Ձմեռային պայմաններում երթևեկության անվտանգությունը ապահովելու համար Ախալքալաքի ճանապարհներին լցնում են քիմիական հակազդակ նյութ (ռեակտիվ), որը հալեցնում է ձյունը: Վարորդները բողոքում են, որ հակազդակ նյութի մեջ կան մեծ կտորներ, որոնք վտանգ են ներկայացնում երթևեկության համար և փչացնում մեքենաները:

Հինգ տարվա փորձ ունեցող տաքսու վարորդը դժգոհում է, որ ճանապարհների վրա լցված հակազդակ նյութի պատճառով իր նոր մեքենան երկու տարվա մեջ փչացավ:

«Երկու տարվա մեջ նիկելը փչացավ, բացի այդ հակազդակ նյութը ընկնում է անվադողերի տակ և փչացնում դրանք», – ասում է նա:

Վարորդները նաև բողոքում են, որ ճանապարհներին հաճախ է հանդիպում հակազդակ նյութերի մեծ կտորներ (պեմզա աղի հետ խառնված), ինչը վթարների պատճառ է դառնում:

Մեկ այլ տաքսու վարորդ պատմում է, թե ինչպես երեկ ականատես է եղել նրան, երբ ձյունացեխի պատճառով երկու ավտոմեքենա բախվել են իրար և նրանցից մեկի ուղևորը վնասել է իր մեջքը:

«Հարկավոր է մաքրել ձյունը, հետո նոր լցնել հակազդակ նյութը, իսկ նրանք ձյան վրա են լցնում և ձյունը դառնում է ձյունացեխ, իսկ սառույցը ձյան տակ չի հասցնում հալվել: Այդպիսի իրավիճակում շատ դժվար է վերահսկել մեքենան: Երեկ մի մեծ քարաբեկոր ընկավ իմ մեքենայի անվադողի տակ, իմ ընկերը վերանորոգեց այն ու փողը չվերցրեց ինձնից: Բայց այս աշխատանքը արժի 80 լարի», – ասաց երիտասարդ վարորդը:

Արտյուշ Ռաիսյանը նույնպես աշխատում է որպես տաքսու վարորդ: Ամռանը գնում է արտագնա աշխատանքի, իսկ ձմռանը իր մեքենայով է գումար վաստակում:

«Ամեն պահի կարող ես մեկին խփել: Մեծ քարի կտորները ընկած են ճանապարհի մեջտեղում: Քարը կարող է ընկնել անվադողի տակ, ապա կարող է հարվածել քո մեքենայի ապակուն կամ ուրիշ մեքենայի: Ես խնդրում եմ, որ մանրացնեն հետո լցնեն: Խոշոր կտորները վերցնում են և բահով շաղ տալիս: Այդպես չի կարելի», – ասում է Արտյուշ Ռաիսյանը:

Ախալքալաք քաղաքում ռեակտիվը լցնում է ՍՊԸ «Սանմաքրումը», իսկ պետական նշանակության ճանապարհներին այս աշխատանքները իրականացնում է ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզան»: Ռեակտիվը լցնում են ճանապարհի վրա անվտանգության նպատակով:

Ըստ ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզայի» տնօրեն Նոդար Ինասարիձեի, հակազդակ նյութը իրենից ներկայացնում է տեխնիկական աղի և պեմզայի խառնուրդ ու աղի քանակը խառնուրդում պետք է լինի 20%:

«Մենք մեծ կտորներ շաղ չենք տալիս, հնարավոր է ավազը հետո սառչում է ու վերածվում քարաբեկորի: Ես բացառում եմ, որ մենք նետում ենք մեծ կտոր», – ասաց Նոդար Ինասարիձեն:

Նրա խոսքով իրենց կազմակերպությունը հակազդակ նյութը ճանապարհների վրա լցնում է ինչպես համապատասխան մեքենայով, այնպես էլ՝ ձեռքով:

ՍՊԸ «Սանմաքրում» կազմակերպությունը, որը ռեակտիվը հենց քաղաքում է լցնում, ձեռք է բերում այդ խառնուրդը «Ջավախ Ավտո Գզա» կազմակերպությունից: «Սանմաքրման» տնօրեն Պարգև Յորդանյանը կարծում է, որ այդ աշխատանքների մտցնելը քաղաքը աղբից մաքրելու ընդհանուր տենդեր-մրցույթի մեջ ճիշտ չի: Նրա կարծիքով անհրաժեշտ էր այս ամբողջ աշխատանքը տալ «Ջավախ Ավտո Գզան»-ին, քանի որ նրանք ունեն համապատասխան մեքենա:

«Ես չունեմ տեխնիկա: Իմ աշխատողները, որոնց ես վարձել եմ, այս աշխատանքները իրականացնում են ձեռքով: Մենք հնարավորություն չունենք մանրացնելու այդ հակազդակ նյութը: Երբեմն, երբ տեսնում ենք մեծ կտորներ, կողքի ենք թողնում, ապա այն ձեռքով մանրացնում և շաղ են տալիս մայթերի վրա», – ասում է Պարգև Յորդանյան:

Խիստ ձմեռը Ախալքալաքի բնակիչները մոտ շատ խնդիրներ է առաջացնում և, ինչպես երևում է, Ախալքալաքի շրջանի ճանապարհների վրա անվտանգության պատասխանատու անձանց մեկնաբանություններից, ռեակտիվների խնդիրը կմնա, ինչպես որ կա, ուստի կոչ ենք անում բոլոր վարորդներին ճանապարհների վրա լինել զգույշ և ուշադիր:

Շուշան Շիրինյան