Հարսանիքը Ջավախքում նշվում է առանձնահատուկ ճոխությամբ և շուքով։ Յուրահատուկ մի տոն` համեմված երգուպարով, ավանդական ծեսերով, արևմտյան սովորույթներով և իհարկե պերճախոս կենացներով։

Հարսանիքի օրը Ջավախքում…

Առավոտյան փեսայի ընտանիքը սեղան է բացում և դհոլ զուռնայի ուղեկցությամբ ազգի մեծերով հատուկ գնում է քավորի հետևից:

Քավորը հայկական հարսանիքի սրբությունն է, և նա պետք է ամեն արարողության ներկա լինի, առանց քավորի ներկայության՝ ոչ մի բան: Քավորին «իրավունք» է վերապահված հարսանիքի հրավիրել բոլոր նրանց, ում նպատակահարմար է գտնում: Հարսանիքի քավորի տանը կենաց են բարձրացնում օջախի համար, երգուպարով գալիս են փեսայի տուն և սպասում քողք բերողներին:

Քողք, այսինքն՝ փեսայի հագուստը և մրգերով լի սկուտեղ են բերում հարսի կողմի երիտասարդները: Նորափեսայի տան դիմաց պարացնում են այնքան ժամանակ, մինչև որ փեսայի կողմի երիտասարդները նվերի կամ փողի դիմաց պարեցնելով փոխանակում են քողքը և մտնում տուն: Տաշ-տուշ ուրախ գոռոցների ներքո ընկերներն ու աներորդին բացում են քողքը և հագցնում փեսայի հագուստը:

Մոտավոր 5-10 տարի առաջ Ջավախքում այս նույն ծեսը այլ ձև էին նշում: Քողքը բացում էին, շնորհավոր ասում, կոնֆետները շպրտում ջահելներին և սեղանի վրա բոլորի ներկայությամբ հագցնում փեսային: Այսօր արդեն փեսան միայնակ կամ մի երիտասարդի օգնությամբ է հագնվում:

Հնում քավորի կողմից մի երիտասարդ պարեցնելով գլխաշոր էր կապում փեսայի թևին, իսկ հիմա ժապավեն են կապում, որոշ գյուղերում և քաղաքում այս ավանդույթը կամաց-կամաց մոռացության է մատնվում: Փեսայի մյուս թևի գլխաշորը կապում են հարսի տանը, հիմնականում դա անում է երիտասարդ աղջիկ: Հարսանյաց սրահ մտնելուն պես երիտասարդ և ճարպիկ աղջիկները քանդում են փեսայի թևերին փաթաթած գլխաշորերը և իրենց վերցնում: Այնուհետև գնում են հարսի հետևից…

Մաղար՝ գնում են հարսի հետևից

Ջավախքյան հարսանիքի առանձնահատուկ մաս է կազմում մաղարի արարողությունը: Փեսայի կողմից հարսանիքի մասնակից երիտասարդները, քավորը և ազգի մեծերը գնում են հարսի հետևից, կամ ինչպես Ջավախքում են ասում՝ մաղար: Զարդարված մեքենաներով, տաշ-տուշ գոռալով, երգելով ու պարելով գնում են նորահարսի հետևից:

harsaniq1

Մաղարվորների առջև փակում են հարսի հայրական տան դռները: Հարսանիքի քավորն ու սկեսրայրը որոշ գումարի դիմաց համոզում են դռանը կանգնած երիտասարդներին բացել այն:

Ներսում արդեն քավորկինը նորահարսի քողն է անցկացնում, իսկ ներկաները երգում են՝ «ասենք շնորհավոր մեր նորահարսի շորերը»: Մինչ այդ հարսի կոշիկը թաքցրած են լինում, և քավորկինը վճարում է կոշիկի համար ու այն գնում հարսի հարազատներից: Կոշիկը հագցնում է հարսի եղբայրը: Հետո գալիս է փեսան` ծաղիկներով: Փեսան հարսին հասնելու համար պետք է որոշակի «արգելքներ» հաղթահարի: Հարսին պահած աղջիկը խոսեցնում է և փորձում փեսային շեղել, սակայն ի վերջո փեսան կարողանում է ինչ-որ գումարով կամ թանկարժեք նվերով համոզել աղջկան և հասնել հարսին:

Այնուհետև զույգին երաժշտության գեղեցիկ հնչյունների ներքո հրավիրում են սեղանի շուրջ, որտեղ կենացներ ու բարեմաղթանքներ են հնչում: Ի վերջո շնորհակալության խոսքեր պետք է ասեն նաև նորապսակները: Ի տարբերություն փեսայի, հարսը իր բաժակը փոխանցում է սկեսրայրին: Ըստ ավանդույթի սա խորհրդանշում է հարսի հեզ ու խոնարհ լինելը:

Բոլորը հավաքվում են սեղանի շուրջ. մեծերը խմում են ու շնորհավորում, իսկ հարսի մայրը գաթա, լավաշ, ափսե է տալիս երիտասարդներին:

Եվ նորից պարելով ու «տաշ-տուշ» գոռալով գնում են փեսայի տուն: Տան մուտքի մոտ բոլորը շուրջպար են բռնում: Սկեսուրը գալիս է կոնյակով, մրգերով ու անուշեղենով լի սինիով: Ջահելներից մեկը վերցնում է կոնյակը, փոխարենը սինիի մեջ փող է դնում: Փեսայի մայրը լավաշ է գցում տղայի և աղջկա ուսերին և մեղր ուտեցնում, որպեսզի նորապսակները քաղցր ու համերաշխ ապրեն:

Հետո քավորկինն ափսեներ է դնում հարսնատան դռան շեմին, որպեսզի հարսն ու փեսան ջարդեն: Եվ ըստ սովորույթի, եթե երկու ափսեներն էլ ջարդում է փեսան, ապա դա նշանակում է, որ համատեղ կյանքում իշխելու է տղան, իսկ եթե հարսը` իշխելու է աղջիկը: Բայց եթե ամեն մեկը կջարդի իր ափսեն, ապա համատեղ կյանքում կունենան հավասար իրավունքներ:

Դրանից հետո սկսվում է քեֆը արդեն հարսանյաց սրահում, հնչում է հարսանեկան երաժշտություն, երիտասարդները խորովածի շշերը պարացնելով ներս են բերում և երգում. «Խորովածը շատ լավ բան է…»: Մինչև քավորը խորովածի համար փող չի տալիս, խորովածը չեն տալիս քավորին: Եվ հնչում է հարսանեկան ուրախ երգն ու երաժշտությունը:

harsaniq

Հետաքրքիր մի փաստ ևս. եթե նախկինում Ջավախքում հարսանիքներին շաբաշ «փող» էին տալիս նորահարսին ու հարսանիքի մասնակից կանանց ու աղջիկներին: Իսկ մնացածները նստած նայում էին, թե մյուսներն ինչպես են պարում: Այսօր պատկերն այլ է. Նորահարսը պարում է, հատուկ սովորած «հարսի պարը», իսկ տղամարդիկ միայն այդ ժամանակ են հարսին ձեռքը փող տալիս:

Ուշադրության է արժանի նաև այն, որ ըստ ջավախքյան ավանդույթի` տղամարդիկ և կանայք պետք է առանձին նստեին, այսօր էլ այն որոշ գյուղերում լրիվությամբ պահպանվում է, իսկ որոշներում արդեն խառն են նստում: Մեկ այլ բավականին հին ծեսերից է ցլի զոհաբերությունը, կամ ինչպես ջավախքցիներն են ասում՝ մալ մորթոցը, որն այժմ շատ հազվադեպ է հանդիպում մեզանում։

Հնում հարսանիքի համար փեսայի ընտանիքը հատուկ մսացու է պահում-մեծացնում: Մալ (անասուն) մորթոցի օրը, սովորության համաձայն, կով և խոզ են մորթում: Հավաքվում են տղայի բարեկամները և սեղան գցում: Հրավիրում են նորահարսին, նրա հորն ու եղբորը և դհոլ զուռնայի ուղեկցությամբ բռնում հայկական քոչարին: Մսացուն մորթողին տղայի հայրը փող է տալիս` այն դնելով կովի գլխին: Այնքան ժամանակ կովը չեն մորթի, մինչեւ փողը չդրվի կովի գլխին: Եվ այսպես, պատրաստ է հարսանիքի միսը: Սակայն այս արարողությունն այսօր կարելի է տեսնել շատ հազվադեպ:

harsaniq2

Ջավախքյան հարսանիքի այսպես ասած կարևոր բաղադրիչներից են ազաբ բաշիները, այսինքն հարսի ու փեսայի կողմից մի չամուսնացած աղջիկ ու տղա ամբողջ հարսանիքի ընթացքում ուղեկցում են զույգին:

Մերօրյա ջավախքյան հարսանիքը ձերբազատվել է շատ մանրամասներից, դարձել նոր ընտանիքի ստեղծման սովորական տոնակատարություն՝ պահպանելով, սակայն որոշ ավանդույթներ։ Ի հայտ են եկել այժմյան կենսապայմաններին ու մտածողությանը համապատասխանող մի շարք նորամուծություններ (ամուսնության շքեղ դահլիճներում, ամուսնության գրանցում և այլն), վերականգնվում է պսակի արարողությունը եկեղեցում։

Եվ այսօր Ջավախքում հարսանիքը համարվում է ավանդական այնքանով, որքանով կոնկրետ տվյալ ընտանիքը շարունակում է պահպանել նահապետական կարգը։ Ինչքան էլ մեր պապերից ավանդած հարսանեկան ավանդույթները գնալով ավելի քիչ են պահպանվում, միևնույն է ջավախքյան հարսանիքը շարունակում է պահպանողական մնալ:

Աղունիկ Այվազյան