի գյուտին, օրվա խորհրդին համահունչ ասմունք, երգ ու պար։

targmanchac3

Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ ՝ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Ախալքալաքի մշակույթի տան տնօրեն աշուղ Ալիք-Ջավախքը, Ախալքալաքի երաժշտական դպրոցի շրջանի մի քանի հանրային դպրոցների, Նինոծմինդայի ԵԿ-ի մանկավարժներ, Ախալքալաքի գավառագիտական թանգարանի տնօրեն Սեդա Հակոբյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և  ծնողներ։

targmanchac5

Հավարտ միջոցառման, շնորհավորանքի ու գոհունակության խոսքով հանդես եկավ Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը։ Նա կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը՝ հայ երեխային ազգային ոգով դաստիարակելու համար։

Օրվա խորհրդի մասին խոսեց նաև Գյումրիի «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը։Նա կարևորեց Ջավախք-Գյումրի կենտրոնների համագործակցությունը։

Տոնական օրն ավարտվեց Ախալքալաքի ԵԿ-ի բակում կազմակերպված շուրջպարով։

Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Նրանք, իրենց անմահ գործով, գրերի գյուտով և Աստվածաշունչ Մատյանի թարգմանությամբ, հանդիսացան հայ ժողովրդի հոգևոր վերածնության ռահվիրաները: Թեև իրականում այդ մարդիկ շատ-շատ են, սակայն հայոց տոնացույցում հիշատակվում են միայն Մեսրոպ Մաշտոցը, Եղիշեն, Մովսես Քերթողը (Մովսես Խորենացին), Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին ու Ներսես Կլայեցին, այսինքն՝ Շնորհալին: