Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ախալքալաքի «Գրանդ Մուր» հյուրանոցի կոնֆերանսների սրահում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքում կիրառվող նոր տեխնոլոգիաների, ընտրությունների ժամանակ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և բռնությանն արձագանքելու մեխանիզմների վերաբերյալ։

Տեղեկատվական հանդիպումը կազմակերպել էր «UN Women» հիմնադրամը՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ։ Տեղեկատվական հանդիպումը նախատեսված էր հասարակական կազմակերպությունները ներկայացնող կանանց և կանանց իրավունքների ոլորտում աշխատող ակտիվիստների համար։

«Այսօր մենք չենք խոսելու քաղաքական հարցերի մասին, թե ով ում օգտին է քվեարկելու։ Մենք ձեզ հետ ուղղակի կխոսենք որպես քաղաքացիներ, որպես քաղաքական իրավունքներ ունեցող մարդիկ։ Որպեսզի կարողանաք օգտվել ձեր քաղաքացիական իրավունքներից, որ ոչինչ ձեզ չխանգարի ընտրություն կատարել։ Ոչինչ չպետք է խանգարի ձեզ, այդ թվում՝ ընտանիքի անդամների ազդեցությունը»,- հանդիպումը սկսեցին «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակն է ծրագրի շահառուներին տեղեկացնել ընտրական գործընթացում նորարարությունների, նոր էլեկտրոնային տեխնոլոգիաների, ընտրությունների ժամանակ կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելու և ընտրությունների ժամանակ կանանց նկատմամբ բռնությանն արձագանքելու մեխանիզմների մասին: Հանդիպմանը զեկուցումներով հանդես եկան ISFED-ի ներկայացուցիչներ Նինո Դոլիձեն և Անամարիա Բրեգվաձեն, ովքեր խոսեցին կանանց նկատմամբ բռնության տեսակների և նման դեպքերին արձագանքելու մասին։ Նրանք կիսվել են սեքսիստական պատմություններով և զրպարտության դեպքերով իրենց պրակտիկայից: Տեղեկատվական հանդիպման մասնակիցները նույնպես կիսվեցին թվարկված թեմաների շուրջ իրենց կարծիքներով ու վերաբերմունքով, հղեցին հարցեր։