
Ընտրություններից առաջ յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է մանիպուլյացիոն մեթոդներ կիրառել, որոնք ազդում են ընտրողի վրա։ Այս հարցում Վրաստանում այժմ երկու հակադիր կողմ կա, որոնք արդեն իսկ ապացուցված մեթոդներով «պատերազմում են» թշնամու դեմ։ Այս մեթոդների և մանիպուլյացիայի այլ հնարքների մասին Jnews-ը զրուցել է փիլիսոփա և քաղաքագետ, Իլիայի համալսարանի պրոֆեսոր և Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի նախագահ Գիա Նոդիայի հետ։
– Ի՞նչ մանիպուլյացիոն թեմաներից են օգտվում քաղաքական կուսակցություններն այս ընտրություններում՝ ընտրողների վրա ազդելու համար։
– Նրանք փորձում են ընտրողին համոզել, որ իրենք ավելի լավն են, քան իրենց մրցակիցները։ Իհարկե, մեթոդները տարբեր են: Կարելի է ասել, որ «Վրացական երազանքը» վախեցնում է ընտրողներին նրանով, որ եթե նրանք չգան իշխանության, կսկսվի պատերազմ, մյուս կողմից էլ՝ մենք կունենանք համասեռամոլության քարոզ, և մեծամասնությունը կդառնա համասեռամոլ։ «Վրացական երազանքի» քարոզարշավի էությունը սա է: Դե իսկ, ընդդիմադիր կուսակցությունների քարոզարշավի էությունը միանշանակ չէ, քանի որ կուսակցությունները տարբեր են։ Բայց բոլորը համաձայն են, որ եթե «Վրացական երազանքը» մնա իշխանության, ապա մենք կհրաժարվենք ինտեգրվել Եվրոպային, իրականում միանգամայն պարզ է, որ Վրաստանը կդառնա շատ ավելի ավտորիտար և ավելի կոռումպացված պետություն։ Սա, թերեւս, ընդդիմության հիմնական ուղերձն է։
– Իշխող կուսակցությունը շահարկում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են կրոնը, համաներումը, ԼԳԲՏ համայնքը, ինչո՞ւ հենց այս թեմաները։
– Նրանք կարծում են, որ դա ձեռնտու է, քանի որ եկեղեցին հեղինակավոր կազմակերպություն է, և ուզում են այնպես ներկայացնել, որ իրենք եկեղեցու բարեկամներն են, իսկ ընդդիմությունը՝ եկեղեցու թշնամին։ Բացի այդ, նրանք կարծում են, որ վրացիների մեծ մասը պահպանողական է, այն առումով, որ վախենում է, որ ընտանիքի ավանդական արժեքները ինչ-որ կերպ կթուլանան, և նրանք այդ ավանդական արժեքների պաշտպանն են, իսկ արևմտամետ ընդդիմությունն իր հետ կբերի անառակություն: Նրանք (խմբ. «Վրացական երազանքը») կարծում են, որ մարդկանց մեծամասնության համար դա բավարար է, որպեսզի քվեարկեն իրենց օգտին: Բայց սա նրանց հիմնական ուղերձը չէ, այլ հիմնական ուղերձն այն է, որ իրենք խաղաղության պաշտպան են, իսկ ընդդիմությունը «պատերազմի կուսակցություն է»։ Ինձ թվում է՝ համաներումը հիմնական թեման չէր, ինչքան կարող եմ կռահել՝ «Վրացական երազանք»-ը նյարդայնացած է, տեսնում են, որ իրենց աջակցությունը բավարար չէ, ուստի նշած թեմաներս, որոնք ի սկզբանե նրանք օգտագործում էին՝ բավարար չեն։ Պետք է ինչ-որ նոր բան հորինել, այլ բան, ահա և նրանք չկարողացան այլ բան մտածել, ուստի հորինեցին համաներումը: Բնակչության որոշ հատվածի համար, ում մերձավոր բարեկամներն անազատության մեջ են, միգուցե համաներման պատճառով իրենց ձայնը տան նրանց։
– Արդյո՞ք մանիպուլյացիաներն արդյունավետ են, ազդո՞ւմ են ընտրողի վրա, որքանո՞վ զգալի է իշխող կուսակցության աջակցությունը։
– Դե, ընդհանուր ուսումնասիրություններ կան, թե ինչ վարկանիշ ունի «Վրացական երազանք»-ը։ Այն ուսումնասիրությունները, որոնք ինձ ավելի հուսալի են թվում, ցույց են տալիս, որ վարկանիշը մոտ 30-35 տոկոսի սահմաններում է, բայց չկան այնպիսի քանակական ուսումնասիրություններ, որոնք հստակ ցույց տան, թե ինչի հաշվին է այս վարկանիշը միանշանակ: Բայց իմ ճանաչած վերլուծաբաններից շատերը, որոնց կարելի է վստահել, համարում են, և ես համաձայն եմ դրան, որ խաղաղության և պատերազմի այս շարժառիթն ամենից գործունն է, քանի որ, բնականաբար, մարդիկ վախենում են պատերազմից, և թեև այդ քարոզչությունը հիմնված է ստի վրա, քանի որ ընդդիմությունում ևս ոչ ոք պատերազմին կողմ չէ, բայց սա այնպիսի սուտ է, որն ավելի լավ է աշխատում:
– Երկու կազմակերպություններ, այդ թվում՝ TI-ը, որը հետաքննում է կոռուպցիան, Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից հայտարարվել են «ընտրական հայտարարված նպատակներ» ունեցող կազմակերպություններ, ինչպես դա եղավ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» դեպքում, որը նույնպես Ռուսաստանում կոռուպցիոն հետաքննություն էր իրականացնում: Իրավիճակը նմա՞ն է։
– Նավալնին, այնուամենայնիվ, չէր թաքցնում, որ ինքը քաղաքական գործիչ է և, որ նա գրեթե ընդդիմադիր դաշտում է։ Վրացական հասարակական կազմակերպությունները, ընդհակառակը, հեռանում են ընդդիմությունից և քաղաքական կուսակցություններից։ Նրանք քննադատաբար են տրամադրված կառավարության նկատմամբ և քննադատում են իշխանություններին։ Դե իսկ իշխանությունները, Իվանիշվիլին, նման տարբերակումներ չեն անում՝ ով է ընդդիմադիր կուսակցությունը, ով է ՀԿ-ն, ով է լրատվամիջոցը, բոլորը, ովքեր մեզ հետ չեն, բոլորը մեր դեմ են, սա է իրենց կարգախոսը։ Ինչը նշանակում է, որ կապ չունի՝ դա կկոչվի քաղաքական կուսակցություն, կկոչվի հեռուստատեսություն, վեբ-կայք, թե այլ բան, քանի որ նրանք «Վրացական երազանքի» կողմնակիցներ չեն, նշանակում է՝ ընդդիմություն են, նշանակում է՝ նրանք արևմուտքի գործակալներ են։ Սա աշխարհի նրանց տեսլականն է, որը նրանք ցանկանում են պարտադրել ընտրողներին:
– Ինչո՞ւ է «Վրացական երազանքը» քննադատությունն ու տարբեր քննադատներին միավորում մեկ հասկացության մեջ՝ «նացիոնալներ»։
– Սա կրկին քաղաքական տեխնոլոգիա է։ Նախ, Իվանիշվիլին առանձնապես հակված չէ մտածել ինչ-որ նրբությունների մասին։ Նրա համար իսկապես այդպես է, ով ինձ հետ չէ, նշանակում է իմ թշնամին է, իսկ այնտեղ էլ «նացիոնալներն» են, թե ինչպես են նրանք կոչվում, կապ չունի։ Մյուս կողմից՝ սա քաղաքական տեխնոլոգիա է, քանի որ, իրոք, «Միացյալ ազգային շարժումը» շատերի համար ընդունելի չէ։ Բնակչության որոշ հատված վախենում է, որ «Միացյալ ազգային շարժումը» կվերադառնա։ Թեեւ սա լիովին անիրատեսական է։ Բայց նրանց (խմբ. «Վրացական երազանքի») համար ձեռնտու է, որ մարդիկ մտածեն, որ ընտրությունը միայն երկուսի միջև է: Սա սուտ է։ Որովհետեւ «Ազգային շարժումը» ինքնուրույն իշխանության վերադառնալու հնարավորություն չունի։ Եթե իշխանությունը փոխվի, իրենք կլինեն կոալիցիայի մեջ, բայց դա չի լինի «Ազգային շարժման» իշխանությունը, բայց իրենց ինչ-որ տեղ ձեռնտու չէ այս նրբությունները դիտարկելը, ձեռնտու է պարզեցնել ամեն ինչ, որ ՝ կա՛մ մենք, կա՛մ «Ազգային շարժումը»։