Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, Վրաստանում սպառողական գները նվազել են 0,3%-ով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Տարեկան կտրվածքով (սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ) գնաճը կազմել է 0,6%: Սա գնաճի ամենացածր ցուցանիշն է 2024 թվականի մարտից ի վեր։ Հիմնական գնաճը 0,8% է:
Ըստ «Սաքստատ»-ի տվյալների՝ սեպտեմբերյան գնանկման պատճառ է հանդիսացել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների (-0,3%), ինչպես նաև տրանսպորտային խմբում (-0,4%) գների նվազումը։
Եթե խոսենք տարեկան գնաճի մասին, ապա ամենամեծ աճը գրանցվում է «Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ» (+4,9% տարեկան կտրվածքով), ինչպես նաև «հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ» (+7,5%) խմբերում։ Միաժամանակ կապի գները մեկ տարվա ընթացքում նվազել են 12,8%-ով։
Տասը ապրանքներ և ծառայություններ, որոնք տարվա ընթացքում ամենաշատն են թանկացել․
- Սխտոր՝ աճ 74%;
- Կիվի՝ աճ 52%;
- Մանդարին՝ աճ 38%;
- Ավիատոմսեր՝ 36,7% աճ;
- Կիտրոն՝ աճ 35,4%;
- Մանկական բաճկոններ՝ աճ 29%;
- Վարունգ՝ աճ 27%;
- Ներկարարական ծառայություններ՝ աճ 24,9%;
- Ոսկյա ամուսնական մատանիներ՝ աճ 24,4%;
- Նարինջ՝ 23,6% աճ։
Տասը ապրանքներ և ծառայություններ, որոնք տարվա ընթացքում ամենաշատն են էժանացել.
- Ինտերնետ՝ գնանկում 39,9%-ով;
- Կանաչեղեն՝ գնանկում 34,3%-ով;
- Կաղամբ՝ գնանկում 30,7%վ;
- Ձմերուկ՝ գնանկում 27,6%-ով;
- Հակաբիոտիկներ՝ գնանկում 25,7%-ով;
- Կանացի ձմեռային կոշիկներ՝ գնանկում 24,6%-ով;
- Կանաչ լոբի՝ գնանկում 20,9%;
- Տղամարդու հողաթափեր՝ գնանկում 20,7%-ով;
- Կանացի սվիտերներ՝ գնանկում 20,6%-ով;
- Էլեկտրական մալուխ՝ գնանկում 18,2%-ով։