
Ախալքալաքի մարզահամալիրի մարզիչ Արթուր Էլիզբարյանը պայքարում է AIBA-ի (Բռնցքամարտի միջազգային ասոցիացիա) մրցավարական աստղերի համար։
Գերմանիայում՝ Հերենբենգ քաղաքում, բռնցքամարտի մրցավարների քննություններն անցկացվել են սեպտեմբերի 24-ից 30-ը։ Դրանց մասնակցում էր նաև Ախալքալաքի մարզահամալիրի մարզիչ Արթուր Էլիզբարյանը։
Աստղեր ստանալու դեպքում դատավորը իրավունք է ստանում մրցավարել Վրաստանից դուրս մենամարտերը։ Այսպիսով, 1 աստղ ունեցող մրցավարը կարող է դատել A կարգի մրցաշարեր ցանկացած երկրում, բայց միայն պատանիների շրջանում: 2 կամ 3 աստղ ունեցող մարզիչները կարող են մրցավարել Եվրոպական, Համաշխարհային և Օլիմպիական խաղերը՝ ինչպես պատանիների, այնպես էլ մեծահասակների շրջանում:
Արթուր Էլիզբարյանն արդեն հանձնել է բոլոր քննությունները և սպասում է արդյունքներին, որը կտևի մոտ երեք շաբաթ։ Նա ցանկանում է ստանալ 2 կամ ավելի աստղ:
«Ես արդեն 20 տարի բռնցքամարտի մրցավար եմ: Վրաստանի մասշտաբով որոշակի հաջողությունների եմ հասել։ Ես, սակայն, միջազգային արտոնագիր չունեմ: Մրցավարը նախ պետք է ունենա ազգային արտոնագիր, որը տրվում է տեղի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից, որպեսզի կարողանա մրցավարել տեղում: Դուրս գալու համար պետք է աստղեր ունենալ»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Արթուր Էլիզբարյանը։
Նրա խոսքով, իրենք հայտնել են Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիային այն մասին, որ ցանկանում են հանձնել մրցավարական քննություններ, և խնդրել են իրենց տեղեկացնել, թե արդյոք այդպիսիք անցկացվելու են։
«Այդպես մենք իմացանք Գերմանիայի մասին, որ այնտեղ կանցկացվեն մրցավարների քննություններ: Կապվեցինք մեր ֆեդերացիայի հետ, նրանք կապվեցին AIBA-ի հետ և ուղարկեցին մեր տվյալները»,- ասաց Արթուր Էլիզբարյանը։
Վրաստանում այս պահին աստղերով մրցավարներ չկան։ Վրաստանում ընդհանուր առմամբ 14 մրցավար կա, ընդամենը 5 մրցավար է հրավիրվել Գերմանիա՝ քննություններ հանձնելու, այդ թվում՝ Արթուր Էլիզբարյանը։
Նշենք, որ Արթուրը մի քանի տարի մրցավարել է բռնցքամարտի Վրաստանի առաջնությունները և մրցավարների մեջ գրավել առաջին տեղը։