
2023 թվականին Վրաստանում ծնվել է 4 0214 երեխա, ինչը 5 տոկոսով պակաս է 2021 թվականի համեմատ։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը` «Սաքստատ»-ը։
Ավելի շատ տղա է ծնվել, քան աղջիկ՝ համապատասխանաբար՝ 21 010 և 19 204։ Ազգային մակարդակով, ծննդյան պահին սեռերի հարաբերակցությունը կազմել է 109,4 (տղաների թիվը 100 աղջկա հաշվով): Շրջաններում տարբերությունն ավելի մեծ է։ Քվեմո Քարթլիում այդ ցուցանիշը հասնում է 115,6-ի, Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում՝ 113,2, իսկ Աջարիայում՝ 112,9։
Վիճակագրության համաձայն՝ վերջին տասնամյակի ընթացքում առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքը աճել է գրեթե 3 տարով՝ 26,4-ից հասնելով 29,3-ի։
Նվազել է նաև մինչև 30 տարեկան կանանց մոտ տարիքային ծնելիության մակարդակը։ 2023 թվականին մինչև 20 տարեկան 1000 կնոջ հաշվով կենդանի ծնվածների թիվը կազմել է 20.3, 20-24 տարեկանների մոտ՝ 77.7, իսկ 25-29 տարեկանների մոտ՝ 102.0։ Մնացած բոլոր տարիքային խմբերում այս ցուցանիշն աճել է։
Առաջնեկների տեսակարար կշիռը 2013-2023 թվականներին նվազել է բոլոր նորածինների 45,3%-ից մինչև 37,7%-ը, իսկ ընտանիքում երրորդ և հաջորդող երեխաների մասնաբաժինը 16,7%-ից աճել է մինչև 27,5%: 10 տարվա ընթացքում ծնվածների ընդհանուր թվում երկրորդ երեխաների տեսակարար կշիռը նվազել է 4,6%-ով։
Վրաստանում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիությունը: 2023 թվականին Վրաստանում ծնվածների թվից 2542-ով ավելի մարդ մահացել է։
2023 թվականին Վրաստանի 42 756 քաղաքացի է մահացել։ 2022 թվականի համեմատ այս ցուցանիշը նվազել է 13%-ով։