Ախալքալաքի մանկապարտեզներում նոր խմբերի բացումը, ինչպես նաև դաստիարակների և դայակների մրցույթը ձգձգվում է նոր խմբերում կահույքի բացակայության պատճառով:

Ախալքալաքի երեք մանկապարտեզներում դեռ նախորդ տարվա վերջ պետք է բացվեր հինգ նոր խումբ: №1 մանկապարտեզում բացվելու է մեկ խումբ, իսկ №2 և №3 մանկապարտեզներում երկուական խումբ:

Նոր խմբերի սենյակները վերանորոգված են, սակայն բացակայում է կահույքը` մահճակալներ, սեղաններ, աթոռներ, պահարաններ և այլն:

Դեռ անցյալ տարվանից շրջանի ղեկավարությունը գումար էր հատկացրել կահույք ձեռք բերելու համար: 2016 թ.-ին Շրջանային վարչությունում ասում էին, որ մտադիր են խմբերը բացել տարեվերջին, բայց հետո հետաձգեցին մինչև 2017 թվականի հունվար: Սակայն այդ խմբերը դեռևս բացված չեն: Կահույքի ձեռք բերման տենդեր-մրցույթ չի հայտարարվել, դաստիարակների և դայակների մրցույթ չի անցկացվել:

Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման պետական գնումների կայքում մանկապարտեզների կահույքի գնման տենդեր հայտարարվել էր 23.12.2016 թ.: Ինչի համար հատկացվել էր 20 486 լարի: Մասնակցել են չորս ընկերություններ: Աճուրդը հաղթել է Թբիլիսցի անհատ ձեռնարկատեր Գիորգի Էլիանին 11 999 լարի գումարի չափով, սակայն հետո որակազրկվել է տեխնիկական փաստաթղթերի պատճառով:

Անցյալ տարի հայտարարված տենդեր-մրցույթը համարվում է անվավեր, քանի որ, ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդական հարցերով ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովի, Միությունը այդ տենդերը հայտարարելու իրավունք չուներ:

«Մենք չգիտեինք, որ տենդեր-մրցույթ հայտարարելու համար անհրաժեշտ է թույլտվություն ձեռք բերել Թբիլիսիից: Այս տարի արդեն Մանկապարտեզների միությանը թույլատրվում է հայտարարել տենդեր-մրցույթ կահույքի գնման համար: Սա զուտ ձևական բնույթ է կրում, բայց քանի դեռ թույլտվություն չէինք ստացել, մենք իրավունք չունեինք հայտարարելու տենդեր-մրցույթ: Այժմ ամեն ինչ պատրաստ է », – ասաց Վալերի Ստելմաշովը:

Ըստ Վալերի Ստելմաշովի, օրերս արդեն կհայտարարեն կահույքի գնման տենդեր-մրցույթ:

Չի անցկացվել նաև դաստիարակների և դայակների ընտրությունը, ովքեր աշխատելու են նոր խմբերի հետ:

Հարկ է նշել, որ քաղաքում բոլորը անհամբեր սպասում են մրցույթին, ինչպես նաև նրան, թե ինչ չափանիշներով են ընտրելու աշխատակիցներին: Կոնկրետ չափանիշներ Շրջանային վարչությունում չեն հայտարարում: Թափուր աշխատատեղերի համար Ախալքալաքի Շրջանային վարչությունը ստացել է հարյուրավոր դիմումներ:

«Դա այնպիսի աշխատանք է, որ նրանք պետք է աշխատեն երեխաների հետ: Բացի դիպլոմից, նրանք դեռ պետք է կարողանան շփվել երեխաների հետ: Կան մարդիկ, ովքեր չունեն դիպլոմ, բայց նրանք ունեն մեծ փորձ, նրանք պրոֆեսիոնալներ են: Սակայն մյուս կողմից, եթե անձը ունի դիպլոմ, դրան նույնպես մենք չենք կարող նշանակություն չտալ », – ասում է Վալերի Ստելմաշովը:

Ախալքալաքի շրջանի Մանկապարտեզների միության տնօրեն Զարուհի Բարբարյանը մեր այն հարցին, թե ինչն է նոր խմբերի բացման ձգձգման պատճառը ու երբ նրանք վերջ ի վերջո կբացվեն, ասաց.

«Ես չեմ կարող ամսաթիվ ասել, չսխալվելու համար: Մենք նախատեսում էինք բացել հունվարին, չստացվեց », – ասաց Զարուհի Բարբարյանը:

Նոր խմբերի գործումից հետո կբացվի 15 աշխատատեղ:

Ախալքալաքի Շրջանային վարչությունում դեռ չգիտեն նաև, թե արդյոք նոր աշխատակիցներին ընտրելու է հանձնաժողովը, թե նրանք ընտրվելու են այլ մեթոդներով:

Շուշան Շիրինյան