Ախալքալաքի Աղմաշենեբելի 34 (երկաթգծի) բազմահարկ շենքի բնակիչները արդեն 20 տարուց ավել է ամեն օր ջրի սպասումներում են: Ջրամատակարարման ծառայությունում համարում են, որ դա նորմալ երևույթ է:

Շենքի բնակիչները այս հարցով բազմիցս դիմել են տեղական իշխանության ներկայացուցիչներին, սակայն ապարդյուն։

«Ջուր չկա, 30 տարի է նասոսով ենք ջուրը հանում, համ ջրին ենք փող տալիս, համ էլ լույսին, դրան էլ ավելացրած նասոսի գինը, որը արդեն երեք անգամ է փոխում ենք, ու այն բավականին թանկ է»,- ասաց շենքի բնակիչը։

Շենքում 9 ընտանիք է ապրում, և բոլորն էլ նույն խնդիրն ունեն: Բնակիչները փորձել են ինքնուրույն լուծել խնդիրը պոմպերի միջոցով, սակայն.
«Ենթադրենք 2-րդ հարկի հարևանը լողանում է, 4-րդ հարկի հարևանը ջուրը միացնի, ներքևի հարևանի ջուրը կկտրվի: Մենք ինչ անենք, ոչ կարգին լվացք ենք կարողանում անել, ոչ էլ որևէ այլ գործ», – ասաց շենքի մի այլ բնակիչ։

Այսօրվա պայմաններում, երբ ջրատաքացուցիչ կաթսաները և լվացքի մեքենաները այլևս շքեղություն չեն, այս մարդկանց համար դրանցով օգտվելը մնում է շատ ցանկալի, դժվարհասանելի և ժամանակավոր:

«Առաջին հարկից 4-րդ հարկ ջուր ենք բարձրացնում, հատկապես երբ լույս չենք ունենում անտանելի վիճակ է լինում: Մեծ ընտանիք ենք, կենցաղային բոլոր հարցերում ջուր է հարկավոր»,- ասաց շենքի բնակիչը։

«Ես առաջին հարկում եմ ապրում, բայց հենց հիմա էլ ջուր չունեմ, լվացքի մեքենան անգամ չի աշխատեցնում»,- ասաց շենքի մի այլ բնակիչ։

«Մենակ մեր շենքն է, որ դրսում ծորակ ունենք, նկուղից ենք հանել ու հատուկ խողովակով երկարացրել, որպեսզի ջուրը շենքի տակ չլցվի», – ավելացրեց հարևաններից մեկը։

Բնակիչների պատմելով, նման խնդիր ունեն իրենք և վերևի շենքերի (ճոպանի, կանատնի գործարանի) բնակիչները, քանի որ միևնույն ջրուղուց են օգտվում: Հարակից տարածքներում՝ հիվանդանոցում և նախկին զինվորական համար 15 ավանի շենքերում այդ խնդիրը չունեն:

«Գնացել ենք դիմել ենք, ասում են ժամանակ տվեք կնայենք, տեսնենք ինչն է պատճառը: Ասում են ջուրը չի հերիքում, բայց անցած տարի 4 ամիս ջուր ենք ունեցել, թե էլ ինչը չի հերիքում, չեմ հասկանում», – ասաց Աղմաշենեբելի №34 շենքի բնակիչ Ռազմիկը:

Ինչպես հասկացանք Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնում այս շենքերի խնդիրը լուծելու ուղղությամբ աշխատելու միտք չունեն:

«Ձմռանը ոչ միայն այդ շենքի, այլ բոլոր շենքերում էլ գոյություն ունի ջրի խնդիր, և առանց պոպմի ջուրը 4-րդ հարկ չի բարձրանում։ Իսկ այն, որ ասում են առաջին հարկում անգամ ջուր չկա, դա հնարավոր չէ, ջուր միշտ էլ կա, ուղակի համեմատաբար քիչ է քան մյուս եղանակներին։ Ձմռանը գյուղերում և սեփական տներում ջրերը բաց են թողնում, և դրա համար էլ ճնշումը իջնում է», – ասաց սպասարկման կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանը:

Այնուամենայնիվ Աղմաշենեբելի №43 շենքի մեր այցելության ժամանակ հասկացանք, որ բնակարանների ջրի ծորակներից ջուր հոսելը իրական հրաշք երևույթ է բնակիչների համար, որին այդպես էլ ականատես չեղանք, փոխարենը տեսանք շենքի մուտքի մոտ գտնվող ծորակը, որը նույնպես չէր գործում, ինչպես ասում են բնակիչները, սառել էր:

Ջուլիետա Տոնականյան